Աշխարհում դեռահասների կեսը դպրոցում կամ դպրոցի տարածքում ենթարկվում է բռնության իրենց հասակակիցների կողմից. ՅՈՒՆԻՍԵՖ

Ծեծկռտուքներն ու բուլինգը խաթարում են 13–15 տարեկան 150 միլիոն դեռհասների կրթությունը

19 Սեպտեմբեր 2018
Աղջիկները և տղաները շարք են կանգնել ֆիզկուլտուրայի դասի ժամանակ:
UNICEF Armenia/2018/Osipova

Նյու Յորք, 19-ը սեպտեմբերի, 2018թ. — Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի՝ աշխարհում 13–15 տարեկան աշակերտների կեսը՝ 150 մլն երեխա, ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բռնության է ենթարկվել:

«Ամենօրյա դաս. #ՎերջԲռնությանը դպրոցներում» զեկույցում հասակակիցների միջև բռնությունը, որն իր մեջ ներառում է և՛ դասընկերների կողմից կատարվող բուլինգը, և՛ ֆիզիկական բռնությունը, երիտասարդների կրթության անբաժան մասն է դարձել: Այն վատ է անդրադառնում աշակերտների կրթության և բարեկեցության վրա թե՛ աղքատ և թե՛ հարուստ երկրներում հավասարաչափ:

«Կրթությունը խաղաղ հասարակություն կառուցելու հիմքն է, մինչդեռ աշխարհում միլիոնավոր երեխաների համար դպրոցն ինքնին անվտանգ վայր չէ»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta H. Fore): «Երեխաներն ամեն օր բազմաթիվ վտանգների են ենթարկվում՝ ծեծկռտուքներ, ճնշումներ, բուլինգ կյանքում և առցանց, բռնի դաստիարակություն, սեռական ոտնձգություն, զինված կոնֆլիկտներ: Կարճաժամկետ տեսանկյունից սա ազդում է նրանց կրթության վրա, իսկ երկարաժամկետ տեսանկյունից՝ հանգեցնում դեպրեսիայի և նույնիսկ ինքնասպանության: Բռնությունն անմոռանալի դաս է, դաս, որ ոչ մի երեխա չպետք է սովորի»:

Զեկույցը սահմանում է դասասենյակում և դպրոցում առկա բռնության բազմաթիվ տեսակները: ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին տվյալների համաձայն՝

· Աշխարհում մի փոքր ավելի քան 13–15 տարեկան յուրաքանչյուր 3 աշակերտից 1-ը ենթարկվել է բուլինգի և գրեթե նույնքանն էլ՝ ենթարկվել են ֆիզիկական բռնության:

· 39 զարգացած երկրներում 10 աշակերտից 3-ն ասել է, որ բուլինգի է ենթարկել իր դասընկերոջը:

· Աշխարհում մոտ 720 միլիոն աշակերտ ապրում է այնպիսի երկրներում, որտեղ բռնությունը դպրոցներում օրենսդրորեն ամբողջապես արգելված չէ:

· Տղաներն ու աղջիկները հավասարապես են ենթարկվում բուլինգի, սակայն աղջիկներն ավելի հավանական է՝ հոգեբանական բռնության, իսկ տղաները՝ ֆիզիկական բռնության զոհ դառնան:

Զեկույցը փաստում է, որ զենքերի՝ մասնավորապես՝ դանակի ու ատրճանակի կիրառմամբ իրականացրած բռնությունը շարունակում է կյանքեր խլել: Նաև նշված է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց դաժան, վիրավորական, նվաստացնող բովանդակությամբ բուլինգը հնարավոր է դարձել ընդամենը մեկ կոճակի սեղմամբ:

«Ամենօրյա դաս. #ՎերջԲռնությանը դպրոցներում» զեկույցը ՅՈՒՆԻՍԵՖ-ի #Վերջբռնությանը գլոբալ արշավի մաս է կազմում: Գործընկերների հետ միասին ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձում է բարձրաձայնել դպրոցներում և դրանց շուրջ կատարվող բռնության մասին և գործողություններ իրականացնել դրան վերջ տալու համար:

Աշխարհի տարբեր երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպում է #Վերջբռնությանըթեմայով քննարկումներ երիտասարդների ու դեռահասների հետ: Այս միջոցառումների շարքը հարթակ է, որտեղ նրանք կարող են պատմել բռնության ենթարկվելու իրենց պատմությունները, խոսել՝ ինչ է պետք իրենց դպրոցում անվտանգ զգալու համար և խնդրի լուծման իրենց առաջարկները ներկայացնել երկրների առաջնորդներին:

Դպրոցներում բռնությանը վերջ դնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը իր գործընկերների հետ կոչ է անում հրատապ գործողություններ իրականացնել հետևյալ ոլորտներում՝

· Ապահովել համապատասխան օրենսդրության առկայությունը և պահպանումը

· Ապահովել դպրոցներում բռնության կանխարգելման և խնդրի համապատասխան լուծման մեթոդների առկայությունը

· Աջակցել բռնության մասին բարձրաձայնող աշակերտներին և դասասենյակներում ու համայնքներում փոխել բռնության մշակույթը

· Դպրոցում անվտանգություն ապահովող հաջողված լուծումներին ուղղված ներդրումներն ավելի արդյունավետ ու թիրախավորված դարձնել

· Հավաքագրել դպրոցներում կատարվող բռնության մասին տվյալները ավելի արդյունավետ ու տեսակավորված կերպով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը քաջալերում է ողջ աշխարհի երիտասարդներին՝ բարձրաձայնել դպրոցներում և դրանց շուրջ կատարվող բռնության մասին՝ բռնությանը վերջ դնելու նպատակով և մեզ պատմելու, թե ինչպես են իրենք միասին աշխատում և ինչ լուծումներ են առաջարկում բռնությունը դպրոցից մեկընդմիշտ վերացնելու համար: Ավելին՝ այս հղմամբ։

 

Իրավիճակը Հայաստանում

Հայաստանում երեխաների 38 %-ը տեսել է՝ ինչպես են համայնքում երեխայի ծեծում, իսկ 35 %-ը նվազագույնը 1–5 անգամ դպրոցում ծաղրանքի բուլինգի) ականատես է եղել:

Երեխաների 35%-ը դպրոցներում տեսել է բռնության դեպքեր այս կամ անցած տարվա ընթացքում առնվազն 1–5 անգամ: Սա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ երեխան դպրոցում ականատես է եղել բռնության: Ավելին, հարցվածների 38%-ը պատասխանել է, որ այս կամ նախորդ տարի իրենց դպրոցում կամ համայնքում տեսել է ինչ-որ ﬔկին հարվածելիս:

Մեկ այլ անհանգստացնող տվյալ առնչվում է անչափահասների և ﬔծահասակների ﬕջև առցանց հաղորդակցությանը՝ հարցվածների 13%-ը փաստել են, որ նրանց հետ ﬔծահասակն առցանց հաղորդակցվել է և ցանկացել է խոսել անձնական թեմաների մասին: Հարցվածների մոտ 11%-ը նշել են, որ այլ երեխաներից կամ ﬔծահասակներից առցանց կամ բջջային հեռախոսով ստացել են վիրավորական հաղորդագրություններ:

Ի դեպ, երեխաների 84%-ը ﬔծ կարևորթյուն է տալիս այն փաստին, որ Հայաստանում պետք է ավելի շատ աշխատանքներ իրականացնել բռնության դեպքերը կանխելու ուղղությամբ:

Տվյալները «Երեխաների կարծիքով…» 2017 հետազոտությունից են, որին մասնակցել են 12, 14 և 16 տարեկան երեխաներ:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում