Տաթևը երազում է ստեղծել հայկական տեսախաղ, որը ճանաչելի կլինի ամբողջ աշխարհում

«Gamechangers. Girls for Girls» նախաձեռնության մասնակից աղջիկները խաղերի միջոցով բացահայտում են STEM ոլորտը։

Լուսինե Ղարիբյան
Participants in the Gamechangers: Girls for Girls programme discover STEM through video games.
UNICEF Armenia/2023/Ginosyan
05 Մարտ 2024

 

«Էլի՞, բայց կհասցնե՞ս»,- ամեն անգամ անհանգիստ հարցնում են Տաթևի ծնողները, երբ 16-ամյա աղջիկը հերթական ծրագրին մասնակցելու հայտն է լրացնում։ «Ոչինչ, մի բան կանեմ»,-պատասխանում է։

Տաթև Ամիրաղյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից է։ Նոր բաներ սովորելու,  տարբեր մարդկանց հետ ծանոթանալու առիթը բաց չի թողնում, թեև արդեն որոշել է, որ ՏՏ ոլորտն է իրենը, ավելի կոնկրետ՝ տեսախաղերը։

«Ես որոշել էի մասնագիտանալ խաղերի ուղղությամբ, բայց երբեք հնարավորություն չէր եղել, որ որպես «ներսի մարդ» տեսնեի, թե ինչը ինչպես է արվում, հասկանայի՝ իմ գիտելիքը, ուժերը համապատասխանո՞ւմ են այդ ոլորտին, թե՝ ոչ»։

Տաթևը ստացավ այդ հնարավորությունը։ Սյունիքից, Լոռուց ու Շիրակից 120 աղջիկների հետ նա մասնակցել է «Gamechangers. Girls for Girls» նախաձեռնությանը, որի նպատակն է բացահայտել դեռահաս աղջիկների ներուժը տեսախաղերի ոլորտում։ Ծրագիրն իրականացնում է ՅՈւՆԻՍԵՖ-ը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համագործակցությամբ։

 

«Երբեք չէի մտածի, որ տղաներն ավելի շատ են խաղեր ստեղծում, քան՝ աղջիկները, որովհետև հիմա շատ աղջիկներ են զբաղվում ծրագրավորմամբ։ Քննարկումների ընթացքում երբ ասացին, որ այս ոլորտում աղջիկներն ընդամենը 25 տոկոսն են, ես ինձ հարց տվեցի՝ ինչպե՞ս: Ու մինչև հիմա փորձում եմ հասկանալ պատճառները. գուցե կանանց զբաղվածությունը, հոգսերը շատ են, երբեմն ամուսնանալուց հետո չեն աշխատում»,-

ասում է Տաթևը։

Մի քանի ամիս տևած դասընթացներից հետո աղջիկները բաժանվել են խմբերի և ստեղծել իրենց տեսախաղերը։ Գիտությանն առնչվող խաղ ստեղծելու կողմնակիցները Տաթևենց թիմում են հավաքվել։ Քանի որ STEM ոլորտը (գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա) դեռահասների համար հաճախ դժվարընկալելի է, Տաթևն ու ընկերները որոշել են բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնել խաղի՝ Amnyut-ի օգնությամբ։

Tatev Amiraghyan hails from the city of Vanadzor, in Lori. She seizes every opportunity to learn new things and meet different people, even though she is already set on pursuing a career in IT, specifically in video games.
UNICEF Armenia/2023/Ginosyan

«Մեր նպատակն էր ստեղծել խաղ, որը կլինի հաճելի, հետաքրքիր ու գիտելիքներ կտա: Առաջին աշխարհում մեր հերոսն առաջադրանք է ստանում՝ գտնել ոսկի: Ու փնտրելիս, երբ անցնում է որևէ տարրի կողքով, Մենդելեևի աղյուսակն ու այս տարրի մասին փոքրիկ տեղեկություն է հայտնվում:

Tatev explains.

Մեր դպրոցներում հինականում չկան լաբորատորիաներ, որ բնագիտական առարկաներ անցնելիս՝ փորձեր անենք։ Իսկ մեր խաղը հնարավորություն է տալիս անել էնպիսի բաներ, ինչը տնային պայմաններում չենք կարող կրկնել, տեսնել բաներ, որ չենք կարող տեսնել անզեն աչքով»։

Տեսախաղերի ոլորտում 200-ից ավելի մասնագիտություն կա, ծրագրի ընթացքում աղջիկները ուսումնասիրել են դրանցից մի քանիսը։ Տաթևը, օրինակ, ընտրել է storytelling-ը՝ պատմություն ստեղծելու ու պատմելու գործը։ Բայց ընթացքում հասկացել է, որ իր գաղափարն ամբողջությամբ տեղ հասցնելու համար վատ չէր լինի՝ մյուս ոլորտներից էլ գիտելիք ունենար։

«Ես շատ զարմացա, երբ ասացին, որ իմ ստեղծած կերպարին պետք է այդքան խորը նկարագրեմ, նախապատմությունը ներկայացնեմ, տարիքը նշեմ, անգամ որոշեմ, թե ինչ գործիքներ պիտի օգտագործի, որն է նրա ուժը, առավելությունները. կան խաղեր, որ մի քանի կերպար են առաջարկում, և խաղացողը պետք է հասկանա՝ ինչու է ընտրում հենց այդ մեկին։ Storytelling-ն ընտրածներիս համար նաև դժվար էր պատկերել մեր մտքում եղած կերպարները, քանի որ չէինք կարողանում լավ նկարել էսքիզները, որ մյուս խումբը դրանք համակարգիչ անցկացներ»։

Tatev seized that opportunity when she participated in the Gamechangers: Girls for Girls initiative alongside 120 girls from Syunik, Lori, and Shirak.
UNICEF Armenia/2023/Ginosyan

«Իմ գլխավոր նպատակն էր մոտիվացնել աղջիկներին: Չէի զլանում անընդհատ ասել, որ նշանակություն չունի, եթե անգամ ձեր նախագիծը չհաղթի, եթե ժյուրին բարձր չգնահատի, պետք չէ կոտրվել։ Իմ անցած ճանապարհն էի օրինակ բերում, թե ինչպես եմ դեռահաս տարիքից մասնակցել տարբեր մրցումների, որ շատ ձախողումներ են եղել, բայց դա նորմալ է, հնարավոր չէ միայն հաղթանակներ ունենալ»,-ասում է «Gamechangers. Girls for Girls» նախաձեռնության մենթոր Վահե Ասլոյանը։

UNICEF’s Adolescents Development Officer Hasmik Aleksanyan.
UNICEF Armenia/2023/Ginosyan

«Ծրագրի մասնակից աղջիկները նաև փափուկ հմտություններ են ստացել՝ հաղորդակցություն, առաջնորդություն, հուզական ինտելեկտ։ Մյուս երկրներում, որտեղ այս նախագիծն իրականացվում է, ավելի շատ կենտրոնացել են տեխնիկական հմտությունների վրա, բայց քանի որ սա փորձնական է, մենք որոշեցինք նաև մեր մոտեցումը ներդնել, ունենալ փափուկ հմտություններ, որ ամբողջական մի փաթեթ լինի», -

ասում է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը:

Տեսախաղերի ոլորտում մասնագիտանալու Տաթևի մտադրությունը նախագծի ընթացքում ամրապնդվել է։ Հուսով է, որ այս աշխատանքը նաև հնարավորություն կտա իրականացնել իր երազանքը։

Tatev seized that opportunity when she participated in the Gamechangers: Girls for Girls initiative alongside 120 girls from Syunik, Lori, and Shirak.
UNICEF Armenia/2023/Ginosyan

«Երբ հարցերցի իմ օտարերկրյա ընկերներին Հայաստանում արտադրված խաղերի մասին, շատերը ոչ միայն չէին խաղացել, այլ նույնիսկ այդ խաղերի անունները չէին լսել։ Ես ցանկանում եմ հետագայում իմ խմբով ստեղծել հայկական մի խաղ՝ ֆանտաստիկ, գիտելիքներով լի, որը կցնցի ամբողջ աշխարհը»: