Ապահով անկյուն՝ բռնության ենթարկված երեխաների համար
ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ Բարնահուսի մոդելով Հայաստանում առաջին կենտրոնները հիմնվել են Երևանում և Կապանում:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ։
Գաղտնիք չէ, որ բոլոր դեպքերում, երբ երեխան առնչվում է արդարադատության համակարգի հետ, նա սթրեսի է ենթարկվում, հատկապես, երբ երեխան ենթարկվել է բռնության, առավել ևս՝ սեռական բռնության, ապա այդ սթրեսը կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ նրա ողջ կյանքի վրա:
Մի կողմից անզգույշ շփումը արդարադատության համակարգի հետ կարող է երեխային ենթարկել երկրորդային զոհացման, որը շատ վտանգավոր է նրա հոգեկան առողջության համար և բոլորովին չի նպաստում տրավմայի հաղթահարմանը: Մյուս կողմից դա վատ է նաև արդարադատության շահի համար, որովհետև երբ երեխան ստիպված է բազմիցս վերապրել իր պատմության այդ ցավալի մասը, ի վերջո, հնարավոր է՝ երեխան իրականությունը խեղված ընկալի և/կամ խեղված փոխանցի: Իրականում, մի քանի հարցաքնությունների արդյունքում երեխայի ցուցմունքի հավաստիությունը կարող է էապես տուժել։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ՀՀ կառավարությունը Երևանում և Կապանում հիմնել է ապահով անկյուններ՝ նպաստելու երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ գործերով արդարադատության գործընթացին՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով երեխայի շփումը արդարադատության համակարգի հետ:
Բարնահուսի մոդելի նպատակն առաջին հերթին երեխայի պաշտպանությունն է, բայց նույնքան կարևոր է նաև արդարադատության գործընթացի անխափանությունը, որի արդյունքում պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն երեխայի նկատմամբ հանցագործություն կատարողները:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանը պատմում է մոդելի մասին և թե ինչպես է այն աշխատելու Հայաստանում:
Ի՞նչ է Բարնահուսը
Բարնահուսը թարգմանաբար նշանակում է «երեխայի տուն»: Բարնահուսը մի տեղ է, որտեղ գալիս է այն երեխան, որ տուժել է սեռական և/կամ ծանր ֆիզիկական բռնության հանցագործություններից: Այն մի վայր է, որտեղ երեխան մեկ տանիքի տակ ստանում է մի շարք ծառայություններ, անցնում է արդարադատության գործընթացի մի շարք փուլերով և որպես կանոն, նրա շփումն արդարադատության համակարգի հետ դառնում է մեկանգամյա կամ հնարավորինս սահմանափակվում է: Երեխան ստանում է ծառայություններ, որոնք իրեն անհրաժեշտ են և ուղղորդվում է դեպի ծառայություններ, որոնք իրեն անհրաժեշտ են՝ մեկ վայրում:
Բարնահուսը տասնամյակների ընթացքում իրեն ապացուցել է, որպես արդարադատության համակարգի հետ երեխայի պատշաճ շփումը կազմակերպելու առավել արդյունավետ մոդել: Բարնահուսը առաջին անգամ Իսլանդիայում հիմնադրված, հետո Եվրոպայում տարածված և արդեն Եվրոպական մի շարք երկրներում գործող մոդել է: Անգամ հատուկ Եվրոպական ցանց և հատուկ չափորոշիչներ են ստեղծվել, որոնց պետք է ձգտի ցանկացած պետություն, որ ներմուծում է այդ մոդելը:
Բռնության ենթարկված երեխան մեկ-երկու օրվա ընթացքում Բարնահուսի շնորհիվ կարող է անցնել քննության գործընթացը մեկ վայրում և թերթել իր կյանքի այս էջը:
Այս մոդելում տեղի է ունենում երեխայի նախապատրաստումը քննչական գործողության: Մյուս փուլը հենց հարցաքննությունն է, որտեղ մասնակցություն ունի քննիչը, հոգեբանը, սոցիալական աշխատողը, երեխայի օրինական ներկայացուցիչը, մեղադրյալի պաշտպանը և այլ սուբյեկտներ: Բարնահուսն ապահովում է պայմաններ, որ հարցաքննության սենյակում լինի միայն հարցաքննողն ու երեխան, իսկ մյուսները լայվ ռեժիմով կարող են գտնվել դիտարկման սենյակում, հետևել և իհարկե հարցեր ուղել, եթե դրա իրավունքն ունեն: Բայց դա տեղի է ունենում անուղղակիորեն, որպեսզի երեխան չվնասվի պրոցեսում: Սկզբունքը հետևյալն է. որքան քիչ մարդու հետ շփվի երեխան, այնքան լավ: Այս հարցաքննությունը նաև ձայնագրվում է, որպեսզի հնարավոր լինի ձայնագրությունը, որպես ապացույց, լսել դատարանում և որպես կանոն կարիք չլինի երեխային նորից հարցաքննել: Ի լրումն, այս վայրում է նաև իրականացվում երեխայի բժշկական քննումը և դատաբժշկական փորձաքննությունը:
Բարնահուսը միայն ճգնաժամային միջամտություն ապահովող և արդարադատության պրոցեսներ կազմակերպող օղակ է: Երեխայի հետագա վերականգնումը Բարնահուսի խնդիրը չէ, բայց նրա խնդիրն է կապել երեխային այդ հետագա վերականգնման հնարավորությունների հետ:
Բարնահուսի համայնքահեն լինելը, և համայնքի միջավայրում տեղի ունենալը շատ կարևոր է: Իմիջիայլոց, ամեն երկիր ինքն է որոշում, թե այդ մոդելը ինչպես և որտեղ պիտի աշխատի: Օրինակ Խորվաթիայում մոդելի հիմքում առողջապահության համակարգն է, կան երկրներ, որտեղ հիմքում սոցիալական պաշտպանության կամ արդարադատության համակարգերն են:
Հայաստանում յուրահատուկ ձև է ընտրվել և փորձարկվել: ԵՄ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ բարնահուսը ստեղծվել է ճգնաժամային կենտրոնների հիման վրա: Մենք փորձել ենք ներդնել համագործակցության լրիվ նոր ֆորմատ, և այս մոդելը, որը ներկայումս ներդրվում է ՀՀ-ում, պրակտիկորեն չի պահանջում լրացուցիչ էական ֆինանսավորում: Իհարկե, որոշ հավելյալ ծախսեր առաջանալու են (ճանապարհածախս, լրացուցիչ մասնագետի հաստիքի ներդրման ծախս), սակայն ընդհանուր առմամբ մոդելը ներկառուցված է արդեն իսկ գործող ինստիտուտներին և իրենից ներկայացնում է միջոլորտային համագործակցության նոր ձևաչափ։
Ովքեր են Բարնահուսի մոդելը գործարկում
Բարնահուսը միջոլորտային համագործակցության վրա է հիմնված: Արդարադատության նախարարությունը, որպես քաղաքականության մշակող, և քրեական դատավարության բարեփոխումների պատասխանատու, քննչական կոմիտեն, որպես իրականացնող կողմ, դատախազությունը, որպես վերահսկող, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որպես սոցիալական ծառայություններ տրամադրող կամ վերահսկող, երեխայի պաշտպանության համար պատասխանատու և ճգնաժամային կենտրոնների տարածքն ու աշխատակիցներին տրամադրող, և նաև առողջապահության նախարարությունը՝ դատաբժշկական փորձաքննության համատեքստում, միավորում են իրենց ջանքերը՝ հանուն դժվար իրավիճակում հայտնված երեխայի բարեկեցության: Կարևոր է նաև փորձառու հասարակական կազմակերպությունների դերը, որոնց սոցիալական ծառայությունները կարող են հաջողությամբ պատվիրակվել (օրինակ, Երևանի բառնահուսը՝ «Ապահով անկյունը», տեղակայված է Հայ Օգնության Ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոնում)։
Իհարկե, այս համագործակցությունը կարող է տեղի ունենալ քննիչի սենյակում, իսկ միգուցե կարող ենք ունենալ երեխայի համար է՛լ ավելի բարենպաստ վայր, ինչպես նաև գործընթացի մեջ ներառենք սոցիալական աշխատողին՝ որպես աջակցող անձ, ով որոշ դեպքերում կարող է փոխարինել օրինական ներկայացուցչին, և որպես երեխայի պաշտպանության և հետագա վերականգման գործընթացի կազմակերպման համար պատասխանատու: Ի վերջո, քննության գործընթացից առաջ, ընթացքում և հետո մենք գործ ունենք բռնության ենթարկված երեխայի հետ, և շատ կարևոր է, որ պետությունը համալիր մոտեցում ցուցաբերի նրա իրավունքների պաշտպանության հարցում։
Հաճախ երեխան բռնության է ենթարկվում ընտանիքից դուրս, և ընտանիքն ի վիճակի է շարունակել հոգ տանել երեխայի մասին․ այս դեպքում երեխան շատ ժամանակավոր հյուր է Բարնահուսում: Նա կգա այստեղ հարցաքննության կամ այլ քննչական գործողությունների և հետագա ուղորդման նպատակով: Բայց մենք գիտենք, որ սեռական բռնության և ծանր ֆիզիկական բռնության որոշ դեպքերում, հատկապես եթե նման բռնություն տեղի է ունեցել ընտանեկան միջավայրում, երեխան չի կարող այլևս մնալ ընտանիքում և ունի ճգնաժամային այլընտրանքային խնամքի կարիք: Այս դեպքերում ով ավելի լավ, քան ճգնաժամային կենտրոնները, կարող են մեկտեղել իրենց մեջ ճգնաժամային խնամքի և Բարնահուսի համակարգման ֆունկցիան: Սա է թերևս պատճառը, որ Հայաստանում ապահով անկյունները ստեղծվել են ճգնաժամային խնամքի կենտրոններում, ինչը բավականին հաջող մտածված մոտեցում է:
Ինչպես է հնարավոր եղել այս մոդելի ներդրումը Հայաստանում
Բարնահուսին եկել ենք շատ աստիճական եղանակով: Սկզբից քրեական դատավարության օրենսգրքի ընդունման երկար պրոցեսն էր, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ունեցել է լուրջ դերակատարություն երեխայանպաստ և երեխայակենտրոն դրույթներ ամրագրելու տեսանկյունից:
Մյուս կողմից շարունակում ենք աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությանը երեխայի իրավունքների և երեխաների պաշտպանության մասին օրենքի նախագծի և կից ամբողջ օրենսդրական փաթեթի հարցում: Քանի որ նոր փաթեթով է՛լ ավելի է ուժեղանում երեխաներին բռնությունից պաշտպանելու ֆունկցիան և հստականում են սոցիալական աշխատողների, տարբեր մակարդակների պաշտոնատար անձանց և կազմակերպությունների դերակատարությունն այդ գործընթացում, սա ևս լավ հիմք է ստեղծում մեզ համար Բարնահուսը գործարկելու ուղղությամբ: Այս երկու ռեֆորմները գնացել են միմյանց հետ չկապված, բայց ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկուսին էլ աջակցել է՝ տեսնելով նաև այս երկուսը ի վերջո այս կետում ի մի բերելու հնարավորությունը՝ ստեղծելով անհրաժեշտ հիմքեր միջազգայնորեն ընդունված Բարնահուսային մոտեցումը մեր երկրում ներդնելու համար:
Մինչ այս մոդելի գործարկումը, մենք աջակցել ենք արդարադատության նախարարությանը՝ ստեղծելու երեխաների հարցաքնությանը և երեխաների հետ կատարվող քննչական գործողություններին մասնակցող հատուկ վերապարատաստված հոգեբանների ինստիտուտ: Այդ ինստիտուտը ներդրվեց Քրեական դատավարության օրենսգրքով, և մենք աջակցեցինք թե՛ ենթաօրենսդրական ակտերի մշակման գործում, թե՛ ուսումնական մոդուլի մշակման հարցում: Արդյուքնում ՄԱԿ-ի Բնակչության ֆոնդի հետ համատեղ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնեց կառավարությանը վերապատրաստել և հավաստագրել53 հոգեբանի, որոնք այսօր արդեն մասնակցում են հարցաքնությունների:
Ներկայում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերանորոգել և կահավորել է տարածքներ, որոնք կարող են ծառայել որպես Բարնահուս՝ մեկը Երևանում, մյուսը՝ Կապանում: Այդ տարածքները գտնվում են ճգնաժամային կենտրոնների տարածքներում, ուստի պահպանվում և շահագործվում են այդ կենտրոնների կողմից, իսկ մենք փորձում ենք լրացուցիչ անհրաժեշտ ծառայությունները բերել այդ մեկ վայր:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև իրականացրել է վերապատրաստումներ քննիչների, դատախազների, սերտիֆիկացված հոգեբանների, սոցիալական աշխատողների և այլ ներգրավված կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Փորձը ցույց տվեց, որ բազմամասնագիտական թիմի մասնակցությամբ վերապատրաստումներն առավել արդյունավետ էին և ցույց տվեցին, որ կարելի է մոդելավորել բարնահուսում հարցաքննության օրինակ հենց լսարանում և մարդիկ միանգամից կարող են հասկանալ, թե ինչպես է սխեման աշխատում գործնականում: Բացի 53 հոգեբաններից, որոնք վերապատրաստվել և սերտիֆիկացվել են, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստել է մոտավոր 100 մասնագետի, որոնց մի մասը աշխատելու է Երևանի և Կապանի բարնահուսներում:
Ամփոփելով, հարկավոր է նաև նշել, որ արդարադատության ակադեմիայի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ը թարմացրել է քրեական արդարադատության պրոցեսում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ առցանց կրթական կուրսը՝ ըստ նոր քրեական դատավարության օրենսգրքի: Առցանց կրթական փաթեթն արդեն այս տարվանից սկսած ընդգրկված է դատախազների և դատավորների կրթական ծրագրի մեջ:
Հետագա քայլերը
Անշուշտ անհրաժեշտ է լինելու ընդլայնել մոդելը նաև այլ մարզերում: Այս մոդելով մենք հիմա լուծում ենք Երևանի և Կապանի հարցը: Մոդելի ընդլայնումը բարեփոխման անխուսափելի շարունակությունն է, քանի որ չես կարող ՀՀ-ի մի մասի երեխաների համար ունենալ երեխայանպաստ արդարադատություն, իսկ մյուս կողմի երեխաների համար ոչ՝ պայմանավորված իրենց բնակության վայրով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աջակցել կառավարությանն իսկապես տարածել այս մոդելը: Բոլոր մարզերում մշակել այլընտրանքային կից փոքր մոդելներ, միգուցե մոբիլ մոդելներ, հատկապես հեռավոր համայնքների համար, որտեղից երեխային բերելը գուցե ավելի դժվար է, քան մասնագետներին տանելը:
Պետք է շարունակենք այս համագործակցության ընթացակարգերի հստակ իրավական նկարագրությունների մշակումն ու հաստատումը: Եթե հիմա ունենք օրենսդրական հիմք և աշխատում ենք ենթաօրենսդրական համագործակցության ընթացակարգերի վրա, կենտրոնների աշխատանքի ընթացքում կարող են առաջանալ նաև այլ օրենսդրական խնդիրներ, որոնց շտկման ուղղությամբ ևս պետք է համատեղ աշխատենք:
Հաջորդիվ, կարևորագույն քայլ է լինելու ապահովել բոլոր ներգրավված մասագետների շարունակական վերապատրաստումը: Պետք է վերապատրաստել նաև առողջապահության ոլորտի մասնագետներին, հատկապես՝ դատաբժշկական փորձաքննություն իրականացնող մասնագետներին, որպեսզի վերջիններս ևս ճիշտ մոտեցում ցուցաբերեն բռնության ենթարկված երեխաներին և խուսափեն նրանց երկրորդային զոհացման ենթարկելուց:
Ի վերջո…
Անկախ նրանից, թե երեխան ինչ տեսակի բռնության է ենթարկվում, այդ փորձառությունը կարող է խնդիրների հիմք հանդիսանալ նրա ողջ կյանքի համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը բարելավելու հանրային ծառայությունները բոլոր երեխաների և հատկապես խոցելի երեխաների համար: Այս անգամ թիրախում արդարադատության ծառայությունն է և երեխաների համար վերջինիս մատչելիությունն է:
Բարնահուսային մոդելը կնսպաստի արդարադատության համակարգի երեխայանպաստ և երեխայակենտրոն դառնալուն: Այն հնարավորություն կտա շատ ավելի շատ տուժողների բարձրաձայնել պատահածի մասին՝ վստահելով համակարգի անվտանգությանն ու ապահովությանը: Մարդիկ կդիմեն պատասխանատուներին, միայն երբ իրենց պաշտպանված զգան և վստահ լինեն, որ հանցագործությունը կբացահայտվի, իսկ հանցագործները՝ կպատժվեն՝ քրեական օրենսգրքին համապատասխան: