ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները կաջակցեն իրավական և քաղաքական դաշտի մշակմանը՝ ուժեղացնելու երեխաների պաշտպանությունը կիբերհանցագործություններից և առցանց վնասներից

Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսում է առցանց անվտանգության ոլորտում դեռահասների, ծնողների և ուսուցիչների կարողությունները զարգացնելու ծրագիր:

09 Փետրվար 2024
UNICEF and partners to develop legal and policy framework to strengthen resilience and protection of children from cyber-enabled crime and online harm
UNICEF Armenia/2024/Galstyan

Երևան, 9-ը փետրվարի, 2024 - Անվտանգ համացանցի օրը նշելով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների և երիտասարդների հետ միասին հայտարարեց, որ սկսում է մի նոր նախագիծ՝ պաշտպանելու Հայաստանում երեխաներին կազմակերպված կիբերհանցագործությունից և համացանցի այլ վտանգներից: Էջմիածնի բաց երիտասարդական տան դեռահասներն ու երիտասարդները քննարկեցին կիբերանվտանգության և մեդիագրագիտությոան հիմնախնդիրները Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի, ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ։

Այս նախագծի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաշխատի գործընկերների հետ՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ մշակելու օրենսդրություն, քաղաքականություն և չափորոշիչներ՝ երեխաներին առցանց ռիսկերից և վնասներից պաշտպանելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև վերապատրաստումներ կկազմակերպի իրավապահ մարմինների և երեխաների պաշտպանության ոլորտի այլ մասնագետների, ինչպես նաև երեխաների և դեռահասների, ծնողների և ուսուցիչների համար՝ առցանց ռիսկերից և վնասներից երեխաներին պաշտպանելու կարողությունները զարգացնելու համար:

«Մի աշխարհում, որտեղ 15-ից 24 տարեկան երիտասարդների 71 տոկոսն օգտվում է համացանցից, կարևոր է դառնում, որ յուրաքանչյուր մարդ, հատկապես դեռահասներն ու երիտասարդներն ունենան թվային հմտություններ համացանցի հնարավորություններից առավելագույնս օգտվելու և համացանցում լավագույնս պաշտպանված լինելու համար: Փորձագետները փաստում են, որ Հայաստանում երեխաներն ավելի հաճախ են ենթարկվում առցանց սպառնալիքների, քան հաղորդվում է դրա մասին։ Միևնույն ժամանակ, ոչ բոլոր երեխաներին է հասանելի առցանց անվտանգության մասին տեղեկատվությունը», - նշեց տիկին Վայգանդը: «Այս տարի Հայաստանում նշելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի 30-ամյակը, մենք հուսով ենք, որ այս նախագծի միջոցով և բոլոր գործընկերների, այդ թվում դեռահասների, Հայաստանի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների և այլ գործընկերների հետ, մենք երկարատև ազդեցություն կունենանք Հայաստանի երեխաների բարեկեցության վրա»:

2023 թվականին Միացյալ Թագավորության կառավարության հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերլուծել է թվային միջավայրում երեխաների պաշտպանության հայաստանյան օրենսդրությունը, ինչպես նաև համացանցի ռիսկերն ու հնարավորությունները։ Թեև դեռևս կարիք կա ավելի խորը տվյալներ ստանալու որոշակի ռիսկերի մասին, որոնց բախվում են երեխաներն առցանց, ինչպիսիք են առցանց սեռական շահագործումը և չարաշահումը, բայց գոյություն ունեցող տվյալներն արդեն հնարավորություն են տալիս քաղաքականություն մշակողներին երեխաների համար թվային հնարավորությունները հավասար և անվտանգ օգտագործելու լուծումներ գտնել:

Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսում է առցանց անվտանգության ոլորտում դեռահասների, ծնողների և ուսուցիչների կարողությունները զարգացնելու ծրագիր:
UNICEF Armenia/2024/Galstyan

«Այսօր Անվտանգ համացանցի օրն է և մենք հպարտ ենք աջակցել այս նախագծին՝ օգնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին պաշտապնել երեխաներին կիբերհանցագործություններից: Ավելի ու ավելի թվային դարձող այս աշխարհում երեխաների այս սերունդն ավելի շատ ժամանակ է անցկացնում համացանցում, քան նախորդ սերունդները: Համացանցն իսկապես ձևավորում է երեխաների կյանքը՝ նրանց մտածելակերպը, կրթությունը, առցանց գնումներ կատարելը: Թեև համացանցը մեծ հնարավորություններ է տալիս, այն նաև շատ ռիսկեր է պարունակում», - ասաց դեսպան Գալագերը: «Երեխաներին առցանց պաշտպանելու արդյունավետ համակարգ ունենալու համար մենք պետք է համոզվենք, որ օրենսդրական շրջանակը, այն վերահսկելու կարողությունները, ինչպես նաև երեխաների շրջանում իրազեկության բարձրացման արշավները այդ փաթեթի մաս են կազմում: Ուրախ եմ տեսնել, մասնակիցների լայն շրջանակ ոչ միայն կառավարությունից և քաղաքացիական հասարակությունից, այլ նաև ուսուցիչների և հատկապես երեխաների ներգրավվածությունը»:

Հաշվի առնելով երեխաների հանդեպ կիբերհանցագործության գլոբալ բնույթը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, բացի օրենսդրական դաշտի բարելավումից, նաև կնպաստի այս ոլորտում ներքին գործերի նախարարության և միջազգային ԻՆՏԵՐՊՈԼ-ի միչև համագործակցության խորացմանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները կաջակցեն իրավական և քաղաքական դաշտի մշակմանը՝ ուժեղացնելու երեխաների պաշտպանությունը կիբերհանցագործություններից և առցանց վնասներից
UNICEF Armenia/2024/Galstyan

«Աշխարհը, այդ թվում՝ նաև Հայաստանը, հետևողականորեն քայլեր է ձեռնարկում երեխաների համար առցանց անվտանգ միջավայր ապահովելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, երեխաների  ներգրավմամբ լուծումներ նախանշելու ուղղությամբ դեռևս շատ անելիքներ կան: Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ, զուգահեռ զարգանում են նաև համացանցից օգուտ քաղելու, միաժամանակ՝ պոտենցիալ ռիսկերի ենթարկվելու հնարավորությունները: Այդ առումով ռիսկերի գնահատման և անվտանգ առցանց միջավայր ստեղծելու հարցում կարևոր է բոլոր շահագրգիռ մարմինների համագործակցությունը: Այս պահին Ներքին գործերի նախարարությունը կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման վերափոխման գործընթացում է: Մենք պատրաստակամ ենք շարունակելու աշխատել բոլոր գործընկերների հետ՝ թեմատիկ քննարկումներում ներգրավելով նաև երեխաներին, որպեսզի հանրային վարքագիծը համահունչ լինի նրանց համար թվային անվտանգ միջավայր ունենալու մեր տեսլականին»,-տեղեկացրեց տիկին Սարգսյանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաշխատի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ոչ միայն առաջարկելու և մշակելու լուծումներ՝ վերացնելու առցանց վնասը, այլ նաև համոզվելու, որ դրանք համահունչ են առկա ռազմավարություններին և ճանապարհային քարտեզներին թվային զարգացման և կիբերանվտանգության ավելի լայն համատեքստում: «Այս սերունդը հմուտ է տարբեր տեխնոլոգիաներ մշակելու և օգտագործելու մեջ, սակայն դրա հետ մեկտեղ մեծ ռիսկեր են առաջանում, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, որ կարող է հետևանքներ ունենալ ավելի լայն հասարակության համար: Մենք արդեն աշխատում ենք կիբերանվտանգության և հանցավորության մասին օրենսդրության նախագծի վրա։ Այդ համատեքստում մեր խնդիրն է աշխատել հասարակության այն անդամների հետ, ովքեր առավել խոցելի են այս խնդրի նկատմամբ և ուղիներ մշակել նրանց անվտանգությունն ապահովելու համար: Երիտասարդ սերունդը հաճախ ավելի մեդիագրագետ է, ուստի մենք նաև հույս ունենք, որ նրանք կընդունեն ավելի ավագ սերունդներին այս հարցում աջակցելու մեր կոչը»:

Մասնակիցները լսեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ երիտասարդների կողմից ստեղծված CoMedia ստարտափից, ովքեր ներկայացրեցին մեդիա գրագիտության սեղանի խաղը, որի միջոցով դեռահասները և երիտասարդները կարող են ավելին իմանալ համացանցում տարածված սխալների մասին: Այս նախագծի շրջանակում ևս ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաշխատի դեռահասների և երիտասարդների հետ՝ բարձրացնելու առցանց անտանգության մասին նրանց իրազեկվածությունը և խթանելու դեռահասների կողմից առաջարկվող լուծումների մշակմանն ու կատարելագործմանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կզարգացնի սոցիալական ծառայության աշխատուժի կարողությունները երեխաների առցանց հանցագործությունների դեպքերին արձագանքելու և տուժած երեխաներին երեխայակենտրոն ծառայություններ մատուցելու ուղղությամբ: Ի լրումն, համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ուսուցիչներին կզինի հմտություններով ու գիտելիքներով կանխարգելելու առցանց ռիսկերը երեխաների համար:

Մամուլի հարցերով պատասխանատու

Zara Sargsyan
Communication Specialist
UNICEF Armenia
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: