Մանկատնից ընտանիք ճանապարհն անցնելով
Շուրջօրյա խնամքի կենտրոնները բացասական ազդեցություն են թողնում այնտեղ բնակվող երեխաների վրա

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Եթե հարցնեմ՝ ինչն է կյանքում ձեզ համար ամենակարևորը, գուցե մի քիչ մտածեք, գուցե միանգամից մի քանի պատասխաններ հնչեցնեք, բայց վստահ եմ՝ «ընտանիքը» եթե ոչ առաջին, ապա հիմնական պատասխանների շարքում կլինի: Գրեթե վեց տարի մանկատանն ապրելուց հետո ընտանիք տեղափոխված Կարոլինան միանգամից պատասխանում է՝ «ընտանիքը» ու առանց շունչ քաշելու վրա բերում՝ մայրն ու հայրը:
Կարոլինան մանկատուն է տեղափոխվել ութ տարեկանում: Երբ տասնչորս տարեկան էր, Հերմինեն որոշում է իր ընտանիքի դռները բացել Կարոլինայի համար ու նրա համար խնամատար ծնող դառնալ: Հերմինեն արդեն մեկ աղջիկ ուներ, Մարիան, որն այդ ժամանակ վեց տարեկան էր: Բարդ հղիությունից հետո խուսափում էր երկրորդ ծննդաբերությունից, բայց անպայման որոշել էր, որ Մարիային քույրիկ է պետք: Մանկատանը բարեկամ ունեին, ում պարբերաբար գնում էր տեսակցության ու այդպիսով նաև այցելում էր երեխաներին: Երեխաներն արդեն ճանաչում էին Հերմինեին, գալիս էին ու ողջունում: «Կարոլինան միշտ բոլորից առանձնացած էր, մեկուսացած: Այնքան տխուր աչքեր ուներ: Ու բոլորից կարծես ավելի էր առանձնացել, երբ իր քրոջը որդեգրել էին, իսկ իրեն թողել մանկատանը,-մեզ հետ զրուցելիս պատմում է Հերմինեն,- այդ ամենն իմանալով՝ ուզեցի անպայման իրեն մեր տուն բերել»:
Տասնամյակներ շարունակ տարբեր երկրներում իրականացված անկախ հետազոտությունները ցույց են տվել, որ շուրջօրյա խնամքի կենտրոնները բացասական ազդեցություն են թողնում այնտեղ բնակվող երեխաների վրա:
Շուրջ 3000 երեխա Հայաստանում ապրում է շուրջօրյա խնամքի պետական հաստատություններում:
«Ճիշտն ասած սկզբում շատ քաշված էր, ամաչկոտ ու ինքնամփոփ, իսկ հիմա շատ է ակտիվացել, անգամ դպրոցում ասացին, որ շատ է աշխուժացել,- ասում է Հերմինեն Կարոլինային նկարագրելիս»:
Մայրական ջերմությամբ ու միայն ծնողին բնորոշ հպարտությամբ Հերմինեն պատմում է դպրոցում Կարոլինայի առաջադիմության մասին: Ճիշտ է այս տարի նա դեռ հարվածային է, բայց ընդամենը մեկ առարկայից է կաղում՝ աշխարհագրությունից: Մնացած բոլոր առարկաներն անցած տարվա համեմատ ամենաքիչը մեկ նիշով ավելի բարձր գնահատականներ է ստացել:
Հերմինեն նաև պատմում էր, որ երբ Կարոլինան նոր էր եկել, արթնանում էր ու միայն իր մասը հավաքում, միայն իր ափսեն էր վերցնում, կարծես ինքն իր առանձին կյանքով էր դեռ ապրում: «Բավական է եղել մի քանի անգամ նշեմ, որ այսուհետ չկա ԵՍ ու ԴՈՒ, կանք միայն ՄԵՆՔ, ու Կարոլինան միանգամից է փոխվել: Անասելի ուրախ եմ, որ զգում է, որ այստեղ է իր տունը ու իր ընտանիքը,-ասում է Հերմինեն ու նրա աչքերը հուզմունքից թրջվում են»:
Խնամատար ընտանիքը այն ընտանիքն է, որը թեև երեխայի հետ ազգակցական որևէ կապ չունի, բայց ցանկանում է սիրել ու հոգ տանել և ընտանեկան միջավայր ապահովել այն երեխայի համար, որը դրա կարիքն ունի: Իսկ կա՞ աշխարհում որևէ մի երեխա, որն ընտանիքի կարիք չունենա:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի նպատակն է յուրաքանչյուր երեխայի համար ապահովել դրական, հոգատար ու սիրող ընտանիք կամ այդօրինակ միջավայր, ինչը նրան հնարավորություն կտա զարգացնել իր ողջ ներուժը: Այս նպատակը հասանելի է Հայաստանի համար, քանի որ բյուջետային առկա ռեսուրսները՝ հաստատություններին աջակցելու փոխարեն, կարող են վերաուղղվել անմիջականորեն ընտանիքներին ու երեխաներին աջակցություն ցուցաբերելուն:

Երբ Կարոլինային խնդրեցի պատմել իր իդեալական օրվա մասին նա սկսեց նկարագրել Ամանորը, երբ քույրիկի հետ տոնածառ է ձևավորում, սեղան գցում , հյուր գնում, հյուր ընդունում, համեղ ուտում: Ու նաև ասաց, որ շատ է սիրում, երբ ընտանիքով երեկոյան հավաքվում են հեռուստացույցի առջև ու կինոդիտում կազմակերպում:
Երազանքների մասին հարցիս էլ ասաց. «Շատ եմ ուզում իմ մանկատան ընկերուհին՝ Սիրուշը, նույնպես ընտանիք ունենա, մայր ու հայր»: Շատ զրուցեցինք, մտերմացանք, բայց այդպես էլ չցանկացավ ինձ պատմել՝ անձնապես իր համար ինչ է երազում: Հավանաբար չբարձարձայնեց, որ անպայման կատարվի: