ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն դր․ Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի համատեղ հայտարարությունը կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվան ընդառաջ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն կոչ են անում պետություններին՝ ամրապնդել կրծքով կերակրմանն ուղղված աջակցությունը և առողջապահական համակարգերը՝ յուրաքանչյուր երեխայի համար կյանքի առողջ սկիզբ ապահովելու համար
- Հայերեն
- English
ԺՆԵՎ/ՆՅՈՒ ՅՈՐՔ, հուլիսի 31, 2026 թ. – Աշխարհում չափազանց մեծ թվով մայրերի և ընտանիքների դեռևս հասանելի չեն այն ծառայություններն ու միջամտությունները, որոնք հնարավորություն են տալիս սկսել և շարունակել կրծքով կերակրումը։
Այնուամենայնիվ, կրծքով կերակրումը երեխայի առողջությունը պաշտպանելու ամենապարզ և ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Այն նորածիններին և փոքր երեխաներին ապահովում է անհրաժեշտ սննդանյութերով, ամրապնդում է նրանց իմունային համակարգը, օգնում է կանխարգելել ծանր հիվանդությունները և նպաստում է ճանաչողական զարգացմանը։
Մայրերի համար ևս կրծքով կերակրումն ունի առողջության համար կարևոր առավելություններ՝ նպաստելով այնպիսի ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի նվազեցմանը, ինչպիսիք են կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղը, ինչպես նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետը։
Ուրախալի փաստ է, որ ամբողջ աշխարհում կրծքով կերակրման ցուցանիշներն աճում են։ Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրման ցուցանիշը 2012 թվականի շուրջ 37 տոկոսից այսօր հասել է ավելի քան 47 տոկոսի։ Վերջին հինգ տարիների ընթացքում մինչև երկու տարեկանը կրծքով կերակրման շարունակականության ցուցանիշը ևս աճել է՝ 38 տոկոսից հասնելով 50 տոկոսի։
Այս առաջընթացը ցույց է տալիս, որ մայրերին և ընտանիքներին ուղղված քաղաքականություններում և ծրագրերում շարունակական ներդրումներն արդյունավետ են։ Սակայն առաջընթացը դեռևս հավասարաչափ չէ․ բազմաթիվ երկրներ շարունակում են հետ մնալ համաշխարհային նպատակներից։
Կրծքով կերակրմանն աջակցող ծառայությունների հասանելիությունը դեռևս սահմանափակ է, քաղաքականությունների իրականացումն ու վերահսկումը տարբեր երկրներում անհավասար է, իսկ ծառայությունների որակը հաճախ բավարար չէ՝ հատկապես ցածր եկամուտ ունեցող, խոցելի և հումանիտար իրավիճակներում գտնվող երկրներում։
Այս առաջընթացը ցույց է տալիս, որ մայրերին և ընտանիքներին ուղղված քաղաքականություններում և ծրագրերում շարունակական ներդրումներն արդյունավետ են։ Սակայն առաջընթացը դեռևս հավասարաչափ չէ․ բազմաթիվ երկրներ շարունակում են հետ մնալ համաշխարհային նպատակներից։
Կրծքով կերակրմանն աջակցող ծառայությունների հասանելիությունը դեռևս սահմանափակ է, քաղաքականությունների իրականացումն ու վերահսկումը տարբեր երկրներում անհավասար է, իսկ ծառայությունների որակը հաճախ բավարար չէ՝ հատկապես ցածր եկամուտ ունեցող, խոցելի և հումանիտար իրավիճակներում գտնվող երկրներում։
Կրծքով կերակրման խթանման և աջակցության ընդլայնումը կարող է ամեն տարի կանխել գրեթե 400 000 երեխայի և շուրջ 140 000 մոր մահ։
Կրծքով կերակրման խթանման ուղղությամբ ներդրված յուրաքանչյուր 1 ԱՄՆ դոլարը կարող է ապահովել մոտ 59 ԱՄՆ դոլարի տնտեսական օգուտ՝ առողջապահական ծախսերի նվազման, երեխաների ճանաչողական զարգացման բարելավման, կրթական ավելի բարձր արդյունքների և հետագա կյանքի ընթացքում եկամուտների ավելացման շնորհիվ։
Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա շրջանակում, որի այս տարվա խորագիրն է՝ «Կրծքով կերակրում՝ կյանքի կայուն մեկնարկի համար․ ամրապնդենք այն, ինչի օգուտներն ակնհայտ են», ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ են անում պետություններին՝
- ամրապնդել առողջապահական համակարգերը՝ մայրերին և նորածիններին կրծքով կերակրման գործում որակյալ աջակցություն տրամադրելու համար,
- ընդլայնել համայնքային խորհրդատվական ծառայությունները և հասակակիցների աջակցության ծրագրերը,
- ամբողջությամբ կիրառել և վերահսկել Կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման միջազգային օրենսգրքի պահանջների կատարումը,
- ներդրումներ կատարել վճարովի մայրական արձակուրդի և աշխատավայրում մայրերին աջակցող քաղաքականությունների ուղղությամբ,
- կրծքով կերակրումը խթանող միջոցառումներ ներառել հղիության ընթացքում, ծննդաբերության շրջանում և հետծննդյան փուլում մատուցվող առողջապահական ծառայություններում,
- շարունակել կրծքով կերակրման աջակցության տրամադրումը հումանիտար ճգնաժամերի և խոցելի իրավիճակների պայմաններում։
Կրծքով կերակրումը կենսական նշանակություն ունի։ Ապացուցահեն արդյունավետ լուծումների մեջ ներդրումներ կատարելով՝ մենք կարող ենք յուրաքանչյուր երեխայի համար ապահովել կյանքի լավագույն հնարավոր սկիզբ և յուրաքանչյուր մոր տրամադրել անհրաժեշտ խնամքն ու ծառայությունները։
Մամուլի հարցերով պատասխանատու
Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Instagram և X-ում: