Նոր տեսահոլովակ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը նոր ուսումնական տարվա առիթով կոչ է անում հասարակությանը ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում

01 Սեպտեմբեր 2017
Հենրիխ Մխիթարյանի և փոքրիկ աղջնակի լուսանկարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար
UNICEF/Armenia 2017/Publicis Hepta
ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնում է ամենամեկուսացված և խոցելի երեխաների ուսման, կրթության իրավունքը:

Սեպտեմբերի 1, Երևան: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ուսումնական տարվա կապակցությամբ հեռարձակված տեսահոլովակում կոչ է անում հասարակությանը՝ այս սեպտեմբերին ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում և համայնքներում՝ ընդգծելով ներառական կրթության կարևորությունը ամենամեկուսացված և խոցելի երեխաների համար:

Տեսահոլովակում Մխիթարյանի՝ հունիսին կայացած հանդիպումն է մի խումբ երեխաների հետ, որոնք նրան պատմում են իրենց կրթության, երազանքների և խնդիրների մասին:

«Յուրաքանչյուր երեխա, անկախ իր կարողություններից, որակյալ ներառական կրթություն ստանալու իրավունք ունի»,- նշել է Մխիթարյանը: «Երեխայի կարողություններով և ոչ թե անկարողությամբ է որոշվում, թե ինչ ձեռքբերումներ նա կարող է ունենալ կյանքում»:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշեց, որ Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել երկրում ներառական կրթությունը ընդլայնելու գործում: Այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան դպրոցների, ծնողների ու համայնքների պատրաստվածությունն այս առումով բարձրացնելու հարցում: «ՅՈՒՆԻՍԵՖ-ում մենք գիտենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաները հրաշալի բաներ կարող են անել, եթե նրանց հնարավորություն ընձեռնվի: Նրանք, ինչպես բոլորը, ունեն կրթություն ստանալու նույն իրավունքը»:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սիվիլիթաս հիմնադրամի 2013 և 2015թթ.-ին իրականացրած՝ երեխաների հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ հարցման արդյունքների, չնայած ընդհանուր առմամբ հանդուրժողական մոտեցում կա հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակության մեջ ներգրավելու և ընդհանուր կրթական հաստատություններում ընդգրկելու գաղափարի հանդեպ, հանդուրժողականության աստիճանը կախված է հաշմանդամության տեսակից՝ մտավոր կամ ֆիզիկական: Հարցվածների զգալի մեծամասնությունը (71 տոկոս) կարծում է, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխան պետք է հաճախի հատուկ դպրոց:

 Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենամեկուսացված և խոցելի խմբերից են, որոնք բազում զրկանքներից բացի, որակյալ ներառական կրթություն ստանալու հնարավորություն չունեն: 2017թ.-ի դրությամբ, ՀՀ-ում գոյություն ունեն 208 ներառական դպրոցներ, որոնց թիվն աստիճանաբար աճում է: Հատուկ դպրոցների թիվը 40-ից նվազել է 21-ի՝ հետագա պլանավորված կրճատումներով:

 ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է ՀՀ կառավարությանը, որպեսզի յուրաքանչյուր երեխա Հայաստանում ներառվի հանրակրթական դպրոցներում վաղ մանկությունից մինչև պատանեկություն՝ կատարելով մի շարք միջամտություններ: Դրանց թվում են՝

  • հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը՝ ներառման պարտավորություն ստանձնելը խթանելու նպատակով,
  • հատուկ դպրոցների վերակազմակերպումը այնպիսի կենտրոնների, որոնք կկարողանան օժանդակել հանրակրթական դպրոցներին ներառական դառնալու գործընթացում,
  • հաշմանդամություն որոշելու գործընթացի վերանայումը՝ ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգմանը համապատասխան,
  • 0-6 տարեկան երեխաների շրջանում հաշմանդամության և զարգացման հապաղումների վաղ հայտնաբերման և միջամտության համար մեխանիզմների ստեղծումը, հաշմանդամության վերաբերյալ տվյալների հավաքագրումը՝ առկա բացը լրացնելու և գրանցման առաջընթացը վերահսկելու, ինչպես նաև՝
  • Աջակցելով իրավական բարեփոխումներին և քաղաքականության մշակմանը՝ օժանդակելու հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

For more information about UNICEF and its work for children, visit www.unicef.org.

Follow UNICEF on Twitter and Facebook