Նունե Սարգսյան
Երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան է նշանակվել 2019թ-ի դեկտեմբերին
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Նունե Սարգսյանը գրող է, արվեստաբան, մշակույթի եւ հանրային գործիչ: Նրա մանկական պատմվածքները եւ հեքիաթները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն եւ այլ լեզուներով: Աջակցելու համար հայկական լեզվամշակութային ավանդույթների պահպանմանը՝ նա իր գործերը արեւելահայերենից փոխադրվել է արեւմտահայերեն, ինչպես նաեւ Արցախի, Գավառի եւ Գյումրվա բարբառներով:
Նրա հեքիաթներից մի քանիսը վերածվել են տիկնիկային եւ բալետային բեմադրությունների:
Նունե Սարգսյանի գրքերը ներկայացվել են Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Հայաստանի եւ այլ երկրների Գրքի տոնավաճառներում:
Իր վերջին հեքիաթներից մեկը՝ «Կապույտ գետաձիուկի եւ վարդագույն մկնիկի արկածները», Նունե Սարգսյանը գրել է թոռնիկի՝ Սավաննայի հետ միասին: Սավաննան նաեւ նկարազարդել է գիրքը:
Նունե Սարգսյանը ծնվել է մտավորականի ընտանիքում, հայրը գրող էր, մայրը՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո, այդ թվում՝ երաժշտական, նա ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական բաժինը, որոշ ժամանակ աշխատել Մատենադարանում: Այնուհետեւ ամուսնու հետ 1990թ. տեղափոխվել է Լոնդոն: Պրոֆեսոր Արմեն Սարգսյանը տեսական ֆիզիկա էր դասավանդում Քեմբրիջի եւ Լոնդոնի համալսարաններում: Տիկին Սարգսյանն ուսումը շարունակել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթ քոլեջում եւ ստացել արվեստի մագիստրոսի կոչում: Արվեստաբանություն է ուսանել նաեւ Սոթբիզի արվեստի ինստիտուտում, այնուհետեւ գեղանկարչություն՝ Ուեսթմինսթեր Քոլեջում:
Նունե Սարգսյանը հեղինակ է ժամանակակից արվեստի, մշակույթի եւ երաժշտական գործիչների մասին բազմաթիվ հոդվածների եւ ակնարկների, որոնք տպագրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում եւ եւրոպական տարբեր երկրներում:
Միաժամանակ Լոնդոնում նա կազմակերպել է Հայաստանի ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ եւ դասական գրականության վերաբերյալ մշակութային միջոցառումներ:
Նա կազմակերպել է նաեւ միջազգային բացառիկ ցուցահանդեսներ եւ համերգներ, որոնց շարքում Ֆաբերժեի ցուցահանդեսը Լաս Վեգասում, «Սիմվոլներ եւ առեղծվածներ. Փոխակերպվող արվեստը» Լոնդոնում, աշխարհահռչակ երաժիշտների եւ հատկապես՝ տաղանդավոր պատանի կատարողների համերգներ Լոնդոնում եւ այլուր:
Տարիներ շարունակ տիկին Սարգսյանն իր ժամանակն ու եռանդն է նվիրել միջազգային եւ հայկական բարեգործական ձեռնարկներին՝ նշանավոր երաժիշտների, երգչախմբերի եւ նվագախմբերի մասնակցությամբ հանգանակություններ կազմակերպելով մարդասիրական նպատակների համար: