Դպրոցում վստահության մթնոլորտ ստեղծելը չափազանց կարևոր է. առաջին անգամ անցկացվել է աշակերտական համաժողով

01 Դեկտեմբեր 2025
Դեռահասների ու երիտասարդների խմբակային լուսանկար
UNICEF Armenia/2025/Galstyan

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի, 2025 թ. - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ առաջին անգամ տեղի է ունեցել աշակերտական համաժողով, որն անցկացվել է «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի կրթության մրցունակությանն ուղղված Եվրոպական միության կողմից տրամադրվող բյուջետային աջակցության շրջանակում:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ գրասենյակի միջազգային համագործակցության պատասխանատու Ֆրանկ Հեսսը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

Աշակերտական համաժողովին շուրջ 180 սովորող է մասնակցել. նրանք ընտրվել են ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներից, ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտական խորհուրդների անդամներից և ակտիվ հասարակական գործունեություն ծավալող աշակերտներից, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայության և ոչ պետական դպրոցների այն աշակերտներից, որոնք ակտիվ մասնակցել են նախարարության տարբեր ծրագրերի:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նմանօրինակ համաժողովի անցկացումը վաղուց հասունացած անհրաժեշտություն էր՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին ձևավորվել է ուսուցչական համաժողովների ավանդույթը, որը դարձել է փորձի փոխանակման և նորարարության խթանման լավագույն հարթակ։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ուսուցիչների մասնակցությամբ քննարկումների ընթացքում էլ բարձրացվել է կրթության գլխավոր շահառուների՝ աշակերտների մասնակցությամբ հարթակի ձևավորման խնդիրը։

«Երեխաներին գործընթացների ուղղակի մասնակից դարձնելն առանցքային նշանակություն ունի ոչ միայն աշակերտների, այլև նախարարության համար: Եթե ուզում ենք, որ կրթական բարեփոխումները լինեն նպատակային և իրականում օգտակար, նշանակում է՝ դրանք առանց աշակերտների մասնակցության չեն կարող իրականացվել»,– նշել է նախարարը՝ ընդգծելով, որ սովորողները հաճախ բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնք որևէ այլ միջավայրում չեն հնչում։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ համաժողովն անցկացվում է այն ժամանակահատվածում, երբ աշխարհում նշվում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման օրը. «Երեխայի իրավունքների շարքում առանձնահատուկ տեղ ունի մասնակցության, այդ թվում՝ նրանց ձայնը լսելի դարձնելու իրավունքը, որպեսզի երեխաներին վերաբերող որոշումները չկայացվեն առանց նրանց: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ աշակերտներն իրենք էլ ակտիվություն են ցուցաբերում»։

«Ամբողջ աշխարհում երեխաները նոր և բարդ մարտահրավերների առաջ են կանգնած, և Հայաստանը բացառություն չէ։ Բուլինգն ու կիբեռբուլինգը կանխելը, ինչպես նաև դպրոցներում ապահով ու անվտանգ միջավայր ստեղծելը, որտեղ երեխաները կարող են զարգանալ, կարևոր առաջնահերթություններ են, որոնք մեզնից յուրաքանչյուրի ուշադրությունն ու ներգրավվածությունն են պահանջում։ Դա անելու լավագույն միջոցը երեխաների ձայնը լսելի դարձնելն է, ինչպես նաև ապահովելը, որ նրանք մասնակցեն իրենց վերաբերող լուծումների մշակման գործընթացին։ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր երեխա ունի իր կարծիքն անվտանգ կերպով արտահայտելու, ինչպես նաև լրջությամբ ընկալվելու իրավունք: Երեխաներին հետևողականորեն լսելով ՝ մենք կարող ենք ստեղծել ապահով միջավայրեր, որտեղ նրանք իրենց հարգված և ներառված կզգան»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը` հույս հայտնելով, որ այս համաժողովը կդառնա ամենամյա:

Համաժողովի ընթացքում անցկացվել են պանելային քննարկումներ Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների մասնակցությամբ, ինչպես նաև պլենար նիստ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրով ուսումնական տարի» թեմայով, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա ներկայացրել է կրթական բարեփոխումների երեք հիմնական ուղղությունները՝ ենթակառուցվածքների բարելավում, կրթության բովանդակության որակի բարձրացում և ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնում։

Համաժողովի ընթացքում անցկացվել է նաև «Անվտանգ և ապահով դպրոց» խորագրով նախագծային աշխատանքների էքսպո-ցուցահանդես, որը ներկայացրել են մայրաքաղաքի և մարզերի 4–8-րդ դասարանների սովորողները։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Instagram և X-ում: