Ինչպես երեխային սովորեցնել գիշերանոթին

«Ծնողական ժողովի» տաղավարում այս անգամ հավաքված ծնողների փորձը ցույց է տալիս, որ գրեթե բոլորն էլ այս շրջանում նմանատիպ խնդիրների են բախվել կամ բախվում։

ՅՈՒՆԻՍԵՖ, Առաջին ալիք
Մայրը գրկել է նորածնին:
UNICEF Armenia/2022/Galstyan
09 Ապրիլ 2026

Երեխայի մեծանալու յուրաքանչյուր քայլը՝ առաջին ատամիկից մինչև առաջին բառը, ծնողների համար սպասված իրադարձություն է։ Սակայն կա մի փուլ, որը հաճախ լարվածության առիթ է դառնում. երեխային տակդիրից «կտրելու» և գիշերանոթին վարժեցնելու ընթացքը միշտ չէ, որ սահուն ու հանգիստ է ընթանում:

«Ծնողական ժողովի» տաղավարում այս անգամ հավաքված ծնողների փորձը ցույց է տալիս, որ գրեթե բոլորն էլ այս շրջանում նմանատիպ խնդիրների են բախվել կամ բախվում։ Շատերը խոստովանում են, որ առաջին փորձերը հաճախ ձախողվում են շտապողականության պատճառով։ Երբ տրվում են շրջապատի ճնշմանը կամ համեմատում երեխային հասակակիցների հետ, ստեղծում են լարված միջավայր, որտեղ թե՛ ծնողը, թե՛ երեխան սկսում են հոգնել ու նյարդայնանալ։ Մայրիկները փաստում են՝ ամենահաջողված փորձերը սկսվել են այն ժամանակ, երբ նրանք դադարել են շտապել և սկսել են շարժվել երեխայի թելադրած տեմպով։

Այս լարվածությունը հաղթահարելու առաջին քայլը սխալ պատկերացումներից ձերբազատվելն է։

Միֆ և իրականություն

  • Միֆ: Ինչքան շուտ սկսենք, այնքան հեշտ կլինի։ Իրականություն: Ժամանակից շուտ ստիպելը կարող է հանգեցնել հոգեբանական վախերի և ավելի երկարաձգել գործընթացը։
  • Միֆ: Գունագեղ ու ձայներ արձակող գիշերանոթներն ավելի արդյունավետ են։ 

    Իրականություն: Գիշերանոթը պետք է լինի հնարավորինս պարզ, որպեսզի երեխան կենտրոնանա բնական կարիքը հոգալու, այլ ոչ թե խաղի վրա։

  • Միֆ: Հաջողության համար պետք է տալ նյութական պարգևներ։ 

    Իրականություն: Կաշառքը սխալ մոտեցում է. երեխան պետք է սովորի զգալ իր մարմնի ազդակները, այլ ոչ թե սպասել հերթական նվերին։

Ստուգաթերթիկ

Որպեսզի ծնողը հստակ հասկանա՝ արդյո՞ք պահը հասունացել է, մանկաբույժ Աիդա Պապիկյանի հետ առաջարկում ենք ստուգել պատրաստվածությունը չորս հիմնական ոլորտներում.

  1. Ֆիզիոլոգիական. Երեխան կարողանում է ցերեկը 1.5-ից 2 ժամ չոր մնալ, իսկ նրա վարքագիծը փոխվում է (լարվում է կամ կանգ առնում), երբ զգում է կարիքը։
  2. Շարժողական. Փոքրիկը կարողանում է կայուն նստել, ինքնուրույն վեր կենալ և փորձում է մասնակցել հագուստը հանելու պրոցեսին։
  3. Ճանաչողական. Հասկանում է պարզ հրահանգներ («արի նստենք») և տարբերում է թացի ու չորի զգացողությունը։
  4. Հոգեբանական. Երեխան չի վախենում գիշերանոթից և պատրաստակամ է համագործակցելու՝ առանց կտրուկ դիմադրության։

Եթե այս կետերը առկա են, կարող եք անցնել գործողությունների.

  • Համբերություն. Զինվեք հանգստությամբ։ Եթե երեխան դիմադրում է, մի՛ ստիպեք, վերցրեք դադար և կրկին փորձեք մի քանի շաբաթ անց:
  • Հարմարավետություն. Ընտրեք հեշտ հանվող հագուստ։
  • Խրախուսանք. Գովեք երեխային ամեն հաջողված քայլի համար ջերմ խոսքով կամ գրկախառնությամբ։
  • Բացառեք պատիժը. Երբեք մի՛ պատժեք անհաջողության համար։ Դա սովորելու բնական մասն է, իսկ պատիժը միայն կխորացնի տագնապը։

Գիշերանոթի թեման միայն հիգիենայի մասին չէ. այն նաև երեխայի և ծնողի միջև վստահության մասին է։ Երեխաները չեն ապրում մեր կամ բժիշկների սահմանած ժամկետներով։ Նրանք առաջ են շարժվում այն պահին, երբ պատրաստ են։ Կլինեն թաց օրեր և դժվար պահեր, բայց դա ձախողում չէ, այլ բնական ընթացք։ Կարևորն այն է, որ այդ պահերին երեխան զգա ձեր աջակցությունը։ 

Գիշերամիզություն (էնուրեզ)

Հաղորդման շրջանակում գիշերամիզության թեմայի շուրջ զրուցել ենք մանկաբույժ-նեֆրոլոգ Ազատուհի Աշոտյանի հետ, ով նշում է, որ այս խնդիրը տարածված է: Շատ ընտանիքներ բախվում են դրան, սակայն հաճախ լռում են կամ սխալ են ընկալում պատճառները։

Մասնագետի խոսքով՝ գիշերամիզությունը շատ դեպքերում կապված է երեխայի օրգանիզմի զարգացման առանձնահատկությունների հետ և չի հանդիսանում «վատ վարք» կամ «անուշադրություն» երեխայի կողմից։ Այն կարող է պայմանավորված լինել նյարդային համակարգի ոչ լիարժեք հասունացմամբ, խոր քնով, ինչպես նաև հուզական գործոններով՝ օրինակ սթրեսով կամ կյանքի փոփոխություններով։

Միևնույն ժամանակ, մասնագետը շեշտում է, որ ծնողների արձագանքը այս իրավիճակում վճռորոշ է։ Երեխային մեղադրելը, ամոթի զգացում առաջացնելը կամ պատժելը կարող են միայն խորացնել խնդիրը և ազդել երեխայի ինքնագնահատականի վրա։

Եթե խնդիրը շարունակվում է երկար ժամանակ կամ ուղեկցվում է այլ ախտանշաններով, կարևոր է դիմել համապատասխան մասնագետի՝ պատճառները հասկանալու և ճիշտ մոտեցում ընտրելու համար։

Դիտե՛ք ամբողջական թողարկումը ստորև

Embedded video follows
ՅՈՒՆԻՍԵՖ, Առաջին ալիք