Հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը Հայաստանում
Հաշմանդամություն ունեցող երեխաների ամենօրյա կյանքի երեք հիմնական կողմերը՝ ինստիտուցիոնալացում, կրթություն և մասնակցություն:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Ստորագրելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» (ՀՈՒԱԻ) ՄԱԿ-ի կոնվենցիան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորություն է ստանձնել աջակցել, պաշտպանել և ապահովել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք կիրառումը հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար: Կոնվենցիան ոչ միայն հաստատում է հաշմանդամության սոցիալական մոդելը, այլև այն նոր մակարդակի վրա է դնում՝ «հստակ ճանաչելով հաշմանդամությունը որպես մարդու իրավունքների խնդիր: Այս տեսանկյունից սոցիալական, իրավական, տնտեսական, քաղաքական և միջավայրային պայմանները, որոնք խոչընդոտում են հաշմանդամություն ունեցողներին՝ լիովին իրացնել իրենց իրավունքները, պետք է հայտնաբերվեն և հաղթահարվեն»: Ուստի Կոնվենցիան չի խրախուսում բարեգործական մոտեցումները, համաձայն որոնց հաշմանդամություն ունեցող երեխաները հանդես են գալիս որպես պասիվ խնամք և պաշտպանություն ստացողներ, փոխարենը պահանջում է ճանաչել յուրաքանչյուր երեխային որպես ընտանիքի, համայնքի և հասարակության լիիրավ անդամ:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած ընդհանուր առմամբ հանդուրժողական մոտեցում կա հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակության մեջ ներգրավելու և ընդհանուր կրթական հաստատություններում ընդգրկելու գաղափարի հանդեպ, հանդուրժողա-կանության աստիճանը կախված է հաշմանդամության տեսակից՝ ֆիզիկական, թե մտավոր:
Հարցվածների գերակշիռ մասը կարծում է, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխան պետք է ներգրավված լինի հասարակության մեջ: Սակայն այս ցուցանիշը նշանակալիորեն նվազում է մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում: Այս դեպքում հարցվածների մոտ մեկ երրորդը կարծում է, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է հասարակությունից առանձնացվեն:
Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է հաճախեն հանրակրթական, թե՞ հատուկ դպրոց. այս հարցի շուրջ կարծիքները կիսվել են: Ինչ վերաբերվում է մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներին` հարցվածների մեծ մասը (87 տոկոս) կարծում է, որ նրանք պետք է հաճախեն հատուկ դպրոց:
Կարևոր միտումներ
Ամենաորոշիչ գործոնները, որոնք մեծ ազդեցություն ունեն հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքի վրա, հարցվածների տարիքը, կրթության աստիճանը և բնակության վայրն են (քաղաք/գյուղ): Զարմանալիորեն՝ մեծ տարբերություն չկա պատասխանների մեջ՝ ըստ հարցվածի սեռի:
Տարիքը հակադարձ համեմատական է ընկալունակության և հանդուրժողականության մակարդակի հետ: Հարցվածների ավելի երիտասարդ մասն ավելի համամիտ են հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակությունում, համայնքում և դպրոցում ներգրավելուն՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր հաշմանդամության դեպքում: Նրանք նաև բաց են այն գաղափարի հանդեպ, որ իրենց երեխայի դասարանում կարող է լինել հաշմանդամություն ունեցող աշակերտ: Սա դրական միտում է, որը ցույց է տալիս նոր սերնդի բաց լինելը և ազդանշան է, որ սոցիալական փոփոխության համար հիմք կա:
Որքան բարձր է կրթության աստիճանը՝ այնքան հարցվածն ավելի ընդունելի է համարում ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխայի ներառումն ու ներգրավումը: Մտավոր հաշմանդամության պատկերը հակառակն է՝ որքան բարձր է հարցվածի կրթության աստիճանը, այնքան ավելի քիչ է նա կարծում, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է ներգրավված լինեն հասարակության մեջ:
Ամենամեծ քաղաք/գյուղ տարբերությունը երեխաներին մանկատուն հանձնելն ընդունելի համարելու հարցն է: Ե՛վ մտավոր, և՛ ֆիզիկական հաշմանդամության դեպքում գյուղաբնակ հարցվածները քաղաքաբնակներից ավելի ընդունելի են համարում, որ ծնողներն իրենց երեխային հանձնեն մանկատան խնամքին:
Զեկույցում նշված տվյալները կարող են օգտագործվել ոչ միայն հանրային ուղերձներ մշակելու, այլև հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառումը խթանելու և նրանց իրավունքները պաշտպանելու մարտավարության ու ծրագրերի մշակման համար:
Ներբեռնի՛ր ամբողջ զեկույցը տվյալներին ծանոթանալու համար: