Երեխաների աղքատությունը վերացնելը հրատապ առաջնահերթություն է

Մենք կոչ ենք անում աշխարհի ղեկավարներին ու մարդկանց՝ գործել և վերացնել երեխաների աղքատությունը

Զառա Սարգսյան
Սև ու սպիտակ նկարում պատկերված են երկու աղջիկ ու տղա՝ նստած մանկապարտեզի նստարանին:
UNICEF Armenia/2018/Osipova
02 Նոյեմբեր 2018

Աղքատությունը վերացնելը այս սերնդի համար դարձել է լուրջ նպատակ. նպատակ, որին բոլորս ենք ձգտում հասնել և ցանկանում ենք անձամբ աջակցել: Ցավոք, իրականում այդ աջակցությունը երեխաներին հասնում է ոչ համամասնորեն: Աշխարհում միլիոնավոր երեխաներ շարունակում են աղքատ մնալ և զրկված են այն ամենից, ինչի կարիքն ունեն զարգանալու համար:

Այս իրավիճակը պետք է փոխել: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում աշխարհի բոլոր ղեկավարներին և մարդկությանը՝ գործի անցնել և վերացնել երեխաների աղքատությունը, ինչպես նախանշված է Կայուն զարգացման նպատակներում (ԿԶՆ):

Աղքատությունն ամենաուժեղ հարվածը հասցնում է հենց երեխաներին

Իհարկե, աղքատությունը ողջ մարդկությանն է վնասում, բայց այն ավելի վտանգավոր է երեխաների համար: Մանկությունը հնարավորությունների փխրուն ժամանակահատված է մարդու կյանքում, և այս շրջանում աղքատությանն ընդհարվելը մեծ հարված է երեխայի հետագա զարգացմանը:

Աղքատության մեջ մեծացող երեխաների պարագայում շատ ավելի հավանական է, որ չեն ապրի մինչև հինգ տարին բոլորելը, քիչ հավանական է, որ լավ զարգանան կամ ստանան լավ կրթություն, ինչպես նաև՝ անհրաժեշտ առողջապահական ծառայություններ, մաքուր ջուր ու համապատասխան սանիտարա-հիգիենիկ պայմաններ:

Աղքատությունը երեխայից խլում է զրկանքներից և կարիքից զերծ մեծանալու, ինչպես նաև՝ առողջ զարգանալու և իրենց ողջ ներուժը իրացնելու իրավունքը:

Երեխաների աղքատությունը միայն ցածր եկամուտ ունեցող երկրների խնդիրը չէ: Վիճակագրությունը փաստում է, որ յուրաքանչյուր երկրում երեխաներն ավելի հավանական է, որ աղքատ լինեն: Նույնիսկ ամենազարգացած երկրներում աղքատների շրջանում երեխաները անհամաչափորեն ավելի շատ են:

Երեխաների աղքատությունը բոլոր հասարակությունների առջև ծառացած խնդիր է, և այն պետք է բոլորին պարտավորեցնի:

Երեխաները՝ ամենից առաջ

Ճիշտ է, 1990-ից սկսած, աշխարհում հաջողվել է ավելի քան կիսով չափ կրճատել ծայրահեղ աղքատությունը և հսկայական առաջխաղացում գրանցել երեխաների թերսնումը նվազեցնելու հարցում, հաջողվել է տարածել կրթությունը և շատ երեխաների տրամադրել հիմնական առողջապահական խնամք, մաքուր խմելու ջուր և բազային սանիտարահիգիենիկ պայմաններ, բայց սա բավարար չէ:

Դեռևս շատ երեխաներ ծնվում ու մեծանում են տարբեր ձևերով արտահայտվող աղքատության մեջ: Քանի դեռ անհավասար պայմանները շարունակում են գոյություն ունենալ, ամենաաղքատ երեխաներն իրենց հերթին շարունակում են ամենաետին պլանում մնալ ու ամենաանտեսվածը լինել:

Այս իրավիճակը պետք է փոխվի: Երեխաների աղքատությունը վերացնելը հսկայական ազդեցություն կթողնի նրանց ապագայի, ընտանիքի, համայնքի և ամբողջ պետության վրա:

Այս հարցի լավագույն լուծումներից է ներդրումների ուղորդումը դեպի առողջապահական ծառայությունների, սնուցման, կրթության, ջրի և սանիտարական պայմանների, սոցիալական պաշտպանության ոլորտներ՝ հօգուտ երեխաների, ինչը կնպաստի նրանց լիարժեք զարգացմանը և ներկա ու հետագա բարեկեցիկ կյանքին: Ապացուցված է, որ ժամանակի ընթացքում այս ներդրումները բարձր վերադարձելիություն են ապահովում և կարող են երեխաների աղքատությունը վերացնելու գործում մնայուն լուծում դառնալ, հատկապես, երբ դրանք կատարվում են ամենավաղ տարիքից սկսած:

Աջակցե՛ք երեխաների աղքատությունը վերացնելու պայքարին

Հաջորդ տասնհինգ տարիները որոշիչ են լինելու:

Մենք կոչ ենք անում աշխարհի ղեկավարներին ու մարդկանց՝ գործել և վերացնել երեխաների աղքատությունը:

Բոլորն իրենց դերն ունեն. և՛ ազգային կառավարությունները, և՛ ՄԱԿ-ը, և՛ հետազոտողները, և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ քաղաքացիները, և՛ հենց իրենք՝ երեխաները: Բոլորս պիտի ականջալուր լինենք այս կոչին ու համախմբվենք հանուն երեխաների:

 

Աղբյուրը՝ www.endchildhoodpoverty.org/