Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մոդուլն այսուհետ կընդգրկվի ՀՀ մարզերի դպրոցների ուսումնական ծրագրում

14 Հունիս 2024
Երեխաները կարուսելի վրա
UNICEF Armenia/2024/Martirosyan

 «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոր ուսումնական մոդուլ են մշակել դպրոցների համար, որը կօգնի բարձրացնել աշակերտների իրազեկությունը պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում:

«ՀՀ սահմանամերձ համայնքներում առկա ականներով և պայթուցիկ զինամթերքներով աղտոտված տարածքներն անմիջական վտանգ են ներկայացնում տեղի բնակչության կյանքի և առողջության համար՝ խոչընդոտելով բնականոն կենսագործունեության և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը: Հատկապես վտանգված են այդ համայնքներում բնակվող երեխաները` պայթուցիկ զինամթերքների մասին իրենց բնորոշ հետաքրքրասիրության պատճառով»,- նշել է «ՀԱՓԿ»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը: «Անվտանգության կանոնների մասին ցածր իրազեկվածությունը, ոչ ճիշտ վարքագծի դրսևորումը, չմտածված ռիսկային քայլերը, հավանական և իրական սպառնալիքներ են հանդիսանում և, հետևաբար, հանգեցնում են դժբախտ պատահարների: Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման (ՊԶՎԻ) ներառումը դպրոցական համակարգում և ուսումնական ծրագրում ռազմավարություն է, որի նպատակն է կրթել մեծ թվով երեխաների և երիտասարդների՝ ապահովելով երկարաժամկետ ազդեցություն և նպաստելով անվտանգ վարքագծի ձևավորմանը նրանց շրջանում»։  

2023 թվականի դեկտեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու «ՀԱՓԿ»-ը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, հատուկ փորձագետների աշխատանքային խումբ ձևավորեցին՝ դպրոցների ուսուցիչների համար անվտանգ վարքագծի կանոնների ուսուցման մեթոդաբանություն և մանկավարժների համար հատուկ ուղեցույց մշակելու համար։ 2024 թվականի գարնանը «ՀԱՓԿ» հրահանգիչները Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի 48 մանկավարժների համար կազմակերպեցին «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստում» թեմայով դասընթաց, որի արդյունքում ուսուցիչները «ՀԱՓԿ» կողմից հավաստագրվեցին և այսուհետ կարող են իրենց դպրոցներում անցկացնել ՊԶՎԻ դասընթացներ։

«Բնակավայրերում պայթուցիկ զինամթերքի առկայությունն իրական վտանգ է ներկայացնում երեխաների անվտանգության, կրթության և առողջության իրավունքների տեսանկյունից: Պայթյուններից փրկված անձինք, այդ թվում նրանք, ովքեր ֆիզիկական վնասվածքներ չեն ստացել, հաճախ տարատեսակ հոգեբանական տրավմաներ են ունենում ուղեկցվող խանգարումներով, ինչպիսիք են մշտական վախը, ծանր սթրեսը, քնելու խանգարումները կամ կենտրոնանալու դժվարությունը: Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման ուսուցումը կարևոր միջոց է՝ հնարավոր զոհերը կանխելու, ինչպես նաև երեխաների և դեռահասների շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու համար, ովքեր առավել խոցելի են համապատասխան գիտելիքների պակասի և բնական հետաքրքրասիրության պատճառով»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ապավինելով պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասին միջազգային իր փորձին, հանձնառու է շարունակելու աջակցությունը տեղական կարողությունների ամրապնդմանը և խրախուսելու համապատասխան մոդուլների ընդգրկումը ուսուցիչների և երեխաների հետ աշխատող այլ մասնագետների նախնական և ընթացիկ վերապատրաստման ուսումնական ծրագրերում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև պատրաստակամ է աջակցելու ՊԶՎԻ-ի գործողությունների ընդլայնմանը՝ նպատակ ունենալով ապահովել իրազեկվածություն երկրի ողջ տարածքում՝ բնակչության, հատկապես՝ երեխաների, դեռահասների և նրանց խնամակալների շրջանում:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: