UPSHIFT Հայաստան առաջին փուլի հաղթողներն են

Շուտով Գյումրիում ու Սպիտակում կլինեն անկյուններ, որոնց հեղինակներն այս երիտասարդներն են

Ժաննա Ուլիխանյան
UPSHIFT Հայաստանի բոլոր թիմերը միասին: Հաղթող թիմերը իրենց մրացանակ կտրոնները պահել են իրենց ձեռքերում:
UNICEF Armenia/2019/Publicis

08 Մայիս 2019

Մայիսի 6-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում UPSHIFT Հայաստան ծրագրի բութքեմփն էր: Գյումրուց ու Սպիտակից երիտասարդները ներկայացրեցին իրենց գաղափարների հիման վրա ստեղծված պրոյեկտները, որոնց վրա արդեն մեկ ամիս է՝ ինտենսիվ աշխատում էին: Տասը ծրագրերից պետք է ընտրվեին հինգը, որոնց իրականացման համար յուրաքանչյուր թիմ պետք է ստանա 150 000 -ական դրամ: Մրացակցությունը թեժ էր, դահլիճում էմոցիաների ներկապնակ էր՝ հուզմունք, անհամբերություն, ծիծաղ, լաց, անհանգստություն, հիացմունք, վախ ու էլի հուզմունք:

Տասը թիմ սիրտ ու հոգի էին դրել իրենց պրոյեկտների մեջ՝ գաղափարները դարձնելով  բիզնես ծրագրեր, որտեղ ներառել էին թե՛ խնդրի վերլուծություն, թե՛ պրոյեկտի անհրաժեշտության գնահատականը, թե՛ բյուջեի հաշվարկը, թե՛ հնարավոր համագործակցությունների սխեման ու չէին մոռացել նորարարության կաթիլ դնել իրենց ծրագրերի մեջ: Այս 12-18 տարեկան երիտասարդները հասկացել էին, որ ծրագրի ներկայացումից մեծ բան է կախված ու նախորոք հնարավորինս ստեղծագործ էին մոտեցել հարցին. իրենց ձեռքերով պատրաստել էին գաղափարի մակետներն ու ծրագիրը գովազդելու միջոցները:

10 ծրագրի ներկայացումից հետո հինգ անձից բաղկացած ժյուրին մի ամբողջ մեկ ժամ գնահատում էր ծրագրերը հինգ հիմնական չափորոշիչներով՝ նորարարություն, համայնքի վրա ազդեցություն, իրականացման իրատեսականություն, ծրագրի կայունություն ու մասշտաբայնություն: Գնահատումը բարդ էր, իսկ ընտրությունը, հավատացեք, ավելի բարդ:

Ահա բեմ են բարձրանում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» նախագահ Արթուր Նաջարյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրայթենն ու սկսում հայտարարել հաղթողներին:

UPSHIFT Հայաստան առաջին փուլի հաղթողներն են

1. Smart Map 

Մի քանի ամսից, եթե հանկարծ Գյումրիում ինչ-որ տեղ փնտրեք, հիշեք, որ կենտրոնական փողոցների վրա եռալեզու տերմինալ կա, որոնք կօգնեն ձեզ՝ ճանապարհը ցույց կտան ու համապատասխան տրանսպորտը խորհուրդ կտան:

Գիֆ, որտեղ աղջիկը պահում է թիմի անվանմամբ ցուցանակը, սիկ տղաները գնում-գալիս են՝ իրենց հեռախոսներին նայելով:
UNICEF Armenia/2019/Publicis

2. Էկոլոգիապես մաքուր տոպրակներ

Հաջորդ անգամ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակ օգտագործելուց առաջ երկու անգամ մտածե՛ք: Այս երիտասարդները կգտնեն ձեզ ու բոլորովին անվճար ձեզ կտրամադրեն Գյումրու կոլորիտային դիզայնով կտորե տոպրակ, որ միշտ միայն դա օգտագործեք ու քաղաքը չաղտոտեք:

Տղաներից մեկը պահում է իրենց թիմի անվանմամբ ցուցանակը, իսկ մյուսները պտտվում են՝ շարքով կանգնած:
UNICEF Armenia/2019/Publicis

3. Gyumriver 

Պլանավորենք մի կողմ թողնել մեր բոլոր գործերը, որ երբ այս երիտասարդները Գյումրու գետակի մաքրման համաքաղաքային օր հայտարարեն, գնանք ու օգնենք նրանց: Երիտասարդները նախ կմաքրեն գետակը, հետո կփորձեն հատուկ ցանց կառուցել, որ մաքրման աշխատանքներն անընդհատ իրականացվեն: Բայց քաղաքացիների գիտակցությունը բարձրացնելու համար տարվա մեջ մեկ օր կորոշեն, որ ամեն տարի այդ օրը բոլորը գան, մաքրեն գետակը ու հաջորդ անգամ չհամարձակվեն աղբ նետել գետակի մեջ: Գուցե նաև քաղաքապետարանի հետ աշխատեն, որ աղտոտելու համար համապատասխան տուգանք սահմանվի:

Թիմի աղջիկները ոտքը ոտքին են գցում, տղան, ցուցանակը պահած, այսկողմ-այկողմ է գնում, մյուս աղջիկն էլ թռվռում է:
UNICEF Armenia/2019/Publicis

4. Համայնքը մեր ձեռքերով

Այս երիտասարդներն էլ մի անկյուն են ստեղծելու, որտեղ բոլոր երիտասարդները կարող են հավաքվել ու աշխատել, դասերը սովորել, գրքեր կարդալ, շփվել ու համայնքը զարգացնող ու համայնքի խնդիրները լուծող պրոյեկտների վրա աշխատել: Ու սա բոլորովին անվճար: Իրենք այս պրոյեկտի վրա աշխատելիս այսպիսի տեղ չունեին, ա՛յ հիմա իրենք էլ, մյուս երիտասարդներն էլ կունենան:

Գիֆում թիմը շարքով այս ու այն կողմ է գնում:
UNICEF Armenia/2019/Publicis

5. Ծառատունկ ու թռչունների համար տնակներ

Շուտով Գյումրու այգիներից մեկում կշատանան ծառերն ու դրանց վրա էլ տեղադրված կլինեն պլաստմասսե շշերից տնակներ թռչունների համար: Հետևե՛ք այս երիտասարդներին, քանի որ նրանք հետագայում թռչունների տնակների ստեղծագործ գաղափարների մրցույթներ էլ են կազմակերպելու. գուցե նաև ձեր գաղափարը հաղթի ու քաղաքի գեղեցկացմանը դուք էլ ձեր լուման ունենաք:

Թիմի անդամներից յուրաքանչյուրը ձեռքին գրել է թիմի անվանման մեկ տառն ու ձեռքերով գիֆ է ստեղծել:
UNICEF Armenia/2019/Publicis

6. Հատուկ մրցանակ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» հատուկ մրացանակ շնորհեց Սպիտակի թիմին: Հինգ աղջիկներից կազմված այս թիմը շուտով աղբը տեսակավորված հավաքելու իր ծրագիրը կսկսի իրականացնել Սպիտակի մի քանի կազմակերպություններում:

Սպիտակի թիմի աղջիկները թռնում են ուրախությունից:
UNICEF Armenia/2019/Publicis

Ծրագիրը հնարավոր է դարձել ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինայի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի գրասենյակի և Արգենտինայի հայ համայնքի համատեղ ջանքերով: Ծրագիրն իրականացվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» կողմից Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի աջակցությամբ: