Հայաստանի չծնված աղջիկները

Ինչպես է տղա երեխայի նախապատվությունը նպաստում սեռերի անհավասարության խորացմանը

Հարցազրուցները՝ Նաիրի Աբրահամյանի, խմբագրությունը՝ Անժելա Հոուքի
Երևանի ծննդատներից մեկում երկու աղջիկ ունեցող Սվետլանան եկել է դիմավորելու և տուն ուղեկցելու ընտանիքում ծնված երրորդ աղջկան։
UNICEF/Anush Babajanyan VII
15 Մարտ 2020

Գեղարքունիքի ամենամեծ գյուղի՝ Վարդենիկի դպրոցի միջանցքների պատերին զոհված ազատամարտիկների նկարներ են փակցված․ բոլորը տղամարդիկ են։ Դպրոցի այլ անկյուններում փակցված են հայտնի գրողների, մարզիկների, գիտնականների և երաժիշտների նկաները․ կրկին բոլորը՝ բացի մեկից, տղամարդիկ են։

Հայաստանում կանանց բացակայությունը միայն պատերին փակցված նկարներով չէ, որ արտահատվում է/տեսանելի է։ Բազմաթիվ դպրոցների դասարաններում պատկերը նույնն է․ դասարաններ կան, որտեղ տղաների թիվը չորս անգամ գերազանցում է աղջիկների թվին։ Մի բան ակնհայտ է․ լինի դա դպրոցի պատերին, թե դասարաններում՝ աղջիկները քիչ են։

Հայաստանը սեռով պայմանավորված ընտրության ցուցանիշով աշխարհում առաջին հորիզոնականներում է, ինչի պատճառով էլ թե՛ ընտանիքներում, թե՛ դասարաններում, թե՛ համայնքներում, աղջիկները քիչ են։ Սեռով պայմանավորված ընտրությունը աղջիկների հանդեպ բռնության մի ձև է, որի մասին խոսելը ու գրելը դժվար է։ Այնուամենայնիվ, եթե նայենք ցուցանիշներին, ապա 2018-ին 111 տղայի հաշվով 100 աղջիկ է ծնվել։ Հենց միայն 2018թ-ին 424 աղջիկ չի ծնվել։ Արդյունքում՝ վերջին 7 տարվա մեջ 4 000 աղջիկ չի ծնվել՝միայն տղա երեխայի հաստատուն նախապատվության պատճառով։ Պատկերացնո՞ւմ եք՝ 4 000 աղջիկ երեխայի՝ 4 000 փոքրիկի կորսված կյանք՝ կորսված հնարավորություններ ու ահռելի ներուժի կորուստ։

Գեղարքունիքի դպրոցի դասասենյակում երկու աղջիկ դասի ավարտից հետո դեմ դիմաց կանգնած զրուցում են։
UNICEF/Anush Babajanyan VII

Հարցին, թե պատճառը որն է, Վարդենիկի դպրոցի ուսուցիչներն ու ադմինիստրատորները թոթվում են ուսերը/հստակ պատասխան չունեն։ Շատերն ասում են, որ այսօր զույգերը ավելի քիչ երեխաներ են ունենում։ «Աշխատանք չկա, ընտանիքին պահելը շատ դժվար է»,- ասում է չորրորդ դասարանի ուսուցչուհին, որ նախընտրեց անանուն մնալ, -«ու երիտասարդ ընտանիքներն այսօր առավելագույնս երկու կամ երեք երեխա են ունենում, իսկ նախկինում այնքան էին բերում, մինչև տղան ծնվեր»։ Ճիշտ է սեռով պայամանավորված ընտրության մասին խոսելը տաբու է, բայց ուսուցչուհին բացատրում է․ «քիչ երեխաները ունենալն էլ բերում է նրան, որ նրանք հեռացնում են աղջիկներին, որպեսզի ընտանիքում անպայման տղա լինի»։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի նախաձեռնությամբ Բրաունի համալսարանի, Ցյուրիխի տոխնիկական բարձրագույն դպրոցի և Լուիզիանայի համալսարանի համագործակցությամբ 2017-2019թթ-ին իրականացրած հետազոտությունը բացահայտել է Հայաստանում տղա երեխայի նախապատվության խորքային պատճառներն ու ազդեցությունը։ Հետազոտության արդյունքները փաստում են, որ երեք հիմնական գործոն կա, որոնք համատեղ ազդելով սաստկացնում են գենդերային անհավասարությունը՝ արդյունքում դառնալով աղջիկների չծնվելու պատճառ․ դրանք են՝ ծնելիության անկումը, ուլտրաձայնային տեխնոլոգիաների զարգացումը և տղա երեխայի արժևորման խորապես արմատավորված նորմերը։

Հետազոտության արդյունքները հաստատում են, որ Հայաստանում ընտանիքները հիմնականում երկու մեթոդ են կիրառում, որպեսզի հասնեն երեխաների սեռերի ցանկալի հարաբերության․ նրանք կամ դիմում են ուլտրաձայնային նորագույն տեխնոլոգիաների օգնությանը՝ նախ պարզելու աղջիկ երեխաներին (հաճախ նաև հղիությունը ընդհատելու նպատակով) կամ ավելի տրադիցիոն մեթոդի օգնության են դիմում և այնքան երեխաներ ունենում, մինչև տղա ծնվի։

Գեղարքունիքի դպրոցներից մեկի միջանցքում տղան բարձրանում է աստիճաններով։
UNICEF/Anush Babajanyan VII
Դասի ավարտից հետո աշակերտները վազում են դասասենյակից դուրս․ բոլորը տղաներ են։
UNICEF/Anush Babajanyan VII

Ուսումնասիրված երեք տարածքներում՝ Գեղարքունիքում, Սյունիքում և Երևանում ապրող զույգերը նախընտրում են ունենալ տղա, միևնույն ժամանակ հավասար թվով տղա և աղջիկ ունենալու ցանկություն արտահայտել։ Հիմնականում տղա չունեցող ընտանիքներն են ընտրում երեխայի սեռը։ Հետազոտությունը բացահայտել է, որ այն ընտանիքները, որոնց առաջին կամ երկրորդ երեխան տղա է, 50 տոկոսով պակաս հավանական է, որ երկուսից ավելի երեխա ունենան։ Ի հեճուկս սրան՝ աղջիկ ունեցող ընտանիքները շարունակում են երեխա ունենալ։ Հետազոտությանը մասնակցած բոլոր ընտանիքների 60 տոկոսի վերջինը որդի է ծնվել։

2006 թվականի PNAS գիտական ամսագրում նորմալ սեռային հարաբերակցության վերաբերյալ հրապարակված հետազոտությունը փաստում է, որ հիմնականում բնակչության սեռային հարաբերակցությունը հաստատուն է ու եթե ցուցանիշը մանիպուլացիայի չի ենթարկվում, ապա յուրաքանչյուր 100 աղջիկ երեխայի հաշվով 105-107 տղա երեխա է ծնվում։ Իմիջիայլոց, Հայաստանում, մինչև ուլտրաձայնային սարքերի ի հայտ գալը, այս հարաբերակցությունը մոտ է եղել ընդունված նորմալ ցուցանիշին առաջին երկու երեխայի դեպքում։

Այնուամենայնիվ, սեռային հարաբերակցության ցուցանիշը կտրուկ փոխվում է, երբ ընտանիքում միայն աղջիկներ են ծնվում։ Ըստ 1995-2000թթ-ի մարդահամարի տվյալների՝ երկու աղջիկ ունեցող ընտանիքներում յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով Հայաստանում 223 տղա երեխա է ծնվել։ Իսկ արդեն 3 դուստր ունեցող ընտանիքներում 4-րդ երեխայի դեպքում 100 աղջկա հաշվով 304 տղա է ծնվել։

Վարդենիկում երկրորդ դասարանի ուսուցչուհին, ով նույնպես նախընտրեց անանուն մնալ, մեր հարցին հարցով պատասխանեց «նկատե՞լ եք, թե մեր գյուղում քանի տղամարդ ամուսնացած չէ։ Նրանք կին չեն կարողանում գտնել, գյուղում այնքան քիչ են կանայք»։

Դպրոցի բակում ֆիզկուլտուրայի դասի համար տղաները կանգնել են խմբված և աղջիկներից առանձին։
UNICEF/Anush Babajanyan VII

Ինչո՞ւ ենք նախընտրում տղա երեխաներին

Հայաստանում տղա երեխայի նախապատվությունը կախված չէ բնակության մարզից և թե ինչպիսի սոցիալական պայմաններում է ապրում ընտանիքը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի խորքային հետազոտության համաձայն՝ ուսումնասիրված բոլոր երեք մարզերում ծնողները, ուսուցիչները և բնակիչները նույն հարցերն են բարձրաձայնել։

Գյումրիում ապրող Վլադիմիր Մելքոնյանը, ով երեք դուստր ունի, հպարտությամբ մեզ է ցույց տալիս իր հոր ստեղծած ընտանեկան ծառը։ Չնայած դուստրերի նկատմամբ իր սերն անսահման է՝ նա դեռ ուզում է տղա երեխա ունենալ, ով կշարունակի իր ազգանունը։ Հարցրինք՝ արդյոք իր դուստրերին պատկերելու է այս ծառի մեջ, ասաց որ դուստրերին գուցեև ներառի, սակայն նրանց երեխաներն արդեն ծառի մեջ տեղ չունեն։

Գյումրիում ապրող երեք երեխաների մայր Մարգարիտ Մելքոնյանը յուրովի է մեկնաբանում այս տեսակետը․ «Ընտանեկան ծառում գրում են միայն որդիների անունները, իսկ աղջիկների անվան փոխարեն ուղղակի խնձորներ են նկարում»։

Մարգարիտը տան խոհանոցում իր փոքր աղջկան գրկած հետևում է, թե ինչպես է իր մեծ աղջիկը սուրճ պատրաստում։
UNICEF/Anush Babajanyan VII

Հետազոտվել է նաև կանանց, ամուսինների և սկեսույրների էմոցիաները և կարծրատիպերը, երբ նրանք տեսնում են միայն տղա երեխաներ ունեցող ու միայն աղջիկներ ունեցող ընտանիքների նկարներ։ Սկզբում հարցվողները պետք է համակցեին «ուրախություն» և «տխրություն», «ծաղկել» և «թոշնել» բառերը այդ նկարների հետ։ Այս դեպքում տղա երեխայի նախընտրություն կամ չի գրանցվել կամ շատ քիչ է եղել։

Նույն նկարները այնուհետև պետք է համակցվեին «ծաղկել» և «թոշնել» բառերի հետ՝ արդեն նաև հաշվի առնելով գերդաստանի շարունակելիության հարցը։ Այս դեպքում տղաներ ունեցող ընտանիքի հանդեպ էական  նախընտրություն է գրանցվել։ Սա փաստում է, որ նախընտրությունը հատկապես արտահայտվում է, երբ խոսակցության մեջ ազգանվան շարունակելիության թեման է շոշափվում։ Ըստ հետազոտության՝ տղաները համարվում են «ընտանիքի մաս կամ «մնացող», մինչդեռ աղջիկներն ամուսնանալով լքում են իրենց ընտանիքն ու գնում մեկ այլ ընտանիքի մաս դառնում։

Դուք աղջիկ եք ունենալու

Հանդիպեցինք Երևանում ապրող Հարություն Դարբինյանին և Գավառում ապրող Մկրտիչ Հովհյաննիսյանին: Երկուսն էլ 4 դուստր ունեն։ Երկուսն էլ վստահ են, որ երեխան երեխա է, երկուսն էլ անտեսել են «իդեալական ընտանիք» ունենալու հասարակական ճնշումները։ Սակայն երկուսն էլ իրենց մաշկի վրա են զգացել, որ դրանք կարող են լինել անդադար, բացահայտ՝ հաճախ իբրև կատակ ներկայացվելով։

«Տղուց տղա է ծնվում» արտահայտությունը Հարությունը հաճախ է լսել ընկերներից, որին նա հանգիստ հակադարձող կատակով է պատասխանում․ «Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»։ Երբ Հարությունի երկրորդ աղջիկը՝ Սուսաննան, ծնվեց, ընկերները սկսեցին այլ կատակներ տարածել․ «Արի՛ ցույց տանք, թե ոնց պետք է տղա ունենալ»։ Նա սրտին մոտ չի ընդունում այսպիսի խոսակցությունները, բայց երբեմն հակադարձում է։

Մկրտիչը նստած է իր տան բազմոցին իր չորս դուստրերի հետ։
UNICEF/Anush Babajanyan VII

Մկրտիչը պատերազմի վետերան է։ Նա 16 տարեկանում թողել է դպրոցն ու գնացել բանակ։ Ճակատամարտերից մեկի ժամանակ նա կորցրել է իր ձախ ձեռքը։ « Ի՞նչ տարբերություն՝ տղա՞ թե աղջիկ։ Երբ իր կինը՝ Հասմիկը, երրորդ աղջիկ երեխային էր սպասում, իր մանկության ընկերները համոզում էին, որ պետք է ընդհատել հղիությունը։ «Մարդիկ ամեն կերպ համոզում էին, բայց ես դեմ չգնացի իմ սկզբունքներին»։

Հիմնվելով «Չծնված աղջիկների» հետազոտության արդյունքների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները աշխատում են Հայաստանում կանանց և աղջիկների նկատմամբ բոլոր տեսակի բռնություններին վերջ դնելու քաղաքականության և ծրագրերի մշակման ուղղությամբ։

Հետազոտությունը փաստում է, որ սեռով պայմանավորված ընտրությունը կարելի է բացառել միայն մարտահրավեր նետելով ու փոխելով գենդերային նորմերը ոչ միայն կանանց ու աղջիկների համար, այլ նաև տղաների ու տղամարդկանց համար։ Դա հնարավոր է միայն հասարակությանը, քաղաքացիական հասարակությանը, մեդիային և կառավարությանը միավորելու միջոցով։

Հարությունը նստած է տան բազմոցին՝ իր չորս աղջիկներին գրկած։
UNICEF/ Anush Babajanyan VII

«Երբ իմ չորրորդ աղջիկը ծնվեց, մաղարիչ տարա գործընկերներիս»,-պատմում է Հարությունը։ «Մարդիկ զարմացել էին, ասում էին «Ի՞նչն ես տոնում»։ Սոցիալական մեդիայում գրեցի, «Իմ չորրորդ հրաշքն է ծնվել», բոլորը սկսեցին մեկնաբանել « Վերջապե՜ս տղա ես ունեցել։ Շնորհավորում ենք»։ Պատասխանեցի՝ «Իմ աղջիկներն իմ հրաշքներն են»։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնած հետազոտությունը փաստում է, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը կարելի է բացառել` միայն մարտահրավեր նետելով ու փոխելով հասարակության նորմերը ոչ միայն կանանց ու աղջիկների համար, այլ նաև տղաների ու տղամարդկանց համար։ Ի վերջո, Հայաստանին հարկավոր է իր յուրաքանչյուր երեխայի ներուժը և այդ ներուժին հասնելն է երկրի ապագա զարգացման գրավականը: Յուրաքանչյուր երեխա, լինի աղջիկ, թե տղա, անչափ կարևոր են։ 

Թե ինչ է նշանակում լինել աղջիկ կամ տղա, առավելևս «լավ» աղջիկ և «լավ» տղա, ձևավորվում են վաղ մանկությունից սկսած և այստեղ մեծ դեր ունեն մեր ծնողները, տատիկներն ու պապիկները: Ոչ պակաս ազդեցություն են ունենում, սակայն, նաև մեր դպրոցն ու ուսուցիչները, ընկերները, լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը: Գալիք տարիներին, ՅՈՒՆՍԻԵՖ-ը կշարունակի իր աշխատանքը կրթության ոլորտի մասնագետների և ուսուցիչների հետ, որպեսզի նրանք ավելի ներառող մեթոդներ կիրառեն, մեթոդներ, որոնք հավասարապես կարևորում են յուրաքանչյուր աշակերտին՝ անկախ նրա սեռից։