Երեխայի պաշտպանություն
Շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների վերադարձ ընտանիքներ. Հայաստանում շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների մոտ 90 տոկոսն ունի առնվազն մեկ կենդանի ծնող

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Իրավիճակը Հայաստանում
Աշխարհում շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների միջին համամասնությունը՝ մանկահասակ բնակչության 100 000 անդամի հաշվարկով կազմում է 120, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ 666, իսկ Հայաստանում՝ ավելի քան 400 երեխա: Շուրջ 3000 երեխա Հայաստանում ապրում է շուրջօրյա խնամքի պետական հաստատություններում: Մինչդեռ հայտնի չէ մասնավոր հաստատություններում ապրող երեխաների թիվը:
Տասնամյակներ շարունակ տարբեր երկրներում իրականացված անկախ հետազոտությունները ցույց են տվել, որ շուրջօրյա խնամքի կենտրոնները բացասական ազդեցություն են թողնում այնտեղ բնակվող երեխաների վրա:
Տուժում է երեխաների հոգեբանական առողջ զարգացումն ու կյանքում սոցիալիզացվելու՝ ռեալիզացվելու տարբեր հնարավորությունները: Երեխաները վաղ տարիքում կրում են ամենամեծ վնասները՝ նրանց ուղեղի արագացված զարգացման և հուզական կապվածության խնդիրների հետևանքով: Այս պատճառով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ արեց՝ ամբողջությամբ արգելել 0-3 տարեկան երեխաներին շուրջօրյա խնամքի հաստատություններում պահելը:
Նշված խնդիրներից բացի շուրջօրյա խնամքի հաստատությունները նաև ֆինանսական ծանր բեռ են պետբյուջեի վրա: Հայաստանում այս համակարգի ֆինանսավորման տարեկան արժեքը կազմում է 16.6 միլիոն ԱՄՆ դոլար՝ մեկ երեխայի հաշվով ծախսվում է տարեկան միջինը 3800 ԱՄՆ դոլար: Իսկ եթե երեխան բնակվում է խնամատար ընտանիքում՝ այս գումարն ուղիղ 1000 ԱՄՆ դոլարով նվազում է՝ տարեկան կազմելով 2800 ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է մեկ երեխայի հաշվարկով ընտանեկան նպաստին, ապա այն կազմում է տարեկան մոտ 500 ԱՄՆ դոլար: Սա լավագույն տարբերակն է. պետության գումարները խնայելով՝ ապահովել երեխաների կյանքի և ապրելու համար ավելի արդյունավետ պայմաններ:
Հայաստանում երեխաները մեծամասամբ հայտնվում են մանկատներում, խնամքի այլ հատուկ հաստատություններում ոչ թե կենսաբանական ծնողների բացակայության, այլ հենց իրենց հաշմանդամության, աղքատության կամ այլ խոցելի խնդիրներ ունենալու հետևանքով:
Զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաների խնամքը նրանց ընտանիքների համար երբեմն նաև անլուծելի հարց է: Հայաստանում շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների մոտ 90 տոկոսն ունի առնվազն մեկ կենդանի ծնող: 2018 թվականի ապրիլի դրությամբ՝ պետական մանկատներում ապրող 620 երեխաներից 448-ն ունի հաշմանդամություն:
Անկախ այն հանգամանքից՝ երեխան ունի հաշմանդամություն, թե ոչ, հաստատություններում երկարաժամկետ խնամքը չպետք է դիտարկվի որպես համընդհանուր տարբերակ: Այստեղ տարանջատումներ են պետք:
Չնայած երեխաների պաշտպանությունը բարելավելու և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը խթանելու ջանքերին, Հայաստանի կառավարությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու մյուս գործընկերները դեռևս բազում խնդիրների են բախվում:

Առանց համարժեք ծնողական խնամքի մնացած, աղքատության մեջ ապրող, կամ հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանության համակարգը, անհրաժեշտ չափով ճկուն ու հետևողական չէ՝ երեխաների և նրանց ընտանիքների անընդհատ աճող կարիքները բավարարելու համար: Առաջնահերթությունը մշտապես պետք է տրվի ընտանիքահեն լուծումներին:

Ընտանիքներին տրամադրվող նյութական (ֆինանսական և ոչ ֆինանսական) աջակցությունը պետք է լինի խիստ որակյալ, զուգակցվի մասնագիտացած սոցիալական աշխատանքով, առողջապահական, կրթական ծառայություններով, վերականգնողական ծառայությունների հասանելիությամբ ու ծնողավարման աջակցությամբ:

Գոյություն չունի մեկ ընդհանուր օրակարգ՝ ապահովելու որակյալ արդյունքներ երեխաների համար: Իսկ ահա պետական ու ոչ պետական տարբեր դերակատարների համակարգումը բավարար չէ: Այս հարցում խիստ կարևոր է նաև փոխհամաձայնեցված գործողություններն ու իրավական պարտավորությունները և մեկ ընդհանուր տեսլականը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը
Սկսած դեռ 2015 թվականից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու մի շարք այլ դերակատարների կողմից մեծ ջանքեր են գործադրվել՝ մինչև այդ եղած համակարգը բարեփոխելու համար: Այն հիմնականում հենվում էր շուրջօրյա խնամքի հաստատությունների վրա։ Թեև որոշ ասպեկտներով առաջընթացը դանդաղում էր, այդուհանդերձ, նախորդ 3 տարիների ընթացքում արձանագրվել են խոշոր արդյունքներ. հիմնականում օրենսդրական փոփոխությունների, կարողությունների զարգացման ու շուրջօրյա խնամքի հաստատություններին այլընտրանքներ ստեղծելու առումով։ Այս ընթացքն անսպասելիորեն ընդհատվեց 2017 թվականի վերջին եռամսյակում, երբ հիմնական դոնոր կազմակերպությունը (ԱՄՆ ՄԶԳ) դուրս եկավ գործընթացից։ Կան նաև այլ դոնոր կազմակերպություններ և հանձնառություններ, ինչպես նաև պետության ընթացիկ պարտավորությունը՝ երեխաների համար ապահովել լավագույն խնամք։ Բարեփոխումը գրեթե հասել էր գագաթնակետին և այժմ վճռորոշ նշանակություն ունի չթողնելը, որ այն հետ գլորվի։ Չնայած ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորված ծրագիրը բարդ էր, այդուհանդերձ այն չէր անդրադառնում երեխաների պաշտպանության համակարգի բոլոր ասպեկտներին: Հենց այդ պատճառով նաև կարևոր է կատարել մեկ քայլ հետ՝ վերլուծել ներկա իրավիճակն ու համակարգի համապարփակ փոփոխության նպատակով մշակել նոր պլան:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ է տալիս

Ձեռնարկել հրատապ գործողություններ՝ շարունակելու բարեփոխման գործընթացները, որոնք ընդհատվել էին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորման դադարեցման և կառավարության փոփոխության հետևանքով։

Հարկավոր է երեխաների պաշտպանության համակարգն ավելի ընդգրկուն հայացքով դիտարկել: Երեխաների պաշտպանության համակարգի գնահատման արդյունքում, պետք է քարտեզագրվեն բոլոր դերակատարները:

Խորհրդակցական եղանակով մշակել երկարաժամկետ ռազմավարություն և գործողությունների ծրագրեր՝ հստակ թիրախներով ու պարտավորություններով:

Մեծացնել հանրային աջակցությունն ու կառուցել լայն դաշինք՝ հանուն երեխաների պաշտպանությա:
Վերջին մի քանի տարվա ընթացքում հետևյալ ոլորտներում ձեռք բերված արդյունքները
- Երեխայի խնամքի բարեփոխումներին աջակցելու նպատակով ընդունվել է նպաստավոր իրավական ու կարգավորիչ շրջանակ («Ընտանեկան օրենսգրքում» փոփոխությունների, կառավարության մոտ 30 որոշումների ընդունում, առանցքային առաջնահերթությունների արտացոլում ռազմավարական փաստաթղթերում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում երեխայի պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագիրը, Մարդու իրավունքների պաշտպանության 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը, ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը, և այլն).
- Խոցելի երեխաների ու նրանց ընտանիքների համար հասանելի դարձան ընտանիքի աջակցության համայնքահեն այլընտրանքային ծառայությունները (սոցիալական աշխատուժի, օրինակ՝ սոցիալական աշխատողների ու դեպքի վարողների կարողությունների ձևավորում, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների վերաուղղորդում շուրջօրյա խնամքի հաստատություններից դեպի համայնքահեն խնամք).
- ՀՀ կառավարության, միջկառավարական, միջազգային ու տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև շարունակական համագործակցության արդյունքում Հայաստանում պետական ֆինանսավորմամբ շուրջօրյա հաստատություններում գտնվող երեխաների թիվը 2006 թվականի 11 000-ից նվազել է մինչև մոտ 3700 (2014 թ. սեպտեմբերի դրությամբ) և 3000՝ (2017 թ. վերջի դրությամբ):
- Ընտանիքին փոխարինող ծառայությունների համակարգը կատարելագործվեց (խնամատարության տեսակների բազմազանեցում, խնամատարությանն ուղղվող ֆինանսավորման քառապատկում, ընտրված ավելի քան 50 նոր խնամատար ընտանիքների վերապատրաստում).
- Հատուկ դպրոցներից երեխաներին իրենց ընտանիքներ ու համայնքներ վերադարձնելու նպատակով ամրապնդվեց ներառական կրթության համակարգը՝ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ստեղծման և հանրակրթական դպրոցների վերապատրաստման միջոցով՝ բոլոր երեխաների համար որակյալ ուսումնառության ապահովման համար:
- Շուրջօրյա խնամքի հաստատություններում երեխաներին տեղավորելու հանրային աջակցությունը նվազել է, չնայած այդ դա բավարար չէ.
Բարեփոխման վերջնական նպատակն է յուրաքանչյուր երեխայի համար ապահովել դրական, հոգատար ու սիրող ընտանիք, կամ այդօրինակ միջավայր, ինչը նրան հնարավորություն կտա զարգացնել իր ողջ ներուժը: Այս նպատակը հասանելի է Հայաստանի համար, քանի որ բյուջետային առկա ռեսուրսները՝ հաստատություններին աջակցելու փոխարեն, կարող են վերաուղղվել անմիջականորեն ընտանիքներին ու երեխաներին աջակցություն ցուցաբերելուն: