Քրիսթինե Վայգանդ
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Քրիսթինե Վայգանդը ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչն է Հայաստանում: Նրա ղեկավարությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը շարունակելու է համագործակցությունը ՀՀ Կառավարության, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի Հայաստանում երեխաներն ավելի շատ օգտվեն ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու, պաշտպանված լինելու և մասնակցության իրենց իրավունքների անկողմնակալ իրականացումից:
Մինչ այս պաշտոնը ստանձնելը Քրիսթինե Վայգանդը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն էր Թուրքմենստանում: Նա պատասխանատու էր այդ երկրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կառավարության միջև համագործակցության ծրագրի մշակման և ղեկավարման, ինչպես նաև դրանք իրականացնելու նպատակով ազգային և միջազգային գործընկերային կապերի ընդլայնման համար: Բացի այդ՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի հուլիսը նա Թուրքմենստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարն էր՝ իրականացնելով երկրում ՄԱԿ-ի թիմի ընդհանուր ղեկավարումն ու աշխատանքների համակարգումը, ինչպես նաև ներկայացնում էր ՄԱԿ-ի թիմը ազգային և միջազգային բարձրաստիճան շրջանակներում և զարգացնում գործընկերային կապերը:
Ավելի վաղ Քրիսթինե Վայգանդը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալն էր և ղեկավարում էր այդ երկրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կառավարության միջև համագործակցության ծրագրի մշակման, իրականացման, մշտադիտարկման ու գնահատման աշխատանքները կառավարության գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:
Տկն Վայգանդը ՅՈՒՆԻՍԵՖ-ին է միացել 2012-ի հունվարին՝ որպես սոցիալական քաղաքականության ծրագրերի և գնահատման բաժնի ղեկավար (Անտանանարիվու, Մադագասկար): Նրա պատասխանատվության տակ էր սոցիալական քաղաքականության մշակման և իրականացման, շահերի պաշտպանության և հետազոտական ծրագրերի և մասնավոր հատվածի գործընկերության նախագծման և իրականացման մասնագիտական ղեկավարումը:
Մինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ին միանալը՝ 2008-2011 թվականներին, տկն Վայգանդը Ֆրանկֆուրտի Գերմանական զարգացման բանկում (KfW Entwicklungsbank) աշխատել է որպես ոլորտի տնտեսագետ սոցիալական պաշտպանության բնագավառում, ապա՝ ծրագրերի ղեկավար: Այդ պաշտոնում նա սոցիալական պաշտպանության ոլորտի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել Գերմանիայի ֆինանսական և տեխնիկական համագործակցության բոլոր մակարդակներում` համագործակցելով էկոնոմիկայի և զարգացման համագործակցության նախարարության, ինչպես նաև խորհրդարանի անդամների հետ: Նա պատասխանատու էր Մալավիում, Հարավային Աֆրիկայում և Զիմբաբվեում շուրջ 50 միլիոն եվրո արժողության կրթական, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և սոցիալական պաշտպանության ոլորտներում ծրագրերի ղեկավարման համար:
2001-2008 թվականներին տկն Վայգանդը աշխատել է Համաշխարհային բանկում (Վաշինգտոն, ԱՄՆ) աղքատության նվազեցման և սոցիալական պաշտպանության ոլորտներում: Սոցիալական պաշտպանության ընդհանուր փորձագիտական թիմի անդամ էր և մասնագիտական աջակցություն էր ցուցաբերում սոցիալական ապահովության ցանցային ծրագրերի և սոցիալական ոլորտի պետական/հանրային ծախսերի վերանայման գործում:
Տկն Վայգանդը ավարտել է Մաաստրիխտի համալսարանը (Նիդերլանդներ): Ունի միջազգային տնտեսական ուսումնասիրությունների մագիստրոսի կոչում: Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին և գերմաներենին:
Քրիսթինե Վայգանդը Ավստրիայի քաղաքացի է: