#ՊատվաստումնԱշխատում է՝ չնայած որ ծակում է:
Յուրաքանչյուր տարի ասեղի մեկ ծակոցը մոտ 3 միլիոն երեխայի կյանք է փրկում

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Պատվաստումը երեխաների առողջությունն ու ապագան պաշտպանելու ամենահաջողված և քիչ ծախսատար տարբերակն է: Յուրաքանչյուր տարի ասեղի մեկ ծակոցը մոտ 3 միլիոն երեխայի կյանք է փրկում` նաև կանխարգելելով անհաշվելի քանակով հիվանդություններ: Բարելավելով երեխաների ընդգրկվածությունը՝ տարեկան կարելի է փրկել ևս 1.5 միլիոն երեխայի կյանք:
Առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ժամանակին իրականացրած ռազմավարության շնորհիվ Հայաստանում պատվաստումների ընդգրկվածությունը կազմում է ավելի քան 95 տոկոս, որը թույլ է տալիս վերահսկողության տակ պահել մի շարք հիվանդություններ:

2002 թվականից Հայաստանի Հանրապետությունը համարվում է պոլիոմիելիտից ազատ գոտի, իսկ 2007 թվականից երկրում կարմրուկի տեղական դեպքեր գրեթե չեն արձանագրվել: Երկրում չեն արձանագրվում նաև դիֆթերիայի և փայտացման դեպքեր:
Հայաստանում 2–3 տարեկան 10 երեխայից 9-ը ստացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից խորհուրդ տրվող բոլոր հիմնական պատվաստումները՝ ԲՑԺ, երեք դեղաչափ ԱԿԴՓ, երեք դեղաչափ պոլիոմելիտային վարակի դեմ և առնվազն մեկ դեղաչափ ԿԿԽ՝ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ: Այս երեխաներից գրեթե բոլորը պատվաստումները ստացել են համապատասխան տարիքում: Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարության կողմից խորհուրդ տրվող լրացուցիչ պատվաստումներին՝ Հեպ Բ ծնվելիս, երկու դեղաչափ ռոտավիրուսային վարակի դեմ, ԱԿԴՓ 4-րդ և պոլիո 4-րդ դեղաչափ, ապա երեխաների ընդգրկվածությունն այստեղ ավելի ցածր է՝ 73 տոկոս:
Պատվաստումները պատյանի են նման և պաշտպանում են ընտանիքներին և համայնքներին: Պատվաստելով մեր երեխաներին՝ մեր համայնքի ամենախոցելիներին ենք պաշտպանում՝ հատկապես նորածիններին: Երբ համայնքում բավարար թվով մարդիկ են պատվաստված, հիվանդությունները հեշտությամբ չեն տարածվում: Սա կոչվում է «խմբային/հոտային» կամ համայնքային դիմադրողականություն: Եթե համայքնում շատ քիչ մարդ է պատվաստված, մեծանում է հիվանդությունների ռիսկն ու մահվան ելքով հիվանդությունների քանակը: Աշխարհում միայն 2016-ին մինչև 5 տարեկան 1.5 մլն երեխա է մահացել պատվաստումների միջոցով կանխարգելելի հիվանդություններից:

Պատվաստումների և իմունիզացիայի ընդհանուր դաշինքը ՀՀ կառավարությանն աջակցում է իմունականխարգելման ոլորտում արձանագրած ձեռքբերումների ու ցուցանիշների կայունությունն ապահովելու անցումային դրամաշնորհային ծրագրով, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից: Ծրագրի ֆինանսավորումը կդադարի 2018թ.-ին երկրի՝ ինքնաֆինանսավորման անցնելու արդյունքում: Իսկ անցումային այս փուլում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է հանրության և հատկապես ծնողների շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, բուժաշխատողների գիտելիքների և հմտությունների բարելավմանը, Հանրապետության ողջ տարածքում պատվաստանյութերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ համապատասխան սարքավորումների առկայությանը:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին պատվաստման ծածկույթի ընդլայնումը դանդաղել է: Աշխարհում յուրաքանչյուր 7 երեխայից 1-ը՝ 19 միլիոն երեխա, ամբողջական պատվաստում չի ստանում: Հայաստանում պատվաստում չի ստանում մինչև 3 տարեկան 10 երեխայից 1-ը: Զարմանալիորեն՝ Հայաստանում պատվաստումներն ավելի շատ բաց են թողնում քաղաքաբնակ երեխաները, քան գյուղաբնակ երեխաները: Եթե 2–3 տարեկան քաղաքաբնակ երեխաների 86, ապա գյուղաբնակ երեխաների 93 տոկոսն է ստացել բոլոր անհրաժեշտ պատվաստումները:
Չնայած այս խնդիրներին՝ պատվաստումներն ավելի ու ավելի շատ երեխաների են պաշտպանում հիվանդություններից՝ յուրաքանչյուր տարի փրկելով 3 միլիոն կյանք:
Կարճ ասած՝ #ՊատվաստումնԱշխատումէ