ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

06 Հոկտեմբեր 2026
Ստորագրման արարողություն
UNICEF Armenia/2026/Galstyan

ԵՐԵՎԱՆ, հոկտեմբերի 6, 2026թ. – ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «People in Need» (PIN) Հայաստան կազմակերպությունը, Իջևանի համայնքապետարանը և «Միասին առանց սահմանների» ՀԿ-ն փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել՝ ընդլայնելու երեխաների և ընտանիքների աջակցության ծառայությունների ցանցը Տավուշի և Սյունիքի մարզերում։ 

Համագործակցության շրջանակում մինչև 2026 թվականի ավարտը Տավուշի մարզի Աչաջուր և Այգեհովիտ բնակավայրերում կստեղծվեն երեխաների համար նախատեսված երկու նոր կենտրոններ, որոնցից կօգտվի 5-15 տարեկան շուրջ 200 երեխա, այդ թվում՝ տեղահանված ընտանիքների երեխաներ։ 

Այգեհովիտում երեխաների համար նախատեսված տարածքը կվերանորոգվի Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, իսկ Աչաջուրում նմանատիպ տարածք կստեղծվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հումանիտար աջակցությանն ուղղված միջոցներով։ Նախաձեռնության շրջանակում երեխաների համար կստեղծվեն անվտանգ և ներառական միջավայրեր, որոնք նրանց  սովորելու, խաղալու, կյանքի հմտություններ ձևավորելու և հոգեսոցիալական աջակցություն ստանալու հնարավորություն կընձեռեն։ 

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գործող երեխայակենտրոն տարածքը կընդլայնվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հումանիտար աջակցությանն ուղղված ֆինանսավորմամբ՝ ավելի քան 80 երեխայի համար երեխաների պաշտպանության, հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության, ինչպես նաև կրթական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով։ Մեղրիի և հարակից համայնքների երեխաները կենտրոնում կստանան սոցիալական, հոգեբանական և կրթական աջակցություն սոցիալական աշխատողի, հոգեբանի, արտ-թերապևտի, լոգոպեդի և հատուկ մանկավարժի ծառայություններից օգտվելով՝ առանց իրենց համայնքից հեռանալու։ 

«Երեխաներն ու նրանց ընտանիքներն իրավունք ունեն իրենց համայնքներում ստանալու անհրաժեշտ ծառայություններ, որոնք կօգնեն նրանց լիարժեք զարգանալ և բարեկեցիկ կյանք վարել։ Վերջին տասնամյակի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է Հայաստանին՝ ամբողջ երկրում ընդլայնելու այդ ծառայությունների շրջանակն ու հասանելիությունը, ինչպես նաև զարգացնելու դրանց շարունակական և կայուն տրամադրումն ապահովելու համար անհրաժեշտ կարողությունները», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ դոկտոր Ղասսան Խալիլը։ «Մեր համագործակցության ընդլայնմամբ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ապահովելու, որ յուրաքանչյուր երեխա, հատկապես տեղահանությունից տուժած և խոցելի իրավիճակում գտնվող երեխաները, իր համայնքում ունենա ապահով տարածք, ինչպես նաև որակյալ աջակցության ծառայություններ ստանա՝ հնարավորություն ունենալով լիարժեք կյանք կառուցելու համար»։  

«Ուրախ ենք շարունակելու մեր գործընկերությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և աջակցելու, որպեսզի երեխաներն իրենց համայնքներում ունենան նոր, անվտանգ ու հյուրընկալ միջավայր։ Մեր փորձը և ծնողների հետ ունեցած զրույցները ցույց են տալիս, որ այս կենտրոններն իսկապես կարող են փոխել երեխաների և ընտանիքների կյանքը։ Այստեղ երեխաները հնարավորություն են ստանում շփվելու միմյանց հետ, հաղթահարելու հաղորդակցության խոչընդոտները, ձեռք բերելու ինքնավստահություն և, ամենակարևորը, պարզապես վայելելու իրենց մանկությունը», – ասել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Քրիստոֆեր Շմիցը։ «Մենք նաև սերտորեն համագործակցում ենք համայնքապետարանների և տեղական քաղհասարակության կազմակերպությունների հետ, որպեսզի ծրագրի ավարտից հետո այս ծառայությունները շարունակեն գործել՝ հանդիսանալով համայնքային կյանքի անբաժանելի մասը»։ 

«Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել մեր գործընկերներին այս կարևոր նախաձեռնության և երեխաների զարգացմանն ուղղված նրանց հետևողական ջանքերի համար։ Վստահ ենք, որ այս կենտրոնները ոչ միայն նոր հնարավորություններ կստեղծեն երեխաների զարգացման համար, այլև կենսական աջակցություն կտրամադրեն ընտանիքներին և կնպաստեն համայնքում երեխաների համար առավել բարենպաստ ու ներառական միջավայրի ձևավորմանը», – նշել է Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ 

«Այսօր կարևոր և խորհրդանշական օր է բոլորիս համար։ Այսօր գործընկերության և համագործակցության մեր տեսլականը կատարում է իր առաջին հաստատուն քայլը։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատացել են այս նախաձեռնությանը, աջակցեցել դրա իրականացմանը և այսօր կանգնած են մեր կողքին։ Թող այս գործընկերությունը դառնա համագործակցության նոր փուլի սկիզբ՝ ի աջակցություն մեր երեխաների և հանուն այնպիսի համայնքի, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է գտնել իր տեղը և լիարժեք մասնակցել հասարակական կյանքին», – նշել է «Միասին առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Պայծառ Թումանյանը։ 

Վերջին հինգ տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «People in Need» Հայաստան կազմակերպությունը՝ Ճապոնիայի կառավարության՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հումանիտար աջակցությանն ուղղված միջոցներով Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ստեղծել, ընդլայնել, վերանորոգել և շահագործման են հանձնել երեխաների համար նախատեսված ութ նմանատիպ ապահով տարածք։ 

Այս կենտրոններն աջակցում են հակամարտությունից և տեղահանությունից տուժած երեխաներին, ինչպես նաև հյուրընկալող համայնքների երեխաներին և նրանց խնամակալներին՝ ապահովելով անվտանգ միջավայր ուսումնառության, ժամանցի, հոգեսոցիալական աջակցության և սոցիալական ներառման համար։ 

Երեխաների համար նախատեսված այս տարածքները ստեղծվում, ընդլայնվում, վերանորոգվում և շահագործման են հանձնվում տեղական և մարզային իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ։ Վերջիններս առանցքային դեր ունեն կենտրոնների կառավարման և դրանց գործունեության շարունակականությունն ապահովելու գործում։ Ակնկալվում է, որ համայնքային և մարզային գործընկերները ծրագրի ավարտից հետո ևս կշարունակեն աջակցել այս տարածքների գործունեությանը՝ ապահովելով դրանց կայունությունն ու շարունակականությունը նաև ծրագրի ավարտից հետո։ 

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:


Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am  կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Instagram և X-ում: