Ամեն ինչ խնամատարության վերաբերյալ
Յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա ընտանեկան միջավայրում:

Խնամատարությունը որևէ պատճառով խնամքից մշտապես կամ ժամանակավորապես զրկված երեխայի հանդեպ խնամք և դաստիարակություն ստանձնելու ընտանեկան ձև է: Այն կարող է լինել կարճաժամկետ և երկարաժամկետ՝ մինչև երեխայի չափահաս դառնալը: Խնամատարությունը կարող է իրականացվել նաև 18 տարեկանը լրանալուց հետո՝ որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն:
Խնամատարության վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանները կարող եք գտնել ստորև:
Պատասխանել ենք խնամատարության վերաբերյալ հաճախակի հնչող հարցերին
1. Ո՞վ կարող է դառնալ խնամատար
Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող չափահաս՝ մինչև 55 տարեկան քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն ժամանակավորապես իրենց ընտանիքում խնամելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեկ կամ մի քանի երեխայի։ Կարևոր է, որ խնամատար դառնալու ցանկություն ունեցող քաղաքացին չունենա վնասակար սովորություններ կամ խնդիրներ իրավապահ համակարգի հետ:
2. Ինչպե՞ս և ու՞ր դիմել
Անհրաժեշտ է անձամբ կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմում ներկայացնել բնակության վայրի մարզպետի աշխատակազմ, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարան։ Որպես առաջին քայլ, խնամատար դառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են զանգահարել 055086111 թեժ գծի հեռախոսահամարին՝ ամբողջական և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար։
3. Ի՞նչ է տեղի ունենում դիմումը ներկայացնելուց հետո
Դիմումը ներկայացնելը դեռևս չի երաշխավորում, որ քաղաքացին կարող է դառնալ խնամատար։ Հայտը ստանալուց հետո սոցիալական ծառայության մասնագետները կատարում են պոտենցիալ խնամատարի ընտանեկան հանգամանքների և կենսապայմանների ուսումնասիրություն։ Այնուհետև տրամադրվում է անհրաժեշտ խորհրդատվություն գործընթացի մանրամասների, հնարավոր իրավիճակների և դրանք հարթելու ուղիների մասին։ Դրական եզրակացություն ունենալուց, վերապատրաստումներին հաջողությամբ մասնակցելուց հետո մեկնարկում է խնամատարության ենթակա երեխաների հետ համադրման փուլը։ Միայն բոլոր փուլերը հաջողությամբ անցնելու դեպքում երեխան տեղափոխվում է ընտանիք:
4. Ովքե՞ր են խնամատար ընտանիքի կարիք ունեցող երեխաները
Խնամատար ընտանիքում կարող է տեղավորվել կյանքի դժվարին պայմաններում հայտնված մինչև 18 տարեկան երեխան, ում ընտանիքում առկա չեն երեխայի անվտանգ և ապահով խնամքի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ։
Կյանքի դժվարին պայմանների թվում կարող են լինել ծնողական իրավունքների սահմանափակումը, ծնողական իրավունքների պատշաճ կատարումից խուսափելը կամ երեխային վնասելը, երեխայի՝ փաստացի առանց ծնողական խնամքի մնալը, խնամքի հաստատություններում գտնվելը և այլն։
Պետք է հիշել, որ խնամատար ընտանիք տեղափոխելը չի սահմանափակում կենսաբանական ծնողի՝ իր երեխայի հետ կապ պահպանելու իրավունքը, եթե նա չի զրկվել ծնողական իրավունքներից, և եթե դա բխում է երեխայի լավագույն շահերից։
5. Որքա՞ն ժամանակ է երեխան ապրում խնամատար ընտանիքում
Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ երեխայի կենսաբանական ընտանիքում առկա են նրա ապահով և անվտանգ խնամքի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ։ Խնամատարությունը կարող է դադարեցվել նաև այն պարագայում, եթե առաջացել է երեխայի որդեգրման հնարավորություն կամ խնամքի ավելի նպաստավոր տարբերակ։ Ընդհանուր առմամբ, խնամատարության տևողությունը մի դեպքում կարող է լինել մինչև 1 տարի, մեկ այլ դեպքում՝ մինչև երեխայի չափահաս դառնալը, որոշ դեպքերում էլ՝ մինչև 23 տարեկան՝ հետխնամքի աջակցության տեսքով։ Այս հարցում հաշվի են առնվում տվյալ դեպքի առանձնահատկությունները և երեխայի լավագույն շահերը։ Կարճաժամկետ խնամատարության տարբերակներից են՝ ճգնաժամային կամ արձակուրդային խնամատարությունը, երբ երեխան մինչև մեկ ամիս ժամկետով ապրում է խնամատար ընտանիքում (ևս մեկ ամսով երկարաձգելու հնարավորությամբ)։
6. Խնամատար լինելու համար քաղաքացին վարձատրվո՞ւմ է արդյոք
Խնամատարությունը մասնագիտական գործունեություն է, ինչպես, օրինակ, խնամքի տրամադրումը շուրջօրյա հաստատություններում։ Տարբերությունն այն է, որ երեխային տրամադրվում է անհատական խնամք՝ ընտանեկան պայմաններում։ Ըստ այդմ, քանի որ խնամատար ծնողն իրականացնում է մասնագիտական գործունեություն, նրա աշխատանքը վարձատրվում է պետության կողմից։
Երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ընտանիքին տրվող վարձատրությունն ունի երկու բաղադրիչ։ Առաջին բաղադրիչը երեխայի խնամքի կազմակերպման համար տրամադրվող միջոցներն են՝ երեխայի ապրուստը հոգալու, երեխային խնամելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները ձեռք բերելու նպատակով։
Վարձատրության երկրորդ բաղադրիչը երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունն է, որը հավասար է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափին։ Մասնագիտացված խնամատար ընտանիքներում (հաշմանդամություն ունեցող երեխաների մասին է խոսքը) յուրաքանչյուր երեխայի համար տրվում է 30 տոկոս հավելավճար։
Ճգնաժամային և արձակուրդային խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց վճարումն իրականացվում է երեխայի փաստացի խնամված օրերի թվով։
Խնամատարության ամբողջ ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
7. Ի՞նչ է ակնկալվում խնամատար ծնողներից
Պահանջվում է երեխաների անվտանգ և ապահով մասնագիտական խնամքի իրականացում՝ ելնելով երեխայի կարիքներից։
Խնամատար ընտանիքում գտնվելու ընթացքում խրախուսվում է երեխայի և նրա կենսաբանական ծնողների ու հարազատների հետ շփումը ինչպես առերես հանդիպումների, այնպես էլ հեռախոսային կապի միջոցով, եթե, իհարկե, դա չի վնասում երեխայի շահերին։ Խնամատար ընտանիքը պետք է լինի ինքնաբավ՝ ունենա մշտական բնակության վայր, լինի տնտեսապես կայուն և ունենա բավարար եկամուտներ սեփական կարիքները հոգալու համար։ Հետևաբար, պետության կողմից երեխային խնամքի համար տրվող վարձատրության առաջին բաղադրիչը պետք է ծառայի բացառապես երեխայի կարիքները հոգալու համար։
Թեկնածու խնամատար ծնողների համար կազմակերպվում են անվճար վերապատարաստումներ՝ մինչ երեխայի տեղավորումը և պարբերաբար՝ խնամքի իրականացման ամբողջ ընթացքում։ Բացի այդ, երեխային խնամելու ողջ ընթացքում խնամատար ծնողները ստանում են անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն, ուղղորդում և աջակցություն:
Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել՝ 055086111
Լինել խնաամատար՝ նշանակում է
