Ինչպես օգնել ձեր երեխային հաղթահարել բացասական առցանց փորձառությունը
5 քայլ՝ արձագանքելու և օգնելու ձեր երեխային
Թվային տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում բազմաթիվ երեխաների կյանքում։ Այն ուսումնառության, հարաբերությունների և զվարճության աշխարհի դռներն է բացում։ Բայց առցանց լինելն իր հետ վտանգներ է բերում։ Երեխաները կարող են առցանց բուլինգի, ոտնձգության ենթարկվել, անպատշաճ բովանդակություն տեսնել կամ այլ փորձառություններով անցնել, որոնք կարող են հուզել, անհանգստացնել կամ վախեցնել նրանց։
Եթե ձեր երեխան ունի նման առցանց փորձառություն, ստորև ներկայացնում ենք հինգ քայլ, որոնց օգնությամբ կարող եք օգնել նրան։
1. Ինչպես նկատել, երբ ինչ-որ բան կարգին չէ
Ոչ բոլոր երեխաներն են միանգամից մեծահասակին դիմում, երբ ինչ-որ բան է պատահում։ Հաճախ ծնողներն իրենց երեխաների առցանց բացասական փորձառության մասին առաջին անգամ իմանում են ուսուցչից կամ մեկ այլ ծնողից։ Ոմանք կարող են տարօրինակ կամ անպատշաճ հաղորդագրություններ, մեկնաբանություններ կամ նկարներ նկատել իրենց երեխայի թվային սարքերում։ Մի զայրացեք, եթե ձեր երեխան անմիջապես ձեզ չի դիմել։ Գուցե նա ամաչում կամ վախենո՞ւմ է պատահածից, կամ էլ անհանգստանում, թե ինչպես կարձագանքեք։
Դուք ձեր երեխային շատ լավ եք ճանաչում, ուստի կհասկանաք, որ ինչ-որ բան կարգին չէ։ Փորձեք ճանաչել այն նշանները, որ ձեր երեխան անհանգիստ է կամ տագնապած ինչ-որ բանի պատճառով։ Նա կարող է ունենալ․
- Գլխացավեր կամ ստամոքսացավեր
- Քնելու դժվարություններ
- Ախորժակի փոփոխություն
- Անբացատրելի տխրություն, տագնապ, նյարդայնություն զգա
- Առցանց անցկացրած ժամանակից հետո անհանգիստ լինի
- Խուսափի իր սարքերից կամ անսովոր կերպով գաղտնի պահի իր առցանց գործունեությունը
- Վախենա դպրոց գնալ, խուսափի սոցիալական միջոցառումներից։
Եթե կասկածներ ունեք, որ ինչ-որ բան է պատահել, հիշեցրեք ձեր երեխային, որ միշտ կարող է խոսել ձեզ կամ ուրիշ վստահելի մեծահասակի հետ և որ պատրաստ եք սատարել իրեն՝ անկախ ամեն ինչից։
2. Վստահեցրեք ձեր երեխային, որ իր կողքին եք
Ծնողի համար աննկարագրելի ծանր է, երբ իմանում է, որ իր երեխան անպատշաճ կամ վրդովվեցուցիչ առցանց փորձառությամբ է անցել։ Ամեն դեպքում հիշեք, որ եթե հանգստություն պահպանեք և այնպես անեք, որ ձեր երեխան զգա, որ իրեն լսում են և աջակցում, ապա շատ ավելի մեծ է հավանականությունը, որ նա կանկեղծանա ձեզ հետ ինչպես այդ պահին, այնպես էլ այդուհետ։
Հանգստություն պահպանեք
Պատասխանելուց առաջ խորը շունչ քաշեք։ Երեխան հետևում է ձեր արձագանքին, ուստի փորձեք հանգստություն պահպանել անգամ այն դեպքում, երբ ինքներդ ցնցված եք, բարկացած կամ անհանգստացած։
Ձեր բնազդը հուշում է, որը առաջին հերթին պետք է երեխայի սարքը վերցնել կամ ինտերնետ կապն անջատել՝ նրանց անվտանգ պահելու համար, սակայն նման արձագանքը կարող է նրա մոտ տպավորություն ստեղծել, որ պատժված է և, ամենայն հավանականությամբ, հետագայում այլևս ձեր օգնությանը չի դիմի։
Լսեք նրան
Ձեր երեխայի ասածները համակ ուշադրությամբ լսեք և թույլ տվեք բացատրել տեղի ունեցածը։ Ձեր երեխայի մտահոգությունները լուրջ ընդունեք, փորձեք չընդհատել և հապշտապ եզրակացություններ չանել։
Եթե երեխան ձեզ պատմում է ինչ-որ հավելվածի, խաղի մասին կամ այնպիսի եզրույթ է օգտագործում, որին ծանոթ չեք, խնդրեք բացատրել կամ ցույց տալ։ Ասացեք, որ ցանկանում եք ճիշտ հասկանալ, որպեսզի իրեն հնարավորինս արդյունավետ օգնեք։
Բաց հարցեր տվեք, օրինակ. «Կարո՞ղ ես ինձ ցույց տալ, թե ինչ պատահեց», «Իսկ ի՞նչ էիր զգում այդ ժամանակ»։
Կրկին հավաստիացրեք, որ իր կողքին եք
Երեխան պետք է վստահ լինի, որ ճիշտ է վարվել ձեզ մոտ գալով և որ իր համար հավելյալ անախորժություն չի ստեղծել։ Վերահաստատեք, որ դուք կանեք հնարավորը՝ օգնելու համար։
Օրինակ՝ «Ապրես, որ ինձ ասացիր։ Դու քեզ չպետք է դրա համար մեղադրես և ես այստեղ եմ, որ քեզ օգնեմ։ Արի միասին հասկանանք, թե ինչ անել»։
3. Ինչպիսի քայլեր ձեռնարկել
Իրավիճակից կախված՝ հնարավոր է ձեր երեխան պարզապես ուզում է, որ ինչ-որ մեկն իրեն լսի։ Իսկ եթե, այնուամենայնիվ, շատ ավելի շուրջ բան է պատահել, դուք կարող եք իրավիճակի մասին հաղորդել (report) տվյալ հավելվածում, որտեղ այն տեղի է ունեցել, կամ դիմել CyberChat-ին կամ ոստիկանությանը։
Անջատե՞լ ծանուցումները, արգելափակե՞լ, հաղորդե՞լ
Ձեր երեխայի հետ քննարկեք, թե ո՞ր գործողությունը, նրանց կարծիքով, կօգնի իրավիճակին։ Օրինակ՝ պետք է անջատե՞լ ծանուցումները, արգելափակե՞լ, թե՞ հաղորդում տալ այդ անձի կամ բովանդակության մասին։
Սոցիալական մեդիայի հավելվածներից շատերն անվտանգության և հաղորդում ներկայացնելու հնարավորություն են տալիս խնդիրների ի հայտ գալու դեպքում։ Երեխաները (և մեծերը) հնարավոր է չիմանան, թե ինչպես կարող են դա անել, ուստի կարող եք միասին ուսումնասիրել բոլոր տարբերակները և քննարկել, թե որն ինչ է նշանակում։
Կարևոր է նաև, որ երեխան իմանա, թե հետագայում ինչպես է հաղորդելու, անջատելու ծանուցումները կամ արգելափակելու օգտատերերին և բովանդակությունն այն հավելվածներում, որոնցից օգտվում է, ինչպես նաև ցանկացած նոր ներբեռնվող հավելվածում։
Փաստաթղթային ապացույց
Ձեր առաջին մղումը կարող է լինել հեռացնել ցանկացած բան, որը երեխայի բացասական փորձառության հետ է կապված, բայց եթե մտադիր եք հաղորդում ներկայացնել այդ դեպքի մասին, ապա կարևոր է պահպանել այն կամ ցանկացած հաղորդագրության, նկարի կամ հրապարակման էկրանապատկերը (screenshot), որոնք կօգնեն նկարագրել իրավիճակը։
Դպրոց
Եթե դեպքին ներգրավված են նաև ձեր երեխայի դպրոցի այլ աշակերտներ, լավ կլինի խոսել դպրոցի հետ։ Տրամադրեք ձեր հավաքած բոլոր ապացույցներն ու փաստերը և դպրոցի պատասխանատուների հետ քննարկեք, թե ինչպես արձագանքել այնպես, որ երեխայի համար իրավիճակն ավելի չվատթարանա։ Ցանկացած կարգապահական միջոցառում պետք է բռնությունից զերծ լինի և կենտրոնանա վարքագծի ուղղման վրա (ոչ թե նվաստացում կամ պատիժ)։
Եթե ձեր երեխայի դպրոցում կա հոգեբան, ապա կարող եք խոսել նրա հետ ձեր երեխայի փորձառության մասին և միասին որոշել, թե ինչպես լավագույնս օգնել երեխային։
Ոստիկանություն
Եթե երեխայի անվտանգությանն առնչվող որևէ մտահոգություն ունեք, ապա դիմեք ոստիկանություն։ Եթե չեք կողմնորոշվում՝ ուր դիմել, ապա CyberChat-ի [insert link] թիմը ձեզ կուղղորդի:
Ռեսուրսներ
Ստորեւ ներկայացված են տարբեր հայտնի հավելվածների անվտանգության և դեպքերի մասին հաղորդում ներկայացնելու (reporting) ռեսուրսները.
Discord
Facebook
Instagram
Kik
Roblox
Snap
TikTok
Tumblr
Twitch
WeChat
WhatsApp
X (formerly Twitter)
YouTube
Take it Down վեբկայքը բացատրում է, թե ինչպես հեռացնել անձնական բնույթի նկարները։
4. Երբ դիմել մասնագետի օգնությանը
Անպատշաճ կամ վնասակար բովանդակությանն առերեսվելը բացասաբար է ազդում երեխաների վրա։ Շարունակեք խոսել ձեր երեխայի հետ այն մասին, թե ինչ է զգում, ուշադիր եղեք, բայց բուն միջադեպի մասին ուղղղակիորեն մի խոսեք։
Խրախուսեք, որ սոցիալական ցանցերից դուրս այլ հետաքրքիր բաներով զբաղվեն, օրինակ՝ ընկերների հետ ժամանակ անցկացնեն, գիրք կարդան, սպորտով զբաղվեն կամ որևէ երաժշտական գործիք նվագեն։
Եթե ձեր երեխայի վարքագծում կամ տրամադրության տևական փոփոխություններ եք նկատում, ապա պետք է խորհրդակցեք առաջնային օղակի բուժաշխատողի կամ հոգեբանի հետ։
Շատ երկրներում գործում է հատուկ թեժ գիծ, որին երեխան կարող է անվճար զանգահարել առանց ինքնությունը բացահայտելու խոսել մասնագետ հետ։ Հայաստանում կարող եք զանգահարել 0800 00 900 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00-ն: Հուզական աջակցության «Թեժ գծի» մասնագետները Ձեզ կլսեն առանց քննադատության, կտրամադրեն հուզական և հոգեբանական աջակցություն և, անհրաժեշտության պարագայում կօգնեն գտնել հավելյալ ծառայություններ՝ Ձեր բարեկեցությունն ապահովելու համար։
5. Ինչպես պաշտպանել ձեր երեխային հետագայում
Թվային դարաշրջանում երեխա մեծացնելը հեշտ չէ, և առցանց բացասական փորձառությունը կարող է ձեր և ձեր երեխայի մոտ անհանգստություններառաջացնել։ Փորձեք տեղի ունեցածն օգտագործել որպես հնարավորություն՝ միասին ստուգելու առցանց անվտանգ մնալու եղանակները և վերահաստատելու այն միտքը, որ դուք այստեղ եք՝ օգնելու ձեր երեխային հաղթահարել ցանկացած դժվարություն։
Վերանայեք ընտանիքում գործող կանոնները
Խոսեք ձեր երեխայի հետ այն մասին, թե ում հետ են հաղորդակցվում և ինչպես, ով կարող է նրանց առցանց հրապարակումները տեսնել և ինչ հարթակներ կամ բովանդակություն է նրանց հասանելի։ Մշտապես հիշեցրեք, որ ձեր ամենամեծ մտահոգությունը նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն է և հարցերի կամ անհանգստության դեպքում միշտ կարող են դիմել ձեզ կամ որևէ այլ վստահելի մեծահասակի։
Մանկահասակ երեխաների դեպքում համոզվեք, որ հավելվածները և խաղերը համապատասխանում են նրանց տարիքին և զարգացմանը։ Ստուգեք ինտերնետ ծառայություն մատուցողի՝ ծնողների վերահսկողության և սարքերի կարգավորումները՝ անպատշաճ բովանդակությունը արգելափակելու և որոշակի հավելվածներ կամ կայքեր մուտքը սահմանափակելու համար։
Դեռահասների դեպքում միասին ուսումնասիրեք անվտանգության կարգավորումները նրանց նախընտրած հարթակներում, հավելվածներում և խաղերում։ Անկեղծորեն արտահայտեք ձեր մտահոգությունները և լսեք նրանց ասելիքը։
Ստուգեք տվյալների գաղտնիության կարգավորումները
Ուսումնասիրեք ձեր երեխայի օգտագործած սարքերի, սոցիալական ցանցերի, խաղերի և մուտք գործած առցանց հաշիվների գաղտնիության կարգավորումները։ Դրանք պետք է կարգավորվեն այնպես, որ նվազագույն քանակի տվյալներ հավաքեն, իսկ սարքերում տեղադրված ծրագրային ապահովումները մշտապես թարմացվեն։
Մանկահասակ երեխաների դեպքում համոզվեք, որ միայն ընկերները կամ ընտանիքի անդամները կարող են առցանց հաղորդակցվել նրանց հետ։
Դեռահասների դեպքումմիասին ուսումնասիրեք նրանց սիրելի հարթակներում հասանելի գաղտնիության կարգավորումները։ Խրախուսեք, որ պարբերաբար վերանայեն և, ըստ անհրաժեշտության, կարգավորեն։
Նպաստեք քննադատական մտածողության զարգացմանը
Ձեր երեխայի հետ խոսեք առցանց դրսևորվող կասկածելի կամ վնասակար վարքագծի մասին։ Հավաստիացեք, որ նրանք գիտեն, որ յուրաքանչյուր ոք արժանապատիվ և հարգալից վերաբերմունք ստանալու իրավունք ունի և խտրական կամ անպատշաճ վարքագիծը ոչ մի դեպքում ընդունելի չէ։
Մանկահասակ երեխաների դեպքում բացատրեք, որ առցանց ոչ բոլորն են վստահելի, ուստի պետք է զգույշ լինել, թե ում հետ ենք շփվում և ինչ կոճակ են սեղմում։ Հիշեցրեք, որ միշտ կարող են ձեզ դիմել, եթե զգում են, որ մի բան «կարգին չէ», որպեսզի միասին կարողանաք գլուխ հանել իրավիճակից։
Դեռահասների դեպքում փորձեք նրանց աստիճանաբար ավելացող ինքնուրույնությանը և լավ որոշումների կայացման կարողությանը նպաստելու ուղիներ գտնել։ Խրախուսեք, որ նրանք մտածեն այն ամենի մասին, ինչ առցանց տեսնում և հրապարակում են։ Հարցրեք նրանց անձնական փորձի մասին. երբևէ զգացե՞լ են ճնշում անձնական տվյալներն առցանց տեղադրելու համար, կամ գիտե՞ն որևէ մեկին, ում հետ դա պատահել է։ Ինչպե՞ս կվարվեին, եթե առցանց խնդրահարույց վարքագծի առնչվեին։
Ակտիվ դեր ստանձնեք նրա կյանքում
Տեխնոլոգիաները շարունակաբար փոփոխվում են, և ձեր երեխայի տարիքին զուգահեռ փոխվում են նաև նրա առցանց զբաղմունքները։ Միասին՝ որպես ընտանիք, ուսումնասիրեք նոր հարթակները, խաղերը և հավելվածները։ Միասին բացահայտեք, թե որն ինչ է ներառում, քննարկեք դրանց խնդիրները, նոր բաներ սովորեք և ուրախ ժամանակ անցկացրեք։
Ձեր երեխայի առցանց կյանքի ակտիվ մաս դառնալը ոչ միայն օգնում է նրան հաղթահարելու հետագա մարտահրավերները, այլև հնարավորինս վայելելու յուրաքանչյուր հնարավորություն։
Հոդվածը պատրաստվել է Meta’s Family Center-ի կողմից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը չի գովազդում որևէ ընկերության, բրենդ, արտադրանք կամ ծառայություն։
Բլոգը մշակվել է CyberHUB-AM-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ` Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ։ Այստեղ արտահայտված կարծիքները պատկանում են ԿիբեռՉատի հեղինակներին և կարող են չհամընկնել ծրագիրն իրականացնող կազմակերպությունների քաղաքականության կամ պաշտոնական դիրքորոշման հետ: