Երեխաների մատչելի և որակյալ խնամքը հասանելի չէ աշխարհի նույնիսկ ամենահարուստ երկրներից շատերում. ՅՈՒՆԻՍԵՖ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Իսլանդիան, Նորվեգիան և Գերմանիան երեխայի խնամքի ապահովման առումով առաջին հորիզոնականներն են զբաղեցնում ՏՀԶԿ և ԵՄ 41 երկրների շարքում:

16 Հունիս 2021
Երեք երեխա նստած են մանկապարտեզի նստարանին ու շրջված ուշադիր նայում են:
UNICEF Armenia/2018/Osipova

«Ինոչենտի» / Նյու Յորք, 16-ը հունիսի 2021թ. – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր հրապարակված զեկույցի, Երեխաների մատչելի և որակյալ խնամքը հասանելի չէ աշխարհի մի շարք ամենահարուստ երկրներում:
 
Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Իսլանդիան, Նորվեգիան և Գերմանիան երեխայի խնամքի ապահովման առումով առաջին հորիզոնականներն են զբաղեցնում բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում: Մինչդեռ Միացյալ Նահանգները, Սլովակիան, Ավստրալիան, Կիպրոսը և Շվեյցարիան հայտնվել են ցածր հորիզոնականներում:
 
«Որ հորիզոնականներն են զբաղեցնում հարուստ երկրները երեխայի խնամքի ոլորտում» հետազոտությունը, հրապարակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Ինոչենտի» հետազոտությունների կենտրոնի կողմից, գնահատել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Եվրոպական Միության (ԵՄ) երկրներին՝ հիմնվելով վերջիններիս երեխայի խնամքի և ծնողական արձակուրդի քաղաքականության վրա։ Այս քաղաքականությունը ներառում է նորածնից մինչև դպրոցական տարիքի երեխաների խնամքի հասանելիությունը, մատչելիությունը և որակը:
 
«Երեխաների համար կյանքի լավագույն սկիզբ ապահովելու նպատակով՝ մենք պետք է օգնենք ծնողներին կերտել հոգատար և սիրով լի միջավայր, որն այդքան կարևոր է երեխաների ուսման, հոգեկան բարեկեցության և սոցիալական զարգացման համար», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Կառավարության ներդրումը հօգուտ ընտանիքամետ քաղաքականության և երեխաների խնամքի, երաշխավորում է, որ ծնողներն ունենան անհրաժեշտ ժամանակ, ռեսուրսներ և ծառայություններ՝ իրենց երեխաներին զարգացման յուրաքանչյուր փուլում աջակցելու համար»:
 
«Ինոչենտի»-ի հետազոտության աղյուսակի ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրները համատեղում են երեխաների կազմակերպված խնամքի որակը մատչելիության հետ: Միևնույն ժամանակ, նրանք առաջարկում են երկար և բարձր վարձատրվող արձակուրդ և՛ մայրերին, և՛ հայրերին՝ տալով նրանց ընտրություն, թե ինչպես հոգ տանել իրենց երեխաների մասին: Նախածննդյան մայրական և հայրական վճարովի արձակուրդը ծնողներին հնարավորություն է տալիս մտերմանալ իրենց նորածինների հետ, նպաստում է երեխաների առողջ զարգացմանը, նվազեցնում է հետծննդաբերական դեպրեսիան և նպաստում գենդերային հավասարությանը:
 
Այնուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ ուսումնասիրված երկրների գրեթե կեսն է տրամադրում 32 շաբաթ մայրական արձակուրդ՝ ամբողջական դրույքին համապատասխան աշխատավարձով: Իսկ երբ հայրական արձակուրդ է առաջարկվում, որը միշտ էապես ավելի կարճ է, հայրերից քչերն են դրանից օգտվում՝ ելնելով մասնագիտական և մշակութային խոչընդոտներից։ Սակայն այդ տենդենցն արդեն փոխվում է:
 
Թեև բարձ վարձատրվող արձակուրդն օգնում է ծնողներին երեխայի կյանքի սկզբնական շրջանում, երբ ավարտվում է այս աջակցությունը, և ծնողները պատրաստ են վերադառնալ աշխատանքի, երեխայի խնամքի ծառայությունները կարող են օգնել հավասարակշռել իրենց երեխաների խնամքը վարձատրվող աշխատանքի հետ՝ միևնույն ժամանակ չզրկելով նրանց անձնական բարեկեցությունից: Այնուամենայիվ, վճարովի արձակուրդը հազվադեպ է համընկնում երեխայի մատչելի խնամքի ծառայություններից օգտվելու հնարավորության հետ, որը մի շարք խոչընդոտներ է ստեղծում ընտանիքների համար:
 
Երեխաների համար նախատեսված մատչելի խնամքի միջոցների բացակայությունը առանցքային խոչընդոտ է ծնողների համար, ինչն էլ իր հերթին խորացնում է երկրում սոցիալ-տնտեսական անհավասարությունը։ Բարձր եկամուտ ունեցող ընտանիքներում մինչև 3 տարեկան երեխաների գրեթե կեսը հաճախում է կրթական կամ խնամքի կենտրոններ վաղ տարիքից, իսկ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում՝ 3 երեխայից միայն մեկը։
 
Իռլանդիայում, Նոր Զելանդիայում և Շվեյցարիայում միջին եկամուտ ունեցող զույգը պետք է ծախսի իրենցից մեկի եկամուտի գրեթե մեկ երրորը, որ վճարի երկու երեխաների խնամքի համար։ Չնայած հարուստ երկրների մեծ մասը մեծապես սուբսիդավորում է անապահով ընտանիքների երեխաների խնամքը, Սլովակիայում, Կիպրոսում և ԱՄՆ-ում ցածր եկամուտ ունեցող միայնակ ծնողները ստիպված են վճարել ընդհուպ մինչև իրենց եկամուտի կեսը:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ է տալիս, որ ծնողներին հասանելի լինեն առնվազն վեց ամիս ծնողական վճարովի արձակուրդ և երեխաների որակյալ, մատչելի խնամքի ծառայություններ՝ ծննդյան օրվանից մինչև առաջին դասարան: Մենք համագործակցում ենք կառավարությունների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի հետ՝ հօգուտ ընտանիքների աջակցության ուղղությամբ ավելի մեծ ներդրումների:
 
Հետազոտության համառոտագիրը ուղղորդում է, թե ինչպես կառավարությունները և մասնավոր հատվածը կարող են բարելավել երեխայի խնամքի և ծնողական արձակուրդի քաղաքականությունը, ներառյալ՝

  • Նախածննդյան շրջանում և երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում մայրերի և հայրերի համար վճարովի մայրության, հայրության և ծնողական արձակուրդների համատեղում։
  • Ծնողական արձակուրդ, որը հիմնված է գենդերային հավասարության վրա՝ ապահովելով, որ ծնողներից ոչ մեկը ծանրաբեռնված չլինի տնային գործերով:
  • Արձակուրդ, որը հասանելի է և լրիվ դրույքով աշխատողների և ոչ ստանդարտ աշխատանքում ներգրավված աշխատողների համար, ինչպիսիք են կես դրույքով աշխատողները, ինչպես նաև աջակցություն ծննդյան և ծնողական խնամքի հետ կապված ծախսերը կյանքի այլ հանգամանքներում հայտնված աձանց համար, ինչպիսիք են չապահովագրված անձինք:
  • Երեխաների մատչելի խնամք, որը սկսվում է ծնողական արձակուրդի վերջում, այնպես որ բացեր չառաջանան:
  • Հասանելի, ճկուն և մատչելի որակյալ խնամք, որը հասանելի է բոլոր երեխաների համար՝ անկախ ընտանեկան հանգամանքներից.
  • Պետության կողմից տրամադրվող և կարգավորվող երեխայի խնամք, որը հասանելի կդարձնի այդ ծառայությունները ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար և կապահովի չափորոշիչների իրականացումը:
  • Ներդրումներ հօգուտ երեխաների խնամքով զբաղվող աշխատուժի, նրանց որակավորման և աշխատանքային պայմանների` ապահովելու հնարավոր ամենաբարձր չափանիշները.
  • Գործատուների խրախուսում՝ տրամադրելու գենդերազգայուն և ներառական վճարովի արձակուրդի իրավունք, աշխատանքային ճկուն գրաֆիկ և երեխայի խնամքի աջակցության համակարգ:

Երեխայի խնամքի ծառայությունների համապատասխանեցումը ընտանեկան խնամքի այլ քաղաքականությունների հետ, ինչպիսիք են երեխաների համընդհանուր նպաստները, ինչը կնվազեցվի արդեն գոյություն ունեցող անհավասարությունների կրկնօրինակման ռիսկը։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար ավելի քան 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: 

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հետևե՛ք մեզ  FacebookTwitterInstagram և YouTube սոցիալական հարթակներում: