Upshift Սպիտակ․ ապրելու, ապրեցնելու, լինելու՝ կյանքի նախագծեր

Եվրոպական միության ֆինանսավորմամբ Յունիսեֆը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» համայնքը զարգացնելու գաղափարի շուրջ այս անգամ հավաքեցին Սպիտակի դեռահասներին։

Քնարիկ Ներսիսյան
Սպիտակի դեռահասները՝ UPSHIFT Սպիտակ ծրագրի ավարտից հետո։
UNICEF Armenia/2021/Hieroglyph
02 Նոյեմբեր 2021

Upshift ծրագրի 2021-ի կանգառումը այս անգամ եղավ Սպիտակ համայնքում։ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Յունիսեֆը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» այս անգամ համայնքը զարգացնելու գաղափարի շուրջ հավաքեցին Սպիտակ համայնքի դեռահասներին։ Տասը թիմ՝ տղաներ և աղջիկներ, հավաքվել են համայնքի ապագայի համար, առաջ են բերել գաղափարներ, որոնք պիտի փոխեն համայնքի կյանքը, պիտի փոխեն իրենց մասնակցությամբ։ Գաղափարների ճարտարապետների ուշադրության առանցքում այստեղ բնապահպանությունն է, առողջ ապրելակերպը, քաղաքաշինությունը, մշակութային ժառանգության կարևորումը, պահպանումը, աղջիկների և տղաների իրավահավասարությունը, մտավորը՝ ընթերցանությունը և գեղեցիկ ժամանցը։

Հուլիսի 12-ին վաղ առավոտ 06։45 ուղևորվեցինք Սպիտակ։ Ոգևորված սպասում էինք երիտասարդների հետ ծանոթանալուն։ Հասանք տեղ։ Քար լռություն։ Կասկածեցինք, բայց մտանք ներս։ Չէինք սխալվել, ճիշտ վայրում էինք։ Դպրոցի մարզադահլիճում էմոցիաների փունջ էր։ Ոգևորված պատանիներ, ովքեր ամիս ու կես աշխատում են իրենց գաղափարների վրա, մասնակիցների գրանցում, մասնագետների խորհրդատվություն, մի խոսքով՝ կյանք։

Սպիտակից աղջիկն ու տղան ժյուրիին են ներկայացնում իրենց ծրագիրը։
UNICEF Armenia/2021/Hieroglyph

Երկու օր այդ էմոցիաների ականատեսն էինք․ զարմանալի տեսարան, շշմելու հույզեր։ Պատանիներն ունեին իրենց կցված մենթորներ, որոնց հետ մշակում էին ծրագրերի ներկայացումները, խոսքը, պրեզենտացիաների մոդուլները, կառուցվածքը, փորձեր են վարում։ Ինքնավստահության մեծ ալիք է կանգնած։ Վստահ են, որ հաղթել են։ Պնդում էին, որ հաղթանակ ունեն և հեչ կարևոր չէ, թե իրենց նախագիծը ֆորմալ տեսանկյունից կճանաչվի՞ հաղթող, թե՝ոչ։ Հաղթել են, քանի որ մեծ զինանոց ունեն Upshift-ի շնորհիվ։

Իրենք այլևս առաջվանը չեն՝ ավելի ինքնավստահ են, նոր հմտություններ, գիտելիքներ, կարողություններ են ամբարել, բաներ, որոնք դպրոցը չի սովորեցնում։ Ծրագրի շրջանակում սովորել են գաղափարները բերել կառուցվածքի՝ նախանշելով դրանց իրագործաման հաջորդականությունը, գտնելով լուծումների գրագետ ճանապարհները, հարթակ, որտեղ կարողացան երկխոսել, գտնել ընկերներ, շփվել ամենատարբեր մասնագետների հետ։ Այսուհետ քաղաքացի են իրենց զգում, քանի որ համայնքի համար շատ կարևոր մի բան են անում։

Սպասումի ամենահուզիչ պահն է։ Դահլիճը ողողված է սրտխփոցով, ներկայացվել են նախագծերը, հանձնաժողովը գնացել է որոշումների՝ տասը խմբից, տասը ծրագրից պետք է ընտրվի հինգը. «Աուդիո կենտրոն», «Համայնքային զբոսայգի», «Ֆուտբոլ բոլորի համար», «White book», «Ecopen»: Ահա, տասը գաղափարից հանձնաժողովը ֆինանսավորման համար առանձնացրեց հինգը։ Անպայման պետք է նշենք նաև, որ համայնքապետարանը մասնակից խմբերի գաղափարներից ֆինանասավորեց ևս մեկը՝ «Garden of smiles»-ը՝ համայնքային այգու բարեկարգման ծրագիրը, իսկ հանձնաժողովի անդամներից մեկը, ով համայնքի գործարարներից է, իր հովանու տակ առավ «Ֆուտբոլի դաշտ» նախագիծը, որով նախատեսվում է բարեկարգել համայնքի դպրոցի բակում գտնվող միակ ֆուտբոլի դաշտը։

Սա արդեն տպավորիչ է, պատանիները փոխում են համայնքի կյանքը, իրենց գաղափարներով փոխում են համայնքում վարքագիծ, հնարավորություն են տալիս մասնակցելու համայնքային կյանքին ու վերջ դնում անտարբերությանը։ Կարող ենք փաստել, որ Upshift-ի հիմնական գաղափարախոսությունը պտուղներ է տալիս։ Ահա՝ ինչպիսի պտուղներ։

UPSHIFT Spitak ծրագրի մասնակիցները։
UNICEF Armenia/2021/Hieroglyph

Աուդիո կենտրոն

«Մենք ուսումնասիրություններ ենք արել․ փաստ է՝ Սպիտակում քիչ են կարդում։ Պատճառները տարբեր են. քաղաքային գրադարանը ծայրամասում է, համալրված չէ նոր հեղինակներով, նոր հրատարակությամբ։ Հետո՝ հիմա շատ արդիական է աուդիոգրքերի տարբերակը։ Որպես պատանիներ՝ մենք առաջ ենք քաշել մի գաղափար, որը հրաշալի հնարավորությունների մի փունջ է։ Մենք ուզում ենք զբոսայգում, կանաչի ու գեղեցիկի մեջ լինի մեր աուդիոկենտրոնը՝ համալրված աուդիոգրքերով, որտեղ համայնքի բնակիչը և՛ կմենանա այգու խորքում, մեր կենտրոնի ծածկի տակ ու ինքը կլինի գրքային, գեղեցիկի աշխարհում՝ իր ընտրած աուդիոնյութի հետ։ Շատ ուրախ ենք, որ ընտրվեց մեր գաղափարը, որ առանձնացվեց ու կարևորվեց հանձնաժողովի կողմից։ Մենք այն զարգացնելու ենք, մինչև վերջ արդիականացնենք ու հասնենք նրան, որ ընթերցանությունը միշտ էլ ժամանակակից լինի»։

UPSHIFT Spitak ծրագրի մասնակիցները։
UNICEF Armenia/2021/Hieroglyph

Համայնքային զբոսայգի

Հուզմունք, հպարտություն, դող, պատասխանատվություն... այսպիսի հույզերի տակ էր քողարկված Մեծ Պարնիի «Համայնքային զբոսայգի» նախագծի անդամ Տաթևիկ Բադալյանը։ «Առաջին անգամ է մասնակցում այսպիսի նախագծի, վստահեցնում է, որ նախագիծը ներկայացնելուց այսչափ հուզված չէր, իսկ արդյունքները հայտարարելուց շատ էր անհանգստանում։ «Բարեբախտաբար հաջողեցինք։ Upshift-ը ինձ համար մեկնարկ էր, ես այսուհետ միշտ կմասնակցեմ, քանի որ արդեն ունեմ շատ հմտություններ, գիտելիքների պաշար։

Թե ինչու՞ հենց «Համայնքային զբոսայգի», պիտի ասեմ։ Երբ UPSHIFT-ի կազմը եկավ մեր դպրոց և ներկայացրեց ծրագիրը, մենք դպրոցականներով հենց մտածեցինք այգու մասին։ Հետո համայնքում հարցումների շնորհիվ պարզեցինք, որ այգու բացակայությունը միայն մեզ՝ պատանիներիս չէ, որ անհանգստացնում է, այլ՝ համայնքային խնդիր է, որ սեռ ու տարիք չի ճանաչում։ Մենք զրկված ենք զբոսանքից, բացօթյա հանգստից, ժամանցից... Մենք անչափ ուրախ ենք, որ կարևորվեց մեր հայտը»։

UPSHIFT Spitak ծրագրի մասնակիցները։
UNICEF Armenia/2021/Hieroglyph

Ֆուտբոլ բոլորի համար

Սպիտակի ավագ դպրոցի շրջանավարտները՝ 12-րդ դասարանցիները, ծրագրին ներկայացել են դպրոցի ֆուտբոլի դաշտի նորոգման, բարեկարգման առաջարկով, նաև ուզում են համայնքում ստեղծել աղջիկների պատանեկան ֆուտբոլի առաջին թիմը։

«Մենք շրջանավարտ ենք, ուզում ենք հետք թողնել մեր դպրոցում՝ որպես շնորհակալություն, ուզում ենք, որ մեր օրինակը ավանդույթ դառնա մեր կրտսեր ընկերների համար։ Ուզում ենք հոգատար, օգտակար լինելու վարք փոխանցել, որ բոլորը սովորեն համայնքը, մեր միջավայրը կարևորել։ Մենք ամեն ինչ նախանշել ենք կազմակերպումից մինչև դաշտի խնամք։ Ի դեպ, մինչև հաղթողների ցանկում ընդգրկվելն էլ, մեր գաղափարը շատերին է ոգևորել, և շատ անհատներ արդեն իսկ հայտնել են օգնելու իրենց պատրաստակամության մասին։

UPSHIFT Spitak ծրագրի մասնակիցները։
UNICEF Armenia/2021/Hieroglyph

White book

«White book» խմբի անդամները, ընթերցանության պակասով անհանգստացած, այլ հետաքրքիր առաջարկով են առաջ եկել։ Նրանց շրջիկ վրանային գրադարան-ընթերցարանի մասին համայնքում կիրազեկվեն սոց․ ցանցերի, տեղական լրատվամիջոցների, իվենթների և բերանացի խոսքային տարածմամբ։ Ո՛չ մի պատճառ այլևս չի կարող լինել, որ համայնքի բնակիչը խուսափի ընթերցելուց, լավագույն գրքերը, հետաքրքիր, մոտիվացնող հնարքներով ընթերցանությունը կդարձնեն սիրելի, մատչելի ու գրավիչ, պնդում են խմբի անդամները։

UPSHIFT Spitak ծրագրի մասնակիցները։
UNICEF Armenia/2021/Hieroglyph

Ecopen

Ամենաբարձր միավորները հավաքած «Ecopen» խմբի 13-֊ամյա աղջնակը՝ Գոհար Ղորուխչյանը, շատ հուզված ու միաժամանակ ինքնավստահ ասում է՝ այո, պետք է անել մի բան, ինչ պահանջում է ժամանակը և միջավայրը։

«Ես, մենք դա հասկացանք և եթե մենք դա չանենք մեր համայնքում, ո՞վ կանի։ Մենք գիտենք՝ ինչ ծանր, դժվար հարց ենք բարձրացրել, բայց հավաստիացնում ենք, որ պատրաստ ենք։ Ուսումնասիրություններ ենք արել, տեղյակ ենք օրական յուրաքանչյուր մարդ որքան է աղբ ստեղծում, որքան թափոն է նետվում բնություն։ Բայց նաև մենք տեսնում ենք աշխարհի փորձը, տեսնում ենք աղբի վերամշակման տարբեր փորձեր։ Մենք ընտրել են աղբի տեսակավորման մեր տարբերակը՝ թղթի թափոնից էկոլոգիական գրիչներ ստեղծելը։ Գիտենք, որ դա նաև հնարավորություն կտա համայնքում աղբահանությանը ուշադրություն դարձնել ու դրա հետ կապված նոր գաղափարներ առաջ քաշել։ Շատ ուրախ ենք, որ հաղթեց մեր գաղափարը»։

Մասնակից բոլոր պատանիները վստահեցնում են, որ եթե այսպիսի նախագծեր լինեն, իրենք այլևս բաց չեն թողնի։ Քանի որ այս կերպ սովորական, անսովոր այս պատանիները անելիքներ են գրանցում հենց իրենց համայնքում, ապրելու, ապրեցնելու, լինելու՝ կյանքի նախագծեր։

UPSHIFT Սպիտակը՝ մեկ րոպեում

ՅՈՒՆԻՍԵՖ, ԵՄ

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ապագան այսօր» ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։