Գործընկերություն հանուն երեխայակենտրոն արդարադատության իրականացման՝ հօգուտ բռնությունից տուժած և բռնության ականատես երեխաների

Երևանի «Ապահով անկյունը» անվտանգ ու ապահով վայր է բռնության ենթարկված երեխաների համար

07 Հունիս 2023
Աղջիկը իր խաղալիքներով: Նրա դեմքը չի երևում
UNICEF/UN0220714/Babajanyan

ԵՐԵՎԱՆ - ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները հայտարարել են Երևանում երեխայակենտրոն առաջին անվտանգ վայրի գործարկման մասին: Այն բռնության զոհ դարձած երեխաներին կտրամադրի բազմամասնագիտական և միջգերատեսչական պաշտպանություն կրկնակի զոհայնացումից, ինչպես նաև կնպաստի արդարադատության երեխայակենտրոն ընթացակարգեր: Այստեղ հնարավոր կլինի անցկացնել երեխաների հարցաքննություն և դատաբժշկական փորձաքննություն, երեխաների վիճակի համակողմանի գնահատվում: Նրանք նաև ճգնաժամային աջակցության ծառայություններ կստանան համապատասխան մասնագետներից: Պարզ ասած՝ այն ստեղծվել է բռնությունից տուժած երեխաների լավագույն շահին ծառայելու և օրենքի պատշաճ կատարումն ապահովելու համար: 

Երեխայակենտրոն ապահով այս վայրը մոդելավորվել է երեխայակենտրոն արդարադատության՝ Բարնահուսի միջազգային մոտեցման նմանությամբ, որը մեկ հարկի տակ է միավորում իրավապահներին, քրեական արդարադատության համակարգը, երեխայի պաշտպանության ծառայությունները, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առողջության ոլորտի աշխատակիցներին՝ համագործակցելու և երեխաների վիճակը միասին գնահատելու համար: Բարնահուս մոտեցումով կարելի է խուսափել կրկնակի զոհայնացումից և բարձրացնել արդարադատության գործընթացի արդյունավետությունը՝ ստեղծելով երեխայակենտրոն միջավայր քննչական գործողությունների համար, նվազեցնելով բազմաթիվ մարմինների կողմից տարբեր վայրերում իրականացվող հարցաքննությունները և ընդհանրապես բացառելով տուժողի և հանցագործության մեջ մեղադրվողի հանդիպումը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկելով՝ պաշտպանելու գործընթացի գաղտնիությունը, տուժած երեխաների ինքնությունը, պատկերը/անձը՝  միաժամանակ օգնելով նրանց՝ վերականգնվել: 

Աշխատանքի այս նոր մոդելը գործարկվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ Հայ օգնության ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Այն հնարավոր է դարձել ՀՀ քննչական կոմիտեի,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության և Առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության հաստատուն հանձնառությամբ և ղեկավարությամբ։

Երևանի «Ապահով անկյունը» սենյակ է, որում առկա է երեխայակենտրոն միջավայր՝ տարիքին համապատասխան խաղալիքներով, գրականությամբ և զբաղմունքի համար նախատեսված այլ պարագաներով: Նպատակն է՝ երեխաների համար հարմարավետ միջավայր ստեղծել հարցաքննությունից առաջ և ընթացքում: Որպեսզի երեխան ստիպված չլինի իր հետ տեղի ունեցածը մի քանի անգամ և մի քանի անձանց պատմել, քննիչների և հավաստագրված հոգեբանների կողմից անցկացվող դատաբժշկական հարցաքննությունը արդարադատության մասնագետները կարող են դիտել մեկ այլ սենյակից: Հարցաքննությունը կարող է նաև տեսանկարահանվել՝ անհրաժեշտության դեպքում դատարանում օգտագործելու նպատակով:

Սենյակում երեխաները շուտով կկարողանան նաև բուժզննում անցնել։ Մասնագետների բազմամասնագիտական թիմը, այդ թվում՝ հոգեբանը, սոցիալական աշխատողը և բժիշկը, ճգնաժամային միջամտություն կտրամադրեն, ինչպես նաև կորոշեն կարճաժամկետ կամ երկարաժամկետ թերապևտիկ և այլ օժանդակ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը:

Նախկինում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Քրեական դատավարության օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որպեսզի երեխաներին հարցաքննեն միայն որակավորված դատաբժշկական հոգեբան-հարցազրուցավարները. իրականացվել է նաև համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակում: Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է Արդարադատության նախարարությանը՝ վերապատրաստման մոդուլների մշակման և 53 հոգեբանների հետագա վերապատրաստման և ատեստավորման հարցում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, գործընկերների հետ համագործակցությամբ, աշխատանքներ է իրականացնում այս տարվա հունիս ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող Երեխաների և ընտանիքի աջակցության կենտրոնի/Ճգնաժամային կենտրոնի տարածքում ևս Բարնահուսի մոդելի նմանությամբ ապահով վայր ստեղծելու համար՝ հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում այս մոտեցումը կդառնա արդարադատության և երեխայի պաշտպանության ներպետական համակարգերի անբաժանելի մաս՝ ապահովելով, որ բռնությունից տուժած բոլոր երեխաները, անկախ բռնության ձևից, հավասարապես օգտվեն երեխայակենտրոն արդարադատությունից և ապահովված լինեն բազմակողմանի աջակցությամբ, որը կօգնի նրանց՝ նորովի ապրել իրենց կյանքը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: