Արդյո՞ք որոշ պատվաստանյութեր ավելի լավն են, քան մյուսները

Հարց ու պատասխան (հոկտեմբեր 18)

ՅՈՒՆԻՍԵՖ
A woman is getting Covid-19 vaccination shot
UNICEF Armenia/2021/Galstyan
18 Հոկտեմբեր 2021

ՔՈՎԻԴ-19-ի դեմ ո՞ր պատվաստանյութը ստանամ։

ԱՀԿ-ի և կանոնակարգող մարմինների կոցմից օգտագործման համար հաստատված ՔՈՎԻԴ-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերը անվտանգ են և բարձր արդյունավետություն ունեն վիրուսով պայմանավորված ծանր հիվանդությունների և մահերի կանխման համար: Ձեր և ձեր սիրելիների առողջությունը պաշտպանելու համար կարևոր է հիմա պատվաստվել ձեզ առաջինը հասանելի դարձած պատվաստանյութով:

 

Ինչու՞ են տարբեր երկրներում և նույնիսկ նույն երկրի տարբեր վայրերում ՔՈՎԻԴ-19-ի դեմ տարբեր պատվաստանյութեր տրվում մարդկանց:

Ներկայում ԱՀԿ-ի կողմից հաստատված է ՔՈՎԻԴ-19-ի դեմ վեց պատվաստանյութ: ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի գլոբալ պահանջարկն աննախադեպ է. լա՛վ է, որ մեզ հասանելի են բազմաթիվ պատվաստանյութեր, քանի որ դա կօգնի ավելի շատ մարդկանց ավելի կարճ ժամանակահատվածում պաշտպանել ՔՈՎԻԴ-19-ից: Յուրաքանչյուր երկրում օգտագործվող պատվաստանյութերի կիրառությունը կախված է կառավարության կողմից ընդունված գնումների որոշումներից, այլ երկրների կողմից արված նվիրատվություններից կամ այն փաստից, թե որ պատվաստանյութն է երկրին հատկացվել COVAX նախաձեռնության կողմից: Դա կարող է պայմանավորված լինել այնպիսի հանգամանքից, թե արդյո՞ք տվյալ երկիրն ունի կոնկրետ պատվաստանյութերն անհրաժեշտ ջերմաստիճանում պահելու հնարավորություն (տարբեր պատվաստանյութեր պահպանման տարբեր պահանջներ ունեն): Երբ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը հասանելի դառնա ձեզ, պատվաստվե՛ք անմիջապես, երբ հերթը ձեզ հասնի:

Ինձ առաջարկվել է ՔՈՎԻԴ-19-դեմ պատվաստանյութի մեկ տեսակ: Պե՞տք է արդյոք սպասել, մինչև «ավելի լավը» հասանելի դառնա:

Ոչ: ՔՈՎԻԴ-19-ը վտանգավոր, կյանքին սպառնացող հիվանդություն է: Այն կարող է ծանր հիվանդությունների, երկարաժամկետ առողջական խնդիրների և նույնիսկ մահվան պատճառ դառնալ: Եթե հնարավորություն ունեք պատվաստվելու ՔՈՎԻԴ-19-ի դեմ ԱՀԿ-ի կողմից հաստատված ցանկացած պատվաստանյութով, ապա դա արեք հնարավորինս շուտ: Սպասելը կարող է վտանգել ձեր առողջությունը:

ՔՈՎԻԴ-19-ի դեմ ո՞ր պատվաստանյութը կօգնի վերջ դնել համավարակին:

Լիովին պատվաստված յուրաքանչյուր մարդ, անկախ պատվաստանյութի տեսակից, կօգնի մեզ ևս մեկ քայլով մոտենալ ՔՈՎԻԴ-19 համավարակի հաղթահարմանը: Բայց միայն պատվաստանյութերը համավարակին վերջ չեն դնի: Եթե ուզում եք օգնել վերջ դնել համավարակին, արե՛ք հնարավորը վիրուսի տարածումը կանխելու համար. դիմա՛կ կրեք, խուսափե՛ք մարդաշատ վայրերից, հաճախ լվացեք ձեռքերը, հազալիս և փռշտալիս ծածկե՛ք բերանը, բացեք դռները և պատուհանները, որպեսզի սենյակները լավ օդափոխվեն և պատվաստվե՛ք անմիջապես, երբ հնարավորություն ունենաք:

COVID-19-ի դեմ տարբեր պատվաստանյութերի արդյունավետության մասին տվյալները տարբեր են: Արդյո՞ք որոշներն ավելի արդյունավետ են, քան մյուսները:

Կլինիկական փորձարկումները վերհանեցին վարակի և հիվանդության թեթև ձևերի նկատմամբ պատվաստանյութերի արդյունավետության մակարդակներում որոշակի տարբերություններ: Բայց ԱՀԿ-ի կողմից լիազորված ՔՈՎԻԴ-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերն ունեն շատ բարձր արդյունավետություն ծանր հիվանդություններից և մահերից պաշտպանելու համար, ինչը պատվաստանյութերի հիմնական նպատակն է: Երբ հնարավորություն ունենաք պատվաստվելու ցանկացած պատվաստանյութով, պատվաստվե՛ք: Դա կօգնի ձեզ պաշտպանվել ծանր հիվանդություններից, առողջությանը սպառնացող երկարաժամկետ հետևանքներից և մահից: Եթե պատվաստվելուց հետո ՔՈՎԻԴ-19-ով վարակվեք, ավելի հավանական է, որ ախտանշանները մեղմ լինեն:

Ի՞նչ պետք է ակնկալեք ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելուց հետո:

ՔՈՎԻԴ-19-ի դեմ հաստատված բոլոր պատվաստանյութերը կպաշտպանեն ծանր հիվանդություններից և մահից: Դրանք նաև կօգնեն նվազեցնել վիրուսով վարակվելու և այն ուրիշներին փոխանցելու հավանականությունը, ինչը նշանակում է, որ պատվաստվելու ձե՛ր որոշումը օգնում է պաշտպանել նաև ձեր շրջապատին: Այս պաշտպանությունը, իհարկե, 100%-ոց չէ։ Պատվաստվելուց հետո դուք պետք է շարունակեք պահպանել հակահամավարակային կանոնները, ինչպիսիք են դիմակ կրելը, հեռավորություն պահպանելը, հազալիս և փռշտալիս բերանը ծածկելը, մարդաշատ վայրերից խուսափելը, ձեռքերը հաճախ լվանալը և փակ տարածքները լավ օդափոխելը: Պատվաստումից հետո կարող եք որոշ թեթև կողմնակի երևույթներ ունենալ, օրինակ՝ ձեռքի (բազկի), մարմնի ցավեր, գլխացավ, թեթև ջերմություն կամ հոգնածություն: Սրանք նորմալ երևույթներ են, որոնք ցույց են տալիս, որ ձեր մարմինը իմունային պաշտպանություն է կառուցում,  իսկ այդ երևույթները սովորաբար անցնում են մի քանի օրվա ընթացքում: Պատվաստանյութերի հետ կապված բարդություններ շատ հազվադեպ են լինում: Այնուամենայնիվ, չպատվաստված անձանց ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու ռիսկը շատ ավելի բարձր է, ինչը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ առողջության վրա և նույնիսկ մահվան հանգեցնել: Եթե ​​կողմնակի ազդեցությունների հետ կապված որևէ մտահոգություն ունեք, դիմեք ձեր բուժաշխատողին։