«Սևանիկ»՝ մեծ արկածներով փոքրիկ վիշապիկը
Բացահայտի՛ր Սևանիկի և նրա ընկերների աշխարհը, որտեղ յուրաքանչյուր արկած պատմում է բնության, ընկերության և մեր մոլորակի մասին։
Պատկերացրո՛ւ՝ մի օր արթնանում ես ու տեսնում, որ շուրջդ ամեն ինչ փոխվել է։ Ամենուր աղբ է, հողը՝ չորացած, ջուրը՝ ցամաքած։ Անհետացել են քեզ ծանոթ կենդանիները, իսկ գույնզգույն ծաղիկներն ու կանաչ ծառերն այլևս չկան։
Ի՞նչ կզգաս։ Իսկ ի՞նչ կանես։
Բնության կորուստը միայն բնապահպանական խնդիր չէ։ Այն ազդում է մեր առողջության, կյանքի և ապագայի վրա։ Երեխաները չեն ստեղծել կլիմայական փոփոխության և կենսաբազմազանության կորստի ճգնաժամերը, բայց հենց նրանք են ապրում և շարունակում ժառանգել դրանց կործանարար հետևանքները։
Սակայն երեխաները կարող են նաև փոփոխությունների հեղինակ դառնալ։ Դրա համար պետք է ճանաչեն բնությունը, հասկանան, թե ինչն է վտանգում այն, սովորեն հոգ տանել շրջակա միջավայրի մասին և իրենց գաղափարներով ու գործողություններով օգնեն գտնել նոր, ստեղծագործ լուծումներ։
Հենց այս գաղափարով էլ ծնվել է Սևանիկը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և գործընկերների՝ OnOff Studio-ի համագործակցությամբ և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ստեղծված այս անիմացիոն պատմության հերոսը Սևանա լճի խորքերում ապրող լազուր մի վիշապիկ է։
Դիտե՛ք Սևանիկի կերպարը ներկայացնող ներածական կարճ ֆիլմը և միացեք մեզ գալիք COP17-ին՝ դիտելու նրա երեք նոր արկածների մասին պատմող թողարկումները:
Դիտե՛ք կարճ ֆիլմն ու ծանոթացե՛ք Սևանիկի հետ:
Երկար քնից արթնանալով՝ Սևանիկը սկսում է բացահայտել իրեն շրջապատող աշխարհը։ Նրա կողքին է հավատարիմ ընկերը՝ փափկամազ Ամպիկը, որի հետ նա հայտնվում է անսպասելի իրավիճակներում, բացահայտում ընկերության ու հոգատարության ուժը և ճանաչում բնության հրաշքներն ու վտանգները։
Եվ սա դեռ սկիզբն է։
Առաջիկա նոր արկածներում Սևանիկն ու նրա ընկերները երեխաների հետ միասին կբացահայտեն, թե ինչպես են մեր ամենօրյա սովորություններն ու ընտրություններն ազդում բնության, Սևանա լճի և նրա էկոհամակարգի վրա։ Նրանք կսովորեն, թե ինչպես կարելի է խնայել ջուրը, նվազեցնել աղտոտվածությունը, պաշտպանել կենդանիներին ու բույսերը և փոքր քայլերով նպաստել մեծ փոփոխությունների։
Սևանիկը՝ կապույտ գոտում
Եթե հավատարմագրված եք կապույտ գոտում, ապա կարող եք ծանոթանալ Սևանիկի և նրա կարևոր աշխատանքի հետ՝ մասնակցելով «Կենսաբազմազանությունը և կայուն զարգացումը կրթության ոլորտում» պանելային քննարկմանը:
Այն տեղի կունենք «Մերիդիան» էքսպոկենտրոնում հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-16:45՝ ՄԱԿ-ի տաղավարում:
Սևանիկը՝ կանաչ գոտում
Կանաչ գոտում միացե՛ք «Սևանիկի» բացառիկ ցուցադրությանը և բացահայտե՛ք, թե ինչ նոր արկածներ են սպասվում մեր փոքրիկ վիշապիկին։ Ի դեպ, Սևանիկի հետ միասին փոքրիկ անակնկալներ ենք պատրաստել երեխաների համար:
Սևանիկի երեք թողարկումների բացառիկ ցուցադրությունը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-13:00: