Լոգոպեդիան գործնականում
Լոգոպեդների վերապատրաստման ուսումնամեթոդական ձեռնարկ
Կարևոր ակնարկներ
Խոսքի խանգարումները բացասաբար են անդրադառնում անձի զարգացման վրա և դժվարացնում, երբեմն էլ անհնար են դարձնում շփումն ու հաղորդակցումը: Խոսքի և հաղորդակցման դժվարությունները կարող են ազդել երեխաների ուսումնական գործունեության արդյունավետության, ուսման մեջ առաջադիմության, անձի սոցիալականացման, հետագայում՝ մասնագիտության ընտրության և մասնագիտական գործունեության վրա: Խոսքի խանգարումները կարող են դրսևորվել և՛ որպես զարգացման բազմազան խանգարումների հետևանք, և՛ որպես առանձին, առաջնային խանգարում:
Պետական մանկավարժական համալսարանի կողմից պատրաստված այս ձեռնարկի հեղինակները, կարևորելով մասնագետներին արդի գիտելիքներով զինելու անհրաժեշտությունը, մշակել են լոգոպեդների վերապատրաստման ուսումնամեթոդական ձեռնարկ։ Այն պարունակում է որոշակի տեսական տեղեկատվություն, սակայն հիմնականում գործնական է: Նրանում հեղինակները կենտրոնացել են խոսքի խանգարումների զանազան դրսևորումների հաղթահարման վրա։ Փաթեթը յուրօրինակ է, քանի որ լոգոպեդական աշխատանքը ներկայացված է ոչ թե ըստ խոսքի խանգարումների, այլ ըստ լոգոպեդական աշխատանքի ուղղությունների:
Լոգոպեդները կարող են ծանոթանալ հնչարտասանության, հնչութային գործընթացների, գրավոր խոսքի խանգարումների, հաղորդակցման դժվարությունների հաղթահարման, խոսքի տեմպի ու ռիթմի կարգավորման, ձայնի ու շնչառության զարգացման, խոսքի ձևավորման խթանման, բառապաշարի հարստացման, խոսքի քերականական կողմի բարելավման մեթոդների ու միջոցների հետ։
«Լոգոպեդիան գործնականում» ձեռնարկը ստեղծված է բարելավելու լոգոպեդների մասնագիտական կոմպետենցիան և բարձրացնելու նրանց աշխատանքի որակը։
