Անվտանգ միջավայր
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Հայաստանում աղետների և կլիմայի փոփոխության նկատմամբ երեխաների դիմակայունությունն ամրապնդելու ուղղությամբ

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Իրավիճակը Հայաստանում
Դպրոցական շենքերի 80%-ը չի համապատասխանում շինարարական նորմերին և չափանիշներին՝ վտանգելով ավելի քան 280,000 աշակերտների
Գիտական ապացույցները հաստատում են, որ կլիմայի փոփոխության կործանարար հետևանքների պատճառով առաջիկա տարիներին ավելանալու են բնական վտանգավոր երևույթների հաճախականությունն ու ծավալները։ Երբ տեղի է ունենում աղետ, երեխաներն ամենազգայունն են և ենթակա են վնասվածքների, տրավմաների և փրկության ռիսկի ։ Առանց հետևողական ջանքերի, որոնք ուղղված կլինեն ռիսկի նվազեցմանն ու աղետներից հետո վերականգնման կարողությունների զարգացմանը, նման պատահարները կարող են ի չիք դարձնել սոցիալական և տնտեսական զարգացման ոլորտներում դժվարությամբ ձեռքբերված հաջողությունները։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսակետից՝ դիմակայունության ամրապնդումը համապետական և տեղական մակարդակներում կարևոր է թե՛ որպես զարգացման, թե՛ որպես մարդասիրական առաջնահերթություն։ Երեխաների և նրանց ընտանիքների դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները կբարելավեն նրանց կարողությունը՝ առավել հաջողությամբ հաղթահարելու և հարմարվելու իրենց համայնքներում ստեղծված նոր իրավիճակներին, տեղի ունեցած ցնցումներին կամ աղետներին։
Կառուցել և բարելավել ուսումնական հաստատությունների շենքային պայմանները՝ հաշվի առնելով երեխաների, հաշմանդամություն ունեցողների և գենդերային առանձնահատկությունները, որոնք ապահովում են անվտանգ, բռնությունից զերծ, ներառական և արդյունավետ ուսումնառության միջավայր բոլորի համար:

«Անվտանգ դպրոցների» օրակարգը լավ օրինակ է կլիմայի փոփոխության և սեյսմիկ ռիսկերի մեղմումը ներառելու կրթական համակարգում: Այն միաժամանակ նպաստում է գենդերային հավասարության ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառմանը դիմակայունության ամրապնդման ջանքերում։
Արտադասարանային աշխատանքները, որոնց միջոցով երեխաները և դեռահասները ներգրավվում են տեղական ռիսկերի գնահատման, ռիսկերի նվազեցման և կլիմայի փոփոխություններին հարմարվելու նախաձեռնություններին, դրական ազդեցություն են ունենում պատրաստվածության գործընթացի վրա։
Երեխայակենտրոն աղետների ռիսկի նվազեցումը (ԱՌՆ) տարիներ շարունակ եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը Հայաստանում և տարածաշրջանում։
Հայաստանը աշխարհում աղետների ամենաբարձր ռիսկայնություն ունեցող 60 երկրներից մեկն է, որտեղ առկա են մոտ 110 տեսակի տարբեր վտանգներ, ինչպիսիք են երկրաշարժերը, հեղեղումները, կարկտահարությունը և այլն։ Վտանգավոր հանգամանքները ողջ բնակչությանը և տնտեսությունը դնում են խոցելի վիճակում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը գործընկերների հետ 2012-ից 2015 թվականներին իրականացրած հետազոտությունները, որոնք մատնանշում էին կրթություն ստանալու խոչընդոտները, ներառում էին սեյսմիկ առումով անվտանգ դպրոցները՝ մաշված ենթակառուցվածքներով, այդ թվում՝ վնասված տանիքներ, պատուհաններ, հատակներ և մարզասրահներ, ջեռուցումից և սանիտարահիգենիկ պայմաններից զուրկ շինություններ, առանց հարմարությունների դպրոցներ, հին կահույք, դասագրքերի պակաս։
Շենքային վատ պայմանները լուրջ խնդիր են երեխաների համար՝ հատկապես գյուղական բնակավայրերում և հաշմանդամություն ունեցող սովորողների համար։ Դպրոցական շենքերը (ներառյալ այնպիսի հարմարություններ, ինչպիսիք են զուգարանները) և դասասենյակները նրանց համար հաճախ անմատչելի են։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մոտեցումը
ՀՀ կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և գործընկերների աջակցությամբ աղետների ռիսկի նվազեցման ներառումը ուսումնական ծրագրերում համարել է առաջնահերթ խնդիր
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է Հայաստանի կառավարությանը և հետամուտ է եղել, որպեսզի կառավարությունն ավելացնի անվտագ դպրոցների ու դիմակայուն համայնքների քանակը, և ստանձնի լրջագույն պարտավորություններ՝ Սենդայի գործողությունների ծրագրի պլանավորման ու իրականացման ուղղությամբ՝ Աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) ազգային ռազմավարությունը հաստատելու միջոցով։
Համայնքների դիմակայունությունը և դպրոցների համալիր անվտանգությունը ներառվել են արտակարգ իրավիճակների և կրթության ոլորտների այնպիսի առանցքային ռազմավարական փաստաթղթերում, ինչպիսիք են ԱՌԿ ազգային ռազմավարությունը, Երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թթ. ռազմավարությունը և ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի նախագծում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ կառավարությունը մշակել և պաշտոնապես ներդրել է ԱՌԿ գործիքներ և մեթոդաբանություններ, որոնք միտված են դպրոցներում և համայնքներում երեխաների անվտանգության մակարդակի բարձրացմանը. Դպրոցների աղետների ռիսկի կառավարման ուղեցույց, Դպրոցների անվտանգության գնահատում և Կրթության տեղեկատվական կառավարման համակարգում դպրոցի անվտանգության մոդուլ, Աղետների ռիսկի երեխայակենտրոն վերլուծություն՝ հիմնված Տեղական մակարդակում ռիսկի կառավարման գործիքի վրա։
ՀՀ կառավարությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և գործընկերների աջակցությամբ ԱՌՆ ներառումը համարել է առաջնահերթ խնդիր ինչպես ուսումնական ծրագրերում, այնպես էլ ապագա ուսուցիչների պատրաստման և գործող ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում։
Արտակարգ իրավիճակներին արձագանքման և կրթության ոլորտների ավելի քան 70 մարզային առանցքային պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են դպրոցների անվտանգությունը վերահսկելու ու մշտադիտարկելու, կարողացել են աջակցել Հայաստանի դպրոցների ավելի քան 85%-ին՝ տարածելու անվտանգության մշակույթն ու դիմակայունությունը դպրոցներում։ Նրանք վերապատրաստվել էին, որոպեսզի ներդնեն և դյուրացնեն աղետների արդյունավետ կառավարումը իրենց մարզի դպրոցներում։
ՀՀ կառավարությունը որպես գերակայություն է սահմանել ԱՌՆ-ն համայնքային զարգացման ծրագրերում ներառելը, և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով աղետների ռիսկի նվազեցումը ամրագրել է համայնքապետարանների պարտավորություններում։ Տեղական մակարդակում ռիսկերի կառավարման (ՏՄՌԿ) մեթոդաբանությունը համայնքներին թույլ է տալիս բացահայտել առկա վտանգները, խոցելիությունը՝ օգնելով համայնքներին ըստ առաջնահերթության դասակարգել տեղական ռիսկերն ու դրանց նվազեցման, մեղմման միջոցառումները ներառել իրեն համայնքային սոցիալ-տնտեսականզարգացման ծրագրերում։ Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման մարզային կառույցների՝ ՏՄՌԿ ներդրման կարողությունների զարգացումն այս փոփոխության մեջ ունեցել է էական նշանակություն։
Հիմնական քայլերը

Չնայած երեխաներն ակտիվորեն մասնակցել են աղետների ռիսկի և կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը՝ դեռևս բազմաթիվ երեխաներ չունեն պաշտպանվելու համար անհրաժեշտ գիտելիքներ:

Հայաստանում շատ քիչ դպրոցներ են անցել սեյսմիկ արդիականացում։ ՀՀ կառավարությունն ուշադրությունը կենտրոնացնում է 400 կամ ավելի աշակերտ ունեցող դպրոցների շուրջ՝ անտեսելով ավելի քիչ թվով աշակերտներ ունեցող դպրոցները։

Տնային տնտեսությունների դժվարին սոցիալ-տնտեսական վիճակի և ուսումնառության անբավարար պայմանների զուգակցմամբ՝ կրթության ոլորտում սահմափակ ռեսուրսները բացասաբար են ազդում կրթության հնարավորությունների և որակի վրա։

Ֆինանսավորման, տվյալների հավաքագրման ու օրենսդրության բացերը դեռևս մարտահրավեր են: Անհրաժեշտ է կայուն ու նորարարական մոտեցումների միջոցներով վերացնել այդ բացերը:
Մինչև 2030 թվականը ապահովել համընդհանուր հասանելիություն՝ ներառական և մատչելի, կանաչ և հանրային տարածքների, մասնավորապես՝ կանանց և երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար: