ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանի նոր Միջգործակալական արձագանքման ծրագրին, որն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց և Հայաստանում ընդունող համայնքներին

03 Փետրվար 2021
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցը զրուցում է Ջերմուկի կաղարաններից մեկում ապաստանած փոքրիկ տղայի հետ։
UNICEF Armenia/2020/Galstyan

Փետրվարի 3 2021 թ, Երևան – ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակայքում վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար: Այս միջոցներն անմիջապես կաջակցեն նախորդ շաբաթ հրապարակված Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին, որում ներկայացված են ՄԱԿ-ի և հումանիտար գործընկերների ռեսուրսների կարիքները`տեղահանված և ընդունող համայնքների առաջնային կարիքները բավարարելու համար:

Անցած տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած վեց շաբաթյա մարտերն ավարտվեցին նոյեմբերի 9-ին՝ հրադադարի եռակողմ համաձայնագրով, այն բանից հետո, երբ ավելի քան 90,000 մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, տեղահանվել էին Հայաստան:

«ՄԱԿ-ը աջակցել է իրենց տները հարկադիր լքած մարդկանց հակամարտության հենց սկզբից և կշարունակի աջակցել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ խոցելի կմնան», - ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: ՄԱԿ-ը հավատարիմ է աջակցելու և պաշտպանելու իր պարտավորվածությանը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած կանանց, տղամարդկանց, աղջիկներին և տղաներին, ովքեր տուժել են հակամարտությունից:

ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի (CERF) կողմից ֆինանսավորումը կօգնի առաջնահերթ օգնություն տրամադրել փախստականների նման կարգավիճակում գտնվող անձանց և ընդունող համայնքներին: ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության միջոցով տրամադրվող աջակցությունը կապահովի, որ բոլոր խոցելի խմբերին, հատկապես՝ երեխաներին, հասանելի լինեն այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են դպրոցները, սոցիալ-հոգեբանական աջակցությունն ու առողջապահական առաջնային ծառայությունները, ինչպես նաև՝ ձմեռելու համար անհրաժեշտ ապաստարաններն ու ոչ պարենային ապրանքները: Աջակցման տրամադրման ժամանակ առաջնահերթություն կտրվի կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց:

Ծրագիրը ընդլայնում է հակամարտության հենց սկզբից տրամադրվող աջակցությունը: 2020 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33,330 ոչ պարենային ապրանք, այդ թվում՝ անկողնային իրեր, սրբիչներ, հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր, 1,000 ծալովի մահճակալ, սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել կանանց և երեխաներին, ինչպես նաև՝ վճարել են ապաստարանի դեր կատարած 64 օբյեկտի կոմունալ ծախսերը: Աջակցություն է ցուցաբերվել նաև 11,500 երեխայի, ովքեր ներկայում սովորում են Հայաստանի նախակրթարաններում և դպրոցներում:

Բացի այդ, մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ, յուրաքանչյուր ամիս հարյուրավոր տոննա պարենային օգնություն է տրամադրվում շուրջ 18,000 մարդու:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը հրապարակել է Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիրը (https://bit.ly/36xLKrk) նախորդ շաբաթ՝ Մշտական համակարգողի և ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի ղեկավարությամբ, և գործընկեր ՀԿ-ների հետ միասին: Արձագանքման պլանը ներառում է 36 մարդասիրական գործընկեր և 188 նախագիծ` վեց հիմնական ոլորտներում անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար (պաշտպանություն, այդ թվում՝ երեխաների պաշտպանություն; կրթություն; ապաստան և ոչ պարենային ապրանքներ; սննդի անվտանգություն և սնուցում; առողջապահություն և վաղ վերականգնում):

ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի (CERF) կողմից ֆինանսավորման շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրթական և ուսուցողական պարագաներ կտրամադրի Լեռնային Ղարաբաղից ժամանած և Հայաստանի համայնքներում հաստատված երեխաներին, ինչպես նաև կստեղծի ժամանակավոր կրթական կենտրոններ, որպեսզի երեխաները շարունակեն կրթություն ստանալ։ Գործընկերների հետ համատեղ մենք պատերազմի պայթուցիկ մնացուկներից պաշտպանության վերաբերյալ վերապատրաստումներ կկազմակերպենք, ինչպես նաև երիտասարդներին կյանքի պաշտպանության հմտություններով կզինենք։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի հոգեբանական աջակցություն տրամադրել, իսկ հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների համար առանձնահատուկ արձագանքում կկազմակերպվի։ Կառավարության հետ համատեղ՝ կառավարական ծրագրերի շրջանակում դրամական աջակցություն կտրամադրվի ընտանիքներին, որպեսզի նրանք անձամբ կարողանան արժանապատվորեն օգտվել մի շարք ծառայություններից՝ առողջապահական ծառայություն, վերականգնողական ծառայություններ, տրանսպորտային կամ երեխայի խնամքի ծառայություններ։

***

Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի հրապարակման մամուլի հաղորդագրությունը հասանելի է այստեղ:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: