Հագուստի վաուչերներ և դրամական աջակցություն՝ տեղահանված ընտանիքներին. հաջողված փորձը շարունակվում է

Ամերիկայի կառավարության ֆինանսավորման շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջացկություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում հաստատված ավելի քան 3,159 երեխաների:

Անի Գրիգորյան
Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած ընտանիք:
UNICEF Armenia/2022/Biayna Mahari
13 Մայիս 2022

37-ամյա Տատյանա Մելքումյանը բնակվում է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։ Նա հինգ երեխաների հետ այստեղ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից։ Տատյանան ընտանիքի հետ Մեղրաձորում կյանքը սկսել է զրոյից։

«Ինչ ունեինք մնաց Ղարաբաղում մեր տանը, ոչ մի բան չկարողացանք դուրս հանել, նույնիսկ ունեցածս ոսկին, զարդերս չհասցրինք վերցնել», -

պատմում է կինը։

Տատյանան հակամարտության սրացումից հետո արդեն Հայաստանում է փորձում դասավորել իր և երեխաների կյանքը։ Հինգ երեխաներից երկուսը աղջիկ են, երեքը՝ տղա։ Ամենամեծ տղան է միայն չափահաս, վերջերս է զորակոչվել բանակ։ Երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելը մեծ մարտահրավեր է այս ընտանիքի համար։ 

«Ես չեմ աշխատում, աշխատող չունենք, միայն նպաստներով ենք այժմ կարողանում ծայրը ծայրին հասցնել», - պատմում է 37-ամյա կինը։

Family displaced from Nagorno Karabakh and currently leaving in Armenia.
UNICEF Armenia/2022/Biayna Mahari

Ծառացած խնդիրները որոշակիորեն լուծելու համար Տատյանայի համար մեծ ներդրում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքների երեխաներին հատկացրած դրամական աջակցությունը։ Տատյանայի խոսքով՝ այս աջակցությունը, որով ընտանիքում յուրաքանաչյուր երեխային 2021-ին ամսական տրամադրվել է 50 000-ական դրամ, ճիշտ ժամանակին օգնեց լուծել կուտակված մի շարք խնդիրներ։

«Ստացած գումարն ուղղել ենք հիմնականում տան վարձը փակելուն։ Քանի որ ձմեռվա շրջան էր, երեխաների համար հագուստ ենք գնել, որի կարիքը շատ կար», -

նշում է հինգ երեխաների մայրը։

Դրամական աջակցության այս ծրագիրը ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով Հայաստանում հաստատված ընտանիքների համար: Ամերիկայի կառավարության աջակցության շնորհիվ ծրագրի շահառու են դարձել Հայաստանում հաստատված 3,000 երեխա։ Ավելին, Հայաստանի հինգ մարզերում՝ Արագածոտնում, Արարատում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում և Շիրակում հաստատված բազմազավակ ընտանիքների 159 երեխայի տրամադրվել է հագուստի վաուչերներ: Յուրաքանչյուր երեխային տրվող 24,000 դրամին համարժեք վաուչերներով ընտանիքները հնարավորություն են ստացել ձմեռային հագուստ և անհրաժեշտ պարագաներ ձեռք բերել:

Family displaced from Nagorno Karabakh and currently leaving in Armenia.
UNICEF Armenia/2022/Biayna Mahari

Ինչպես է կազմակերպվել աջակցության տրամադրումը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն աշխատել է կառավարության և գործընկերների հետ՝ ՄԱԿ-ի դրամական աջակցության համակարգման աշխատանքային խմբում, որպեսզի դրամական աջակցության տարբեր մեխանիզմներ ներդրվեն՝ հենվելով սոցիալական պաշտպանության համակարգի վրա։ Մինչ այդ պետությունը չուներ նման մեխանիզմներ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը նշում է, որ այս օգնությունը տրամադրվել է ՄԱԿ-ի միջգործակալական արձագանքման պլանի շրջանակում։

«ՄԱԿ-ի արձագանքի շրջանակում, երբ գնահատվում էին տեղահանված ընտանիքների կարիքները, մշտապես դրամական աջակցությունը նշվում էր որպես նախընտրած օգնության տեսակ, քանի որ այն տալիս է ճկունություն և ընտրություն։ Այսինքն՝ սա հնարավորություն է տալիս ընտանիքներին իրենց կարիքներին համապատասխան գնումները կատարել», -

նշում է Հովակիմյանը։

«Ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ և աշխատել ենք միասնական սոցիալական ծառայության հետ։ Գնահատել ենք ծառայության ֆինանսական կառավարման ռիսկերը՝ ցածր են։ Այսպիսով նաև, բացի դրամական փոխանցման գումարից, այլ ծախսեր չեն լինում, քանի որ օգտագործվում է փոխանցումների պետական համակարգը»,- պարզաբանում է Հովակիմյանը:

Family displaced from Nagorno Karabakh and currently leaving in Armenia.
UNICEF Armenia/2022/Biayna Mahari

Ինչպես է ծախսվել դրամական աջակցությունը

Այն, որ դրամական օգնությունը առավելապես ուղղվում է ընտանիքների հրատապ կարիքների բավարարմանը, հաստատում է նաև փետրվար-մարտ ամիսներին իրականացված հետհատկացումային մշտադիտարկման արդյունքները։ Մշտադիտարկմանը մասնակցել է ծրագրի 291 շահառու։

Հարցված շահառուների 77 տոկոսն այս պահին չունի որևէ վճարվող աշխատանք։ Նրանց կեսից ավելին ներկայում բնակվում է վարձով, միայն 8 տոկոսն ունի սեփական տուն կամ բնակարան։ Նրանց մեծամասնությունը հաստատվել են հիմնականում Երևանում, Արարատի, Սյունիքի և Կոտայքի մարզերում։

Մշտադիտարկման արդյունքները նաև փաստում են, որ ստացած դրամական աջակցությունն ընտանիքները մեծամասամբ ուղղել են կոմունալ վճարների, սնունդի, տան վարձի առողջական ծախսերի, ինչպես նաև հագուստի ձեռքբերման վրա։

Տատյանան, ինչպես նաև մշտադիտարկման մասնակիցներից մեծամասնությունն ասել է, որ փորձում են Հայաստանում գտնել բարեկեցիկ ու անվտանգ բնակություն, ինչն այնուամենայնիվ հեշտ չի տրվում՝ չնայած ստացած բոլոր աջակցությունները շատ տեղին ու շատ անհրաժեշտ են, բայց բավարար չեն։

Family displaced from Nagorno Karabakh and currently leaving in Armenia.
UNICEF Armenia/2022/Biayna Mahari

«Մեր փորձը ցույց տվեց, որ պետք է շարունակենք հզորացնել սոցիալական աջակցության առկա համակարգերը և ստեղծենք մի այնպիսի սխեմա, որի շնորհիվ հնարավոր է ճիշտ հայտնաբերել արտակարգ իրավիճակների պատճառով ամենախոցելի վիճակում գտնվող անձանց և ժամանակին արձագանքել նրանց կարիքներին»,- ասաց Հովակիմյանը:

«Եվ դրա համար մենք սերտորեն աշխատում ենք աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության հետ սոցիալական պաշտպանության նոր ռազմավարության մշակման ուղությամբ՝ նպատակադրվելով, որ այն հետևի կյանքի շրջափուլին՝ ծնվելուց մինչև մահ, քանի որ այն ճիշտ է հայտնաբերում մարդկանց կյանքի տարբեր փուլերում առաջացած ռիսկերն ու խոցելիությունները և թույլ է տալիս ճիշտ հասցեագրել դրանց սոցիալական պաշտպանության միջոցով»:

Այսքանով աշխատանքները չեն սահմանափակվում: Ամերիկայի կառավարության աջակցության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համատեղ աշխատում է բարելավել երեխաների դպրոցական պայմանները՝ շեշտը դնելով սանհանգույցների և սանիտարական պայմանների բարելավման վրա: Ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանքիներին ամենից շատ հյուրընկալած մարզերում կուժեղացվեն սոցիալական խնամքի և երեխաների պաշտպանության համակարգերը՝ շեշտը դնելով երեխաների համար նախատեսված կենտրոնների զարգացման, պայմանների և ծառայաությունների բարելավման վրա, որպեսզի ավելի շատ երեխաներ կարողանան ստանալ անհրաժեշտ որակյալ սոցիալ-հոգեբանական աջակցություն:

Այս շարունակական աշխատանքի շնորհիվ կկարողանանք ապահովել, որ մեր երեխաներին հասանելի լինեն իրենց անհրաժեշտ ծառայությունները հենց իրենց համայնքում և ոչ միայն արտակարգ իրավիճակների դեպքում, այլև ամեն օր: