Սերգեյ Սմբատյան
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան՝ սկսած 2023 թվականից
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրն է, գեղարվեստական ղեկավարը, գլխավոր դիրիժորը, ինչպես նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Մաեստրո Սմբատյանը որպես հրավիրյալ դիրիժոր ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի նվագախմբի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Պրահայի ռադիո սիմֆոնիկ նվագախմբի, Ռուսաստանի ազգային նվագախմբի, Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Վարշավայի սիմֆոնիկ նվագախմբի և մի շարք այլ երաժշտական կոլեկտիվներ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին, Սմբատյանը նաև նշանակալից ներդրում է ունեցել Հայաստանի մշակութային կյանքում՝ դասական երաժշտության հայկական և համաշխարհային ժառանգության նվիրելով 4 ամենամյա երաժշտական փառատոն: Նա հանդիսանում է «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի», «Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի», «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի» և Պենդերեցկու անվան «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի գեղարվեստական ղեկավարը:
2015թ. Սմբատյանը դարձել է արվեստի բնագավառի ամենաերիտասարդ գործիչը և առաջին հայը, որին Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարի կողմից շնորհվել է «Արվեստի և գրականության ասպետ» տիտղոսը։ Ի գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կայացման, ինչպես նաև հայ երաժշտության ու մշակույթի տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի՝ 2016 թվականին Սմբատյանը ՀՀ նախագահի կողմից արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։
Մաեստրո Սմբատյանը մշակութային կրթության և նորարարական նախագծերի ակտիվ ջատագով է: 2019 թվականին նա հիմնադրել է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը (M4FF) և հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի նախագահը։ 2018 թվականին մեկնարկած «ԴասA» կրթամշակութային ծրագրի շրջանակում նվագախումբը փորձում է դասական երաժշտության հանդեպ ձևավորել հետաքրքրություն Հայաստանի ավագ դպրոցների աշակերտների շրջանում: Ծրագրի քառամյա գործունեության ընթացքում ներգրավվել են 65 ավագ դպրոցների ավելի քան 28,000 աշակերտ, որոնք 70 տոկոսը հետագայում պարբերաբար հաճախել է նվագախմբի համերգներին:
2022թ. Սերգեյ Սմբատյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով Հանրային հեռուստաընկերության հետ, ստեղծեցին հատուկ դաս ծնողների համար՝ բարձրաձայնելու երեխայի ուղեղի զարգացման գործում երաժշտության ազդեցության և կարևորության վերաբերյալ:
«Ճիշտ այնպես, ինչպես մենք պետք է հավատանք երաժշտության ուժին և այն դերին, որ այն կարող է խաղալ երեխայի զարգացման գործում, այդպես էլ պետք է հավատանք յուրաքանչյուր երեխայի ներուժին և հնարավորություններ ստեղծենք զարգացնելու այն վաղ տարիքից՝ կերտելու համար ավելի լավ ապագա մեր երեխաների ու մեր հայրենիքի համար»,-