ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլի և ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի համատեղ հայտարարությունը Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա կապակցությամբ.

01 Օգոստոս 2022
Կրծքով կերակրվող փոքրիկ
UNICEF Armenia/2020/Grigoryan

ՆՅՈՒ ՅՈՐՔ/ԺՆԵՎ, 1-ը օգոստոսի 2022 թվական – «Քանի որ համաշխարհային ճգնաժամերը շարունակում են սպառնալ միլիոնավոր նորածինների և երեխաների առողջությանը և սնուցմանը, կրծքով կերակրման կենսական նշանակությունը, որպես կյանքի լավագույն սկիզբ, առավել կարևոր է, քան երբևէ:

«Կրծքով կերակրման այս համաշխարհային շաբաթվա առիթով, «Արա ավելին հանուն կրծքով կերակրման. կրթիր և աջակցիր» խորագրի ներքո, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն կոչ են անում կառավարություններին ավելի շատ ռեսուրսներ հատկացնել՝ պաշտպանելու, խթանելու և աջակցելու կրծքով կերակրման քաղաքականությանն ու ծրագրերին, հատկապես արտակարգ իրավիճակներում ապրող առավել խոցելի ընտանիքների համար:

Արտակարգ իրավիճակների ժամանակ կրծքով կերակրումն անվտանգ, սննդարար և մատչելի սննդի աղբյուր է նորածինների և փոքր երեխաների համար: Այն հզոր պաշտպանություն է հիվանդությունների և երեխաների թերսնուցման բոլոր ձևերի , այդ թվում՝ սուր թերսնուցման դեմ:

Կրծքով կերակրումը նաև նորածինների առաջին պատվաստանյութն է, որը պաշտպանում է նրանց մանկական տարածված հիվանդություններից:

Այնուամենայնիվ, հուզական դիսթրեսը, ֆիզիկական հյուծվածությունը, համապատասխան տարածքի և հարմարավետության բացակայությունը և ոչ բավարար սանիտարական պայմանները, որոնք ծառանում են արտակարգ իրավիճակներում ապրող մայրերի առջև, նշանակում են, որ բազմաթիվ երեխաներ չեն օգտվում իրենց կյանքի պահպանման համար կարևոր կրծքով կերակրման օգուտներից:

Բոլոր նորածինների կեսից պակասն է կրծքով կերակրվում կյանքի առաջին ժամի ընթացքում, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում հիվանդությունների և մահվան նկատմամբ: Եվ փոքրիկների միայն 44 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում կյանքի առաջին վեց ամիսներին, ինչը Առողջապահության համաշխարհային ասամբլեայի կողմից մինչև 2025 թվականը սահմանած 50 տոկոս թիրախից քիչ է:

Կրծքով կերակրումը խթանելը և կրծքով կերակրմանն աջակցելն ավելի կարևոր է, քան երբևէ, ոչ միայն մեր մոլորակը որպես հիմնական բնական, կայուն, առաջնային սննդի համակարգ պաշտպանելու համար, այլ նաև միլիոնավոր նորածինների կյանքի պահպանման, աճի և զարգացման համար»:

Այդ իսկ պատճառով ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն կոչ են անում կառավարություններին, դոնորներին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին ակտիվացնել ջանքերը՝

  • Առաջնահերթությունը տալ հօգուտ կրծքով կերակրման աջակցության քաղաքականության և ծրագրերի ներդրումների, հատկապես ճգնաժամային համատեքստում:
  • Համապատասխան հաստատություններում և համայնքներում առողջապահական և սնուցման գծով աշխատակիցներին տրամադրել անհրաժեշտ հմտություններ՝ հաջողությամբ կրծքով կերակրելու համար մայրերին ապահովելու որակյալ խորհրդատվությամբ և գործնական աջակցությամբ:
  • Պաշտպանել խնամակալներին և բուժաշխատողներին կաթնախառնուրդի արտադրության ոչ էթիկական մարքեթինգային ազդեցությունից՝ ընդունելով և կիրառելով Կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման միջազգային օրենսգրքի բոլոր դրույթները, այդ թվում հումանիտար կոնտեքստում:
  • Իրականացնել ընտանիքամետ քաղաքականություն, որպեսզի մայրերն ունենան անհրաժեշտ ժամանակ, հարմարեցված սենյակներ և անհրաժեշտ աջակցություն՝ հաջողությամբ սկսելու և ավարտելու կրծքով կերակրումը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: