Սոցիալական պաշտպանություն և մանկական աղքատություն
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանն աջակցում է մանկական աղքատության վերաբերյալ տվյալների մշակմանը՝ հիմք ստեղծելով որոշումների կայացման գործընթացի համար:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Իրավիճակը Հայաստանում
Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ երեխա ապրում է աղքատության մեջ
Աղքատությունը խորքային պատճառ է, որը Հայաստանում երեխաների իրավունքների իրացման գործընթացում բազմաթիվ խնդիրներ է առաջացնում։ Ոչ ոք այնքան խոցելի չէ աղքատության նկատմամբ, որքան երեխաները։ Աղքատությունն անմիջական ազդեցություն է գործում երեխաների կյանքի որակի վրա, սկսած՝ ճիշտ սնուցումից մինչև վաղ նախադպրոցական կրթությունը, դպրոցում հաջողության, ոչ ֆորմալ կրթության և խաղալու հնարավորությունները։
Չնայած այն հանգամանքին, որ աղքատության, ներառյալ՝ մանկական աղքատության կրճատումը 90-ական թվականներից ի վեր եղել է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում, Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխա ներկայում ապրում է աղքատության մեջ, և 2017 թվականին ստացված տվյալները (մանկական աղքատություն՝ 34.2%, մանկական ծայրահեղ աղքատություն՝ 2%) ցույց են տալիս, որ 2008 թվականին գրանցված՝ աղքատության ամենացածր մակարդակի համեմատությամբ որևէ էական կրճատում տեղի չի ունեցել։
Աշխարհագրական անհավասարությունները մեծ են. Շիրակի մարզի յուրաքանչյուր երկրորդ երեխա (50.9%) ապրում է աղքատության մեջ։ Մանկական աղքատության մակարդակը զգալիորեն տատանվում է՝ կախված տնային տնտեսությունում երեխաների քանակից, կրտսեր երեխաների տարիքային խմբից, ինչպես նաև տնային տնտեսության գլխավորի այնպիսի բնութագրիչներից, ինչպիսիք են սեռը, կրթական մակարդակը և զբաղվածության կարգավիճակը։
Աղքատությունը նաև բազմաչափ է

Հայաստանում երեք երեխայից գրեթե մեկը միաժամանակ թե՛ աղքատ է, թե՛ զրկված (25%)։

Յուրաքանչյուր երկրորդ երեխա ենթակա է բազմաչափ աղքատության/ զրկվածության (57%), մասնավորապես՝ զրկված է կոմունալ ծառայություններից, սոցիալական շփումներից ու ժամանցից։

Հայաստանում ապրող երեխաների մեկ երրորդը զրկված է, սակայն աղքատ չէ (32%)։
Բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխաներն ունեն զրկվածությունը վերացնող ուղղակի միջամտությունների կարիք և վտանգված են դուրս մնալ միայն դրամական աղքատությանն ուղղված քաղաքականության ազդեցությունից:
Նրանց ընտանիքներում ներդրումներ կատարելը հավասարապես կարևոր է։ Տնային տնտեսությունում առկա գումարի չափը վճռորոշ է, թե՝ երեխան իր կյանքում ինչ հնարավորություններ կարող է ունենալ։ Տարբեր տեսակի դրամական նպաստներն ազդում են մանկական աղքատության, հատկապես՝ ծայրահեղ աղքատության կրճատման վրա։ Ընտանեկան նպաստը աղքատ ընտանիքներին աջակցության ամենախոշոր ծրագիրն է։ Չնայած Հայաստանում ընտանեկան նպաստի համակարգի ծածկույթը կայուն է (2016 թվականին՝ բնակչության 13.6%-ը), դրա հասցեականությունը կատարելագործման կարիք ունի, որպեսզի չքավոր ու ամենակարիքավոր անձինք չմնան առանց կենսական աջակցության։ Միևնույն ժամանակ, սոցիալական տրանսֆերների ծավալը պետք է համարժեք լինի այն կարիքներին, որոնց հոգալու համար կատարվում են այդ փոխանցումները, ինչպես նաև լինեն ավելի նպատկային աղքատության կրճատման համար և ավելի երեխայամետ։
Դրամական նպաստները և ծառայությունների տարբեր տեսակները պետք է լինեն փոխկապակցված և համակարգվեն վաղ նախադպրոցական ուսումնառության, կրթության, առողջապահության և այլ ծառայությունների հետ, որոնցից շահում են երեխաները, և որոնք մեղմում են նրանց բազմաչափ խոցելիությունը։
2010 թվականից ի վեր, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանը ձեռնարկել է երկրում ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխում՝ ներդնելով անհատական դեպքի վարում, տեղական սոցիալական պլանավորում և համագործակցություն սոցիալական ծառայությունների միջև ։
Այդուհանդերձ, դեռևս կան մարտահրավերներ կարողությունների համակարգված զարգացման, սոցիալական աշխատանքի ու դեպքերի վարման, համայնքահեն ծառայությունների հասանելիության և որակի, սոցիալական պաշտպանության ֆինանսավորման, ինչպես նաև սոցիալական ծառայություններ մատուցողների շրջանում ընտանիքների ու երեխաների բազմապիսի խոցելիությունը մեղմելու շուրջ մասնագիտական համագործակցության ոլորտներում: Ավելին, դրամական նպաստները և ծառայությունների տարբեր տեսակները պետք է լինեն փոխկապակցված և համակարգվեն վաղ նախադպրոցական ուսումնառության, կրթության, առողջապահության և այլ ծառայությունների հետ, որոնցից շահում են երեխաները, և որոնք մեղմում են նրանց բազմաչափ խոցելիությունը։ Ի վերջո, սոցիալական պաշտպանությանն ուղղված միջամտությունները պետք է դիտարկել երկրի տնտեսական զարգացման ընդհանուր համատեքստում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը
Սոցիալական պաշտպանությունը կենսական նշանակություն ունի երեխաների, ընտանիքների ու համայնքների դիմակայունության ամրապնդման գործում՝ ապահովելով հավասարության ու արդարացիության ավելի բարձր աստիճան և աջակցելով երկրի մարդկային ու տնտեսական զարգացմանը։ Թիրախային միջամտությունները կարող են նվազեցնել երեխաների վրա աղքատության ազդեցությունը և բարելավել կյանքում նրանց հնարավորությունները։ Ծրագրի բաղադրիչները ներառում են հետևյալը.
Երեխաներին ներառելով աղքատության կրճատման քաղաքականության առանցքում՝ աղքատության շրջանն ընդհատելու, յուրաքանչյուր երեխայի՝ թե՛ աղջիկների, թե՛ տղաների համար հավասար պայմաններ ապահովելու լավագույն միջոցներից մեկն է ստեղծվում։ Մանկական աղքատության կրճատումը պետք է լինի Հայաստանի Հանրապետության զարգացման, ռազմավարությունների ու քաղաքականության հիմքում և առանցքում, մասնավորապես՝ Կայուն զարգացման «Օրակարգ 2030»-ի և «ոչ ոք չանտեսելով» գաղափարի համատեքստում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հավատում է, որ սոցիալական պաշտպանությանը և երեխաներին ու դեռահասներին ուղղված ներդրումներ կատարելը խելամիտ է ինչպես տնտեսական, այնպես էլ մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից։ Երեխաների զարգացման վրա սոցիալական պաշտպանության ակնհայտ ներգործությունը տևում է մանկությունից շատ ավելի երկար՝ բարձրացնելով չափահասների արտադրողականության մակարդակը, նվազեցնելով մարդկային զարգացման կորուստների բեռը և նպաստելով աղքատության միջսերնդային փոխանցման ընդհատմանը։ Սոցիալական պաշտպանությունը նաև վճռորոշ դեր է խաղում այլ իրավունքների, օրինակ՝ կյանքի և զարգացման իրավունքի կամ կրթության իրավունքի իրացմանը խթանելու գործընթացում։ Որպես այդպիսին՝ սոցիալական պաշտպանությունը ռազմավարական ու էական նշանակություն ունեցող գործիք է, որը երեխաներին ու նրանց ընտանիքներին օգնում է իրացնել իրենց իրավունքներն ու ընդլայնել սեփական հնարավորություններն իրենց ողջ ներուժով։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը, իր գործընկերների հետ միասին, հաջողությամբ աջակցել է մանկական աղքատության (դրամական և բազմաչափ) վերաբերյալ տվյալների մշակմանը, որպեսզի հնարավոր լինի բացահայտել ամենաաղքատներին ու ամենաանտեսվածներին և որպեսզի այդ տվյալները հիմք լինեն որոշումների կայացման գործընթացում:
Ավելին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է մնալ առանցքային կառույց երկրում ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխումների առաջընթացն ապահովելու գործընթացում՝ զարգացնելով դեպք վարողների և սոցիալական աշխատողների կարողությունները, օժանդակելով համայնքահեն ծառայությունների ստեղծմանը և սոցիալական պաշտպանության իրավական ու քաղաքական շրջանակների ընդհանուր զարգացմանը՝ հանուն ամենախոցելի ընտանիքների ու երեխաների։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն աջակցել է սոցիալական ծառայությունների միջև համագործակցության ձևերի մշակմանը, որպեսզի նրանք կարողնանան համարժեք արձագանքել ամենախոցելի ընտանիքների ու երեխաների բազմաշերտ կարիքներին, ինչպես նաև դառնան համընդհանուր կիրառման մեթոդ։ Այս տեսակետից՝ սոցիալական պաշտպանության բարեփոխումները երեխայի խնամքի և ներառական կրթության բարեփոխումների համատեքստում դիտվում են որպես մեկ ամբողջություն։ Վերջապես՝ սոցիալական պաշտպանության համակարգերն ունեն առանցքային նշանակություն տնտեսական ցնցումներին և արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար, հատկապես տեղական մակարդակում, այդպիսով՝ կանխարգելելով ընտանիքների աղքատության խորացումը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը եզակի դեր ունի ապահովելու, որպեսզի սոցիալական պաշտպանության ծրագրերն արձագանքեն երեխաների իրավունքներին ու կարիքներին, նպաստեն աղքատության ու զրկվածության նկատմամբ երեխաների խոցելիության կրճատմանը
Հիմնական քայլերը

Քարոզչություն քաղաքականության մշակման ոլորտում և տեխնիկական օժանդակություն մանկական աղքատության կրճատումը պետական բոլոր ծրագրերում առանցքային դարձնելու նպատակով:

Շահերի պաշտպանություն՝ հանուն երեխաների կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող դրամական փոխանցումների հասցեականության և արդյունավետության բարելավման։

Աջակցություն ինտեգրված սոցիալական ծառայությունների ընթացիկ բարեփոխմանը, որը նպաստում է երեխաների ու նրանց ընտանիքների համար արդարացի և հավասար արդյունքների ու պատշաճ կենսամակարդակի հասնելուն:

Բազմոլորտային մոտեցման խրախուսում սոցիալական պաշտպանության և այլ ոլորտների (կրթություն, առողջապահություն, սնուցում, վաղ մանկության զարգացում, երեխայի պաշտպանություն, աղետների ռիսկի նվազեցում) միջև։