Ծնողների և հղի կանանց կեսից ավելին ենթարկվում է կրծքի կաթի փոխարինիչների ագրեսիվ շուկայավարման ազդեցությանը․ ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ

Նոր զեկույցի համաձայն՝ մանկական կաթնային սննդի (կրծքի կաթի փոխարինիչների) 55 միլիարդ դոլար արժողությամբ արտադրությամբ զբաղվող ընկերությունների կողմից կիրառվող չարաշահող գործելակերպերը վտանգում են երեխաների սնուցումը և խախտում միջազգային պարտավորություններ

23 Փետրվար 2022
Mother is breastfeeding her one year old boy.
UNICEF Armenia/2020/Grigoryan

Ժնև/Նյու Յորք, 23 փետրվարի, 2022 թ․: ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրականացրած հարցման ընթացքում պարզվել է, որ ծնողների և հղի կանանց կեսից ավելին (51%-ը) թիրախավորվել է մանկական կաթնային սննդի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների շուկայավարման միջոցով, որոնց մեծ մասը խախտում է կրծքով կերակրման համաշխարհային չափանիշները:

«Ինչպե՞ս է մանկական կաթնային սննդի շուկայավարումն ազդում երեխայի սնուցման վերաբերյալ մեր որոշումների վրա» զեկույցը կազմվել է 8 երկրներում ծնողների, հղի կանանց և բուժաշխատողների շրջանում իրականացված հարցազրույցների տվյալների հիման վրա։ Այն բացահայտում է, թե ինչպես են մանկական կաթնային սնունդ արտադրողները, որ ներկայում ունեն 55 միլիարդ դոլար արժողությամբ կարողություն, պարբերաբար խախտում էթիկայի կանոնները, որպեսզի ուղղորդեն նորածնին կերակրելու վերաբերյալ ծնողների որոշումները։

Ըստ զեկույցի՝ շուկայավարման մեթոդները ներառում են անկանոն և ագրեսիվ առցանց թիրախավորում, հովանավորվող խորհրդատվական ցանցեր և թեժ գծեր, արշավներ և նվերներ, ինչպես նաև վերապատրաստումների շնորհիվ բուժաշխատողների վրա ազդող գործելակերպեր։ Այն ուղերձները, որ ստանում են ծնողներն ու բուժաշխատողները, հաճախ ապակողմնորոշող են, գիտականորեն չհիմնավորված և հաճախ խախտում են «Կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման միջազգային օրենսգիրքը»՝ 1981 թվականին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի կողմից ընդունված հանրային առողջության կարևորագույն համաձայնագիրը, որը կոչված է պաշտպանելու մայրերին մանկական սնունդ արտադրողների ագրեսիվ շուկայավարման գործելակերպից։

Ըստ ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի․ «Սույն զեկույցը հստակ ցույց է տալիս, որ կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարումը ապակողմնորոշող է, ագրեսիվ և անընդունելիորեն լայնորեն տարածվում է»:

Բանգլադեշում, Չինաստանում, Մեքսիկայում, Մարոկկոյում, Նիգերիայում, Հարավային Աֆրիկայում, Միացյալ Թագավորությունում և Վիետնամում 8,500 ծնողների և հղի կանանց, ինչպես նաև 300 բուժաշխատողների շրջանում իրականացված հարցումների ընթացքում պարզվել է, որ Միացյալ Թագավորությունում հարցմանը մասնակցած կանանց 84%-ը, Վիետնամում 92%-ը և Չինաստանում 97%-ը ենթարկվում են մանկական կաթնային սննդի գովազդների և արշավների ազդեցությանը, ինչը կարող է բարձրացնել նորածիններին մանկական սնունդով կերակրելու նրանց ընտրության հավանականությունը։

«Մանկական կաթնային սննդի վերաբերյալ կեղծ և ապակողմնորոշող ուղերձները էապես խոչընդոտում են կրծքով սնուցումը, որը, ինչպես բոլորս գիտենք, լավագույն միջոցն է թե՛ երեխաների և թե՛ նրանց մայրերի համար,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը:- Մենք խիստ քաղաքականության, օրենսդրության և ներդրումների կարիք ունենք, որպեսզի պատշաճ կերպով խթանենք կրծքով սնուցումը և պաշտպանենք կանանց էթիկայի կանոնների խախտմամբ իրականացվող շուկայավարման գործելակերպերից՝ ապահովելով, որ նրանք ստանան իրենց անհրաժեշտ տեղեկությունն ու աջակցությունը»։

Հարցմանն ընդգրկված բոլոր երկրներում կանայք՝ Մարոկկոյում կանանց 49%-ից մինչև Բանգլադեշում 98%-ը, արտահայտել են բացառապես կրծքով կերակրելու մեծ ցանկություն:

Մինչդեռ զեկույցը փաստում է, թե ինչպես է ապակողմնորոշող շուկայավարման ուղերձների կայուն հոսքը կրծքով կերակրելու և կրծքի կաթի մասին կեղծ տեղեկություններ տարածում՝ թուլացնելով կանանց վստահությունը և կասկածի ենթարկելով երեխաներին կրծքով հաջողությամբ կերակրելու նրանց ունակությունը։ Այս կեղծ տեղեկությունների շարքում են ծննդից հետո առաջին օրերին մանկական կաթնային սնունդով երեխային կերակրելու անհրաժեշտությունը, նորածինների համար կրծքի կաթի անհամապատասխանությունը, և պնդումներն առ այն, որ մանկական կաթնային սնունդը պարունակում է նորածնի զարգացումը բարելավող կամ իմունիտետը բարձրացնող բաղադրիչներ, նորածիններին ավելի երկար ժամանակ է հագեցնում, և կրծքով կաթի որակը ժամանակի ընթացքում վատանում է։

Կրծքով կերակրումը ծննդից հետո առաջին իսկ ժամից, ապա նրանց բացառապես կրծքով կերակրումը մինչև 6 ամիսը և շարունակական կրծքով կերակրումը մինչև 2 տարեկանը կամ դրանից հետո, օգնում են երեխային պայքարելու թերսնուցման դեմ՝ պաշտպանելով նրանց հյուծվածությունից և գիրությունից։ Կրծքով կերակրումը նաև հանդիսանում է երեխայի առաջին պատվաստումը, որ պաշտպանում է նրան մի շարք տարածված մանկական հիվանդություններից։ Այն նաև նվազեցնում է կանանց՝ շաքարային դիաբետով հիվանդանալու, մի քանի տեսակ քաղցկեղների առաջացման, ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, երեխաների միայն 44%-ն է մինչև 6 ամիս բացառապես կրծքով կերակրվում։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում կրծքով կերակրման համաշխարհային միջին ցուցանիշը շատ քիչ է բարձրացել, մինչդեռ հենց նույն ժամանակաշրջանում մանկական կաթնային սննդի վաճառքը կրկնակի ավելացել է։

Զեկույցն ահազանգում է, որ բոլոր երկրներում մեծ թվով բուժաշխատողների շրջանում մանկական սնունդ արտադրող կազմակերպությունների կողմից իրականացվել են արշավներ՝ գովազդային նվերների, անվճար նմուշների, հետազոտության համար ֆինանսավորման, վճարովի հանդիպումների, միջոցառումների և կոնֆերանսների և նույնիսկ միջնորդավճարների միջոցով՝ ազդեցություն գործելու ծնողների որոշումների վրա: Հարցվող կանանց մեկ երրորդից ավելին նշել է, որ բուժաշխատողները նրանց հատուկ ապրանքանիշի որևէ սնունդ են առաջարկել։

Այս մարտահրավերներին դիմակայելու համար ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները կոչ են անում կառավարություններին, բուժաշխատողներին և մանկական սնունդ արտադրողներին վերջ տալ կրծքի կաթի փոխարինիչների չարաշահող շուկայավարմանը, ամբողջությամբ կիրառել և պահպանել Կանոնագրքի պահանջները:

Սա ներառում է.

  • Համաձայն Միջազգային օրենսգրքի՝ օրենքների ընդունում, մշտադիտարկում և կիրարկում՝ կանխելու կրծքի կաթի փոխարինիչների արտադրության առաջխաղացումը, ներառյալ մանկական սնունդ արտադրողների՝ սննդի և առողջության մասին հայտարարությունների արգելումը:
  • Ներդրումների իրականացում կրծքով կերակրմանն աջակցող ծրագրային քաղաքականություններում, ներառյալ միջազգային չափանիշներին համապատասխան վճարովի ծնողական արձակուրդը, և կրծքով կերակրման բարձրորակ աջակցության ապահովում:
  • Պահանջել արտադրողներից հրապարակայնորեն պարտավորվել ամբողջությամբ պահպանել Օրենսգիրքը և Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հետագա համընդհանուր որոշումները:
  • Արգելել բուժաշխատողներին կրթաթոշակների, պարգևավճարների, դրամաշնորհների, հանդիպումների կամ միջոցառումների համար ընդունել հովանավորություն այն կազմակերպություններից, որոնք վաճառում են նորածինների և փոքր երեխաների համար նախատեսված սննդամթերք:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար ավելի քան 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: 

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հետևե՛ք մեզ  FacebookTwitterInstagram և YouTube սոցիալական հարթակներում: