Նախադպրոցական կրթություն
ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է Հայաստանին՝ ապահովելու վաղ մանկության զարգացման և ուսուցման ծրագրերի հասանելիությունը բոլոր երեխաների համար

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Իրավիճակը Հայաստանում
Վաղ մանկությունը աճի և զարգացման առանցքային փուլ է, քանի որ այդ շրջանի փորձառությունները կարող են ազդել անհատի կյանքի ողջ ընթացքի վրա։ Բոլոր երեխաների համար վաղ մանկությունը հնարավորության մի կարևոր պատուհան է ՝ պատրաստվելու եւ մասնկացելու ցկյանս ուսումնառությանը, միևնույն ժամանակ կանխարգելելով զարգացման հնարավոր հապաղումներն ու հաշմանդամությունը։
Դա կարևորագույն ժամանակաշրջան է հատկապես հաշմանդամություն կամ զարգացման հապաղումներ ունեցող երեխաների համար՝ այն միջամտությունների հասանելիությունը ապահովելու տեսանկյունից, որոնք նպաստում են նրանց ողջ ներուժի իրացմանը։ Առաջնորդվելով փաստերով և հետազոտություններով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջարկում է այնպիսի միջամտություններ, որոնք կարող են օգնել երկրներին արագացնել վաղ տարիքի բոլոր երեխաների մասնակցությունը զարգացման և կրթական ծրագրերին։
2000 թվականից ի վեր՝ նախադպրոցական կրթական համակարգում ընդգրկվածությունն ավելացել է գրեթե մեկ երրորդով, և նախատեսվում էր, որ հինգ տարեկան երեխաների համախառն ընդգրկվածության հարաբերակցությունն ավելանալու է՝ 2000 թվականի 35%-ից հասնելով 90%-ի՝ 2017 թվականին։ Չնայած այս ձեռքբերմանը՝ վերջին տարիներին առաջընթացը եղել է դանդաղ, և մատչելիության անհավասարությունները շարունակում են մնալ խնդիր։
Վաղ տարիքի երեխաները երկրի բազմաթիվ հատվածներում չեն ստանում խնամք և կրթություն, որոնք նրանց թույլ կտային իրենց ներուժը լիարժեք իրացնել և ստանալ առողջ ու բեղմնավոր կյանքով ապրելու հնարավորություն։ Նախադպրոցական հաստատությունների սակավությունը, գործող կանոնակարգերը և կրթական ռեսուրսների սղությունն ազդում են կրթության հավասարության, արդարության ու որակի վրա։

Հայաստանում գրանցված հաշմանդամություն ունեցող փոքր երեխաների 1/3-ից պակասն է ստանում նախադպրոցական կրթության, մինչդեռ նրանց 2/3-ը չի ստանում վերականգնողական ծառայություններ:

Գյուղերում ապրող 10 երեխայից 8-ը նախադպրոցական կրթություն չի ստանում։
Երկրում երեխաների 70% -ը չի ստանում այնպիսի խնամք և կրթություն, որը թույլ կտա նրանց հասնել իրենց ողջ ներուժին և ունենալ առողջ և արդյունավետ կյանք ունենալու հնարավորություն:
Մեր գործողությունները
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հասատում է՝ յուրաքանչյուր երեխայի կյանքի արդար մեկնարկն ապահովելու համար կարեւորագույն դեր ունեն նախադպրոցական կրթությունը և խնամքը։ Հետևաբար, մենք կոչ ենք անում վաղ ուսումնառության փորձնական նախագծերից անցում կատարել դեպի նախադպրոցական ներառական կրթության համընդհանուր հասանելիության: Նախադպրոցական ներառական կրթության լավագույն մեկնարկը 3 տարեկանն է, հատկապես ամենակարիքավոր երեխաների դեպքում։
Մեր առաջին թիրախը Հայաստանում հինգ տարեկան բոլոր երեխաների համար մեկ տարի տևողությամբ նախադպրոցական կրթության հասանելիությունն է, հասկանալով, որ վաղ տարիքի կրթությունը մարդկային կապիտալում արվող որոշիչ ներդրում է։
Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերի հեռավոր գյուղական բնակավայրերում 3-6 տարեկան ավելի քան 140 երեխա արդեն հաճախում է նախակրթարան: Եվս 100-ը նրանց կմիանա առաջիկա հինգ տարիներին:
Մեր օրակարգը իրականցնում ենք հետևյալ գործողությունների միջոցով՝
- Փոքր գյուղական համայնքների երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հասանելիության ընդլայնում՝ ծախսարդյունավետ ծառայությունների ներդրման միջոցով.
- Համայնքային մակարդակում վերականգնողական ծառայությունների ստեղծում՝ գոյություն ունեցող նախադպրոցական հաստատությունների հիմքի վրա. Աջակցություն նախադպրոցական հաստատությունների ֆիզիկական միջավայրի ձևավորմանը (թեքահարթակների կառուցում, զուգարանների վերակառուցում, վերականգնողական սենյակների ստեղծում և այլն).
- Նախադպրոցական հաստատություններում մասնագիտացած աշխատակազմի վերապատրաստումներ (տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, առողջապահական ու սոցիալական աշխատողներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, և այլն)՝ երեխաների կրթական միջավայրի բարելավման հմտությունների ու գիտելիքի տեսանկյունից.
- Նախադպրոցական նորաստեղծ ծառայությունների կայունության ապահովում (օրենսդրություն, քաղաքականություն, բյուջե) և հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը սովորական նախադպրոցական հաստատություններում։
Նշված ԿԶՆ թիրախին համապատասխան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի նպատակն է․

Բարելավել նախադպրոցական կրթական ծառայությունների որակը և մատչելիությունը՝ ուշադրությունը կենտրոնացնելով խոցելի երեխաների ընդգրկվածությունն ընդլայնելու ուղղությամբ։

Ամրապնդել կրթական համակարգի կարողությունը և հասանելիությունը՝ վաղ տարիքի բոլոր երեխաներին, ներառյալ հաշմանդամություն ունեցող ու փոքր գյուղական համայնքներում բնակվող երեխաներին նախադպրոցական կրթությամբ ապահովելու համար։

Վերլուծել այն համայնքների ֆինանսական կարողությունը, որտեղ չկա որևէ նախադպրոցական հաստատություն, և կատարելագործել նորմատիվային կարգավորման համակարգը՝ մասնավոր, համայնքային ու պետական ծառայություն մատուցողների համար։

Նախաձեռնել շահերի պաշտպանություն բոլոր մակարդակներում՝ բոլոր երեխաներին նախադպրոցական կրթությունում ընդգրկելու համար, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաներին, և տրամադրել հասցեական, համայնքային ծառայություններ։
Անավարտ օրակարգ
Համաշխարհային հստակ միտումներն են՝ վաղ մանկական զարգացման և կրթության ոլորտում երեք տարեկանների համար նախադպրոցական հաստատություններում ներդրումներ կատարելը եւ բոլոր երեխաների համար ընդհանուր պայմաններ ստեղծելը, այլ ոչ միայն մի փոքր մասի՝ ամենակարիքավորների համար։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակը շարունակում է կոչ անել՝ տրամադրել առնվազն մեկ տարվա անվճար ու պարտադիր նախադպրոցական կրթություն, որպեսզի հինգ տարեկան բոլոր երեխաներն ունենան վաղ մանկության շրջանում որակյալ զարգացում, խնամք և կրթություն։ Մենք դա կանենք՝ ներդնելով համակարգային եւ ներառական քաղաքականություն և օրենսդրություն, մշակելով ու իրականացնելով ներառական, մատչելի եւ ինտեգրված ծրագրեր, ծառայություններ, ենթակառուցվածքներ նախադպրոցական կրթության համար, որպեսզի բավարարվեն առողջապահական, պաշտպանության, սնուցման ու կրթական կարիքները, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների համար։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով գլոբալ, տարածաշրջանային ու պետական գործընկերների հետ, կապահովի վաղ մանկության զարգացման և կրթության օրակարգի համակարգումն ու մշտադիտարկումը՝ երկրի մակարդակով տվյալների հավաքագրման, վերլուծության ու հաշվետվությունների ներկայացման միջոցով՝ ԿԶՆ շրջանակում: