Մալենա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան է նշանակվել 2022 թ-ի դեկտեմբերին
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Մալենան (Արփինե Մարտոյանը) «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի հաղթողն է, ում ձեռքբերման շնորհիվ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը կկայանա Հայաստանում:
2021 թվականին նա ներկայացրել է Հայաստանը Փարիզում կայացած Մանկական Եվրատեսիլ մրցույթին և հաղթել իր «Քամի-քամի» երգով։ Երգն անչափ սիրվել է թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս. այս պահին այն Յութուբում 12մլն դիտում ունի:
Արփինեն ծնվել է 2007թ. հունվարի 10-ին Երևանում: Մեծացել է երաժիշտների ընտանիքում: Նրա պապիկը կլառնետահար է և նվագում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում։
Մալենան ներկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում ևս՝ կիսաեզրափակչում զբաղեցնելով 8-րդ տեղը։
Նա շատ ժամանակ է անցկացնում ստուդիայում՝ փորձարկելով տարբեր երաժշտական ժանրեր:
Մալենային ոգեշնչում է շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով նախաձեռնել է կլիմայական մի շարժում` աշխարհի առաջնորդներին կոչ անելու անհապաղ միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության մեղմացման համար։ Մալենան ևս միացել է երիտասարդներին՝ կոչ անելու բարձրաձայնել կլիմայի փոփոխության խնդիրների ու հնարավոր լուծումների մասին:
«Եկել է երիտասարդների՛ գործելու ժամանակը: Մեր ձայնը պետք է հնչի և հաշվի առնվի մեզ վերաբերող որոշումներ կայացնելիս: Մենք պետք է բարձրաձայնենք մեզ հուզող խնդիրների մասին, անվախ խոսենք թե՛ կլիմայի փոփոխության, թե՛ հոգեկան առողջության և թե՛ այլևայլ խնդիրների մասին, և մենք ինքներս պետք է նպաստենք դրանց լուծմանը»: