Ի՞նչ է պատվաստանյութը
Ինչպե՞ս է պատվաստանյութը պաշտպանում երեխաներին վարակիչ հիվանդություններից:
- Հայերեն
- English
Պատվաստանյութերը պաշտպանում են մեզ լուրջ, հաճախ մահացու հիվանդություններից՝ օգնելով մեր մարմնի բնական պաշտպանությանը՝ իմունային համակարգին, պայքարել դրանց դեմ: Պատվաստանյութերը նմանակում են այն իրավիճակին, թե ինչ է տեղի ունենում մարմնում, երբ այն ենթարկվում է վիրուսի կամ բակտերիաների հարձակմանը՝ առանց մեզ հիվանդացնելու: Պատվաստանյութերի մեծ մասը պարունակում է սպանված կամ թուլացած մանրէներ, այդ պատճառով դրանք չեն կարող առաջացնել հիվանդություն: Ներարկումից հետո պատվաստանյութերը խթանում են մարմնի իմունային համակարգին արտադրելու բնական հակամարմիններ, որոնք հետագայում պայքարում են հիվանդության դեմ:: Հետևաբար, պատվաստանյութերը անվտանգ և արդյունավետ են՝ պատվաստված երեխաներին և ողջ համայնքին պաշտպանելու համար:
Արդյո՞ք պատվաստանյութերն անվտանգ են:
Այո՛։ Պատվաստանյութերն անվտանգ են։ Նախքան օգտագործման թույլտվություն ստանալը, բոլոր պատվաստանյութերն անցնում են անվտանգության և արդյունավետության ստուգման խիստ ընթացակարգեր, այդ թվում՝ կլինիկական փորձարկումներ։ Կիրառման ընթացքում շարունակաբար վերահսկվում է դրանց անվտանգությունը : Պատվաստանյութերը, որոնք չեն համապատասխանում որակի և անվտանգության պահանջներին, չեն հաստատվում և չեն կիրառվում: Պատվաստումները պաշտպանում են երեխաներին և մեծահասակներին ծանր հիվանդություններից, որոնք կարող են հանգեցնել առողջական բարդությունների և նույնիսկ մահվան: Ավելի մեծ է հավանականությունը, որ երեխաները լրջորեն տուժեն պատվաստանյութով կանխարգելվող հիվանդություններից, քան դրանց դեմ պատվաստանյութերից: Օրինակ, կարմրուկը կարող է առաջացնել էնցեֆալիտ (ուղեղի վարակ), կուրություն և նույնիսկ մահ: Ամբողջ աշխարհում ծնողների/խնամակալների մեծամասնությունը պատվաստում է իրենց երեխաներին, քանի որ նրանք հասկանում են, որ պատվաստանյութերն անվտանգ են և իրենց երեխաների առողջ մեծանալու և պաշտպանված լինելու լավագույն միջոցն են:
Արդյո՞ք անհրաժեշտ է պատվաստվել, երբ շատ հիվանդություններ այդքան հազվադեպ են հանդիպում:
Այո՛։ Չափազանց կարևոր է, որ երեխաները շարունակեն պատվաստվել, քանի որ հենց պատվաստված երեխաների բարձր թվի շնորհիվ է, որ մի շարք ծանր հիվանդություններ ներկայում հազվադեպ են գրանցվում։ Ուստի պատվաստված երեխաների թվաքանակի նույնիսկ աննշան նվազումը կարող է հանգեցնել պատվաստանյութով կանխարգելվող հիվանդությունների համաճարակների բռնկման և կվարակվեն այն անձինք, ովքեր չունեն իմունիտետ: Իսկ քանի որ ճամփորդելն այժմ շատ ավելի դյուրին է դարձել, այն նպաստել է նաև հիվանդությունների ավելի արագ և հեշտ տարածմանը։
Ո՞ր դեպքերում է պատվաստումը հակացուցված:
Պատվաստումները հակացուցված են շատ քիչ դեպքերում: Նրանց մեծ մասը ժամանակավոր են, և հնարավոր կլինի պատվաստվել ավելի ուշ: Պատվաստման դեմ միակ բացարձակ հակացուցումը ծանր ալերգիկ ռեակցիայի (անաֆիլաքսիա) գրանցումն է պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո: Թուլացված վիրուս պարունակող որոշ պատվաստանյութեր հակացուցված են իմունային խիստ անբավարարություն ունեցող անձանց (եթե ունեն քաղցկեղ, քիմիաթերապիա և ռադիոթերապիա են ստանում): Այնուամենայնիվ, այս հակացուցումների մի մասը ևս ժամանակավոր է: Պետք է հաշվի առնվել, թե արդյոք պատվաստանյութի օգուտները գերազանցում են ռիսկերը: Օրինակ՝ չափավոր կամ ծանր սուր հիվանդության առկայությունը՝ ջերմությամբ կամ առանց ջերմության, այն դեպքերից է, երբ պատվաստումը հարկավոր է որոշ ժամանակով հետաձգել։ Սակայն նման դեպքերում ևս պատվաստումը կարող է ցուցվել, եթե պատվաստման օգուտները գերազանցում են հնարավոր կողմնակի ազդեցությունները:
Նշենք, որ հետևյալ դեպքերում երեխայի պատվաստումը ՉՊԵՏՔ է հետաձգվի, և երեխան կարող է պատվաստվել.
- Թեթև մրսածություն՝ առանց ջերմության (քթից արտադրություն, մրսածություն, թեթև փորլուծություն)
- Տեղային ռեակցիա ներարկման հատվածում (այսինքն՝ այտուց, կարմրություն, ցավ); բարձր ջերմություն նախորդ դեղաչափից հետո
- Իմունային անբավարարություն ունեցող ընտանիքի անդամ կամ տնային շփում
- Վարակիչ հիվանդություն ունեցողի հետ շփում
- Անհաս երեխաԸնթացիկ հակամանրէային թերապիա։
Պատվաստանյութերի մասին շատ ապատեղեկատվություն և թյուր պատկերացումներ կան, որոնք հանգեցնում են ծնողների/խնամակալների շրջանում պատվաստման հանդեպ մտահոգության առաջացմանը: Ներկայացնենք մի քանի փաստ, որոնք պատասխանում են պատվաստման վերաբերյալ ամենատարածված միֆերին:
ՓԱՍՏ. Պատվաստանյութերը չեն պարունակում թունավոր բաղադրիչներ։
Պատվաստումների վերաբերյալ տարածված առասպելներից է, որ պատվաստանյութերը պարունակում են թունավոր բաղադրիչներ:
Պատվաստանյութերը պարունակում են հիվանդության մահացած, ապակտիվացված կամ թուլացված մանրէ, որը հիվանդություն չի առաջացնում: Բացի դրանից, կան նաև այլ բաղադրիչներ, ինչպիսիք են ֆորմալդեհիդը, սնդիկը կամ ալյումինիումը: Դրանց օգտագործումը պատվաստանյութի բաղադրության մեջ որոշակի անհանգստություն է առաջացնում, սակայն դրանք օգտագործվում են շատ քիչ քանակությամբ՝ օգնելու պատվաստանյութին ավելի լավ աշխատել և կանխել պատվաստանյութի աղտոտումը: Օրինակ՝ ֆորմալդեհիդն օգտագործվում է մանրէն ապակտիվացնելու համար, սնդիկը հանդես է գալիս որպես կոնսերվանտ՝ պահպանիչ, իսկ ալյումինիումը՝ որպես պատվաստանյութն ավելի արդյունավետ դարձնելու օժանդակ միջոց՝ ուժեղացնելով իմունային պատասխանը: Այս բաղադրիչներն արդեն իսկ առկա են մեր օրգանիզմենորւմ, և դրանց չնչին քանակները առողջության համար վտանգ չեն ներկայացնում:
ՓԱՍՏ. Բնական իմունիտետն ավելի ուժեղ չէ, քան պատվաստումների միջոցով ձեռքբերված իմունիտետը:
Հիվանդությունից հետո ձևավորված իմունիտետն ավելի ուժեղ չէ, քան պատվաստումների շնորհիվ ձևավորված իմունիտետը:
Կա մոլորեցնող պնդում, որ բնական ճանապարհով ձեռքբերված իմունիտետն ուժեղ է և ավելի լավը, քան պատվաստման միջոցով ձեռքբերված իմունիտետը:
Բնական իմունիտետը կարող է պաշտպանել, բայց հիվանդանալու պարագայում ռիսկերը շատ ավելի վտանգավոր են՝ սկսած հիվանդության ծանր դեպքերից մինչև կյանքին սպառնացող իրավիճակ: Կանխարգելվող շատ հիվանդություններ վտանգավոր են և կարող են առաջացնել տևական կողմնակի բարդություններ: Պատվաստվելը շատ ավելի անվտանգ և հեշտ է: Պատվաստումն արդյունավետ ընտրություն է՝ բնական ճանապարհով ձեռքբերված իմունիտետի փոխարեն և կարող է երեխաներին պաշտպանել կյանքին սպառնացող հիվանդություններից:
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: