UPSHIFT Գյումրի` ՏՏ հմտություններ ստանալու հնարավորություն երիտասարդների համար
Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ աշխատանքի շնորհիվ Գյումրիում ավելի քան 70 երիտասարդ կստանա վեբ ծրագրավորման, բրենդինգի, ծրագրի իրականացման և մի շարք այլ հմտություններ։
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և «Կարիտաս-Արեգակ» հիմնադրամի հետ համագործակցությամբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում իրականացնում է «UPSHIFT Գյումրի՝ Դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» ծրագիրը:
Ծրագրում ընդգրկված են Շիրակի մարզի 12-24 տարեկան ավելի քան 70 դեռահաս և երիտասարդ: Այս տարվա UPSHIFT Գյումրիի նպատակն էր հաշմանդամություն ունեցող և չունեցող դեռահասներին ներգրավել համայնքի խնդիրների լուծմանը, համայնքային կյանքի բարելավմանը՝ զինելով նրանց տեխնոլոգիական հմտություններով` վեբ ծրագրավորում, ծրագրի կազմում, որակի ապահովում, բրենդավորում և այլն:
Ներկայացված բոլոր հայտերը մարդասիրական են, ներառական, իսկ ծրագրի մասնակիցները իրենց գաղափարի մասին պատմելիս առաջնայինը շեշտադրում են դրա ներառականությունը՝ հպարտանալով, որ այն, ինչ ստեղծում են, բոլորի համար է:
Սա կարևոր նախաձեռնություն է, այսպես հնարավոր է դառնում երիտասարդներին, այդ թվում նաև՝ հաշմանդամություն ունեցող պատանիներին, փոխանցել հմտություններ, տալ մասնագիտական կողմնորոշում և պատրաստել աշխատաշուկա մուտք գործելուն: Ինչպես մասնակիցներն ասացին․ կրթություն ստանալը, ինչպես նաև՝ աշխատանքը, յուրաքանչյուրի իրավունքն է:
«UPSHIFT Գյումրիի հիմքում երիտասարդների հզորացումն է: Մեր նպատակն է ոչ միայն մասնակիցներին փոխանցել 21-րդ դարի տեխնոլոգիական և փափուկ հմտություններ, այլև տեղական բիզնեսների հետ աշխատելու հնարավորություն տալ, ապահովելով նրանց աշխատանքային փորձով, իսկ առավել ակտիվներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին՝ աշխատանքով: Ծրագիրը նախագծել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի արժեքներին համապատասխան՝ հավասար հնարավորությունների ապահովում, խտրության բացառում, կրթության և համայնքային կյանքի ամենատարբեր ոլորտներում ներառում և որոշումներ կայացնելիս մասնակցության ապահովում՝ որպես յուրաքանչյուրի անօտարելի իրավունք»:
«Մասնակիցների խնդիր չունեինք: Առաջին UPSHIFT Գյումրին երիտասարդները հիշում էին և այս երկրորդ ծրագրին դիմորդներն իսկապես շատ էին: Այս տարի մենք շեշտադրումը դրեցինք տեխնոլոգիական հմտությունների զարգացման վրա՝ կարևորելով նաև հաշմանդամություն ունեցող դեռահասների մասնակցությունը: Այս UPSHIFT-ն ավելի երկարաժամկետ է լինելու»:
Եվ այսպես, ներկայացնում ենք այն տասը գաղափարները, որոնց վրա թիմերը դեռ մի քանի ամիս շարունակ աշխատելու են: Պետք է գաղափարը կյանքի կոչեն՝ ստեղծելով նրա ծրագրային ապահովումը, բրենդինգը և իրացումը:
1․ Գրադարակ, Արտյոմ Հովհաննիսյան, 17 տարեկան
«Մենք որոշել ենք ստեղծել էկո գրադարակ: Այն կպատրաստվի վերամշակված պլաստիկից: Մեր գրադարակում ընթերցողը կգտնի այնպիսի գրքեր, որոնք հասանելի չեն գրադարաններում, ամենատարբեր հեղինակների ստեղծագործություններ, ամենատարբեր ժանրերի: Գրադարակը կունենա կայք, մեդիահարթակ, որտեղ համապատասխան տվյալները գրանցելուց հետո ընթերցողը կիմանա` տվյալ գիրքը երբ կկարողանա վերցնել և երբ պետք է հանձնի:
Սկզբում մեր գրադարակը կլինի գրադարաններում, ապա ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով, QR կոդով ընթերցողը կգտնի մեզ քաղաքի տարբեր հարթակներում»:
2․ GHG, Բագրատ Աթոյան, 17 տարեկան
«Բոլորը Covid-19-ով հասած դժվարություններին՝ մասնավորապես հիվանդանոցային, պոլիկլինիկաների հերթերին ծանոթ են: Մենք կայք ենք պատրաստում, որպեսզի հեշտացնենք քաղաքացիների կյանքը: Ի դեպ, մեր կայքը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի է լինելու․ համապատասխան հայտադիմումի, գրանցման և իրազեկման գործիքներ ենք ստեղծելու: Կայքում ներառված կլինեն Գյումրիի բոլոր հիվանդանոցները, պոլիկլինիկաները, բժիշկները, նրանց զբաղվածության գրաֆիկը: Քաղաքացիները հնարավորություն կունենան օնլայն դիմելու, գրանցվելու և առանց հերթի ծառայություն ստանալու: Կայքը կունենա նաև շտապ օգնության կանչի կոճակ»:
3․ Lighthouse, Անի Սարգսյան, 18 տարեկան
«Սա իմ առաջին փորձն է, երբևէ չէի մասնակցել նմանօրինակ ծրագրերի: Շատ ուրախ եմ, որ ունեմ այս հնարավորությունը՝ համայնքային կյանքում ներառվելու և օգտակար լինելու համար: Մեր կայքը տուրիստների կամ աշխատանքային պայմանագրով Գյումրիում հայտնված մարդկանց համար է: Այն կունենա վարձակալությամբ բնակարանների բազա, որը կհեշտացնի Գյումրի այցելուի կյանքը, քանի որ հյուրանոցները երկարաժամկետ կեցության պայմաններում նպատակահարմար չեն, իսկ այս կերպ և՛ շահում է այն անձը, ով ունի մեկից ավելի բնակարան, և շահում է պատվիրատուն, արդյունքում՝ շահում է Գյումրին: Կայքը կլինի մատչելի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, հետագայում նաև մեր բազայում կավելացնենք փոխադրող մեքենաներ, Գյումրվա կոլորիտին հաղորդակցվելու համար՝ նաև ֆայտոնների ծառայություն»:
4․ Ecolution, Նարեկ Խաչատրյան, 16 տարեկան
«Մեր նախագիծն աղբի վերամշակմանն է ուղղված: Մենք ստեղծելու ենք քարտեզ, որտեղ ներառելու ենք տեսակավորված աղբի հավաքագրման Գյումրու բոլոր հասցեները: Այն կլինի մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի բոլորը կարողանան օգտակար լինել, դառնան մասնակից մեր լավ նախագծին: Մենք կունենանք անիմացիոն տեսահոլովակ նախագծի առաքելության մասին, QR կոդով ներկայացվող քարտեզ, որում կլինի գրանցված այն բոլոր կետերը, որտեղ մենք իրականացնելու ենք տեսակավորված աղբի հավաքագրում: Ի դեպ, նշեմ, որ QR կոդն էլ կլինի պատրաստված աղբի վերամշակումից ստացված թելով»:
5․Խորաթա, Դավիթ Սահակյան, 17 տարեկան
«Խորաթա՝ Գյումրվա բարբառով՝ զրուցել: Մենք ստեղծելու ենք յութուբյան էջ «Խորաթա» խորագրով, որտեղ կթողարկենք երիտասարադական հաղորդաշար և կներկայացնենք Գյումրու տաղանդավոր երիտասարդներին, քանի որ Գյումրին արվեստների և արհեստների քաղաք է, ու էստեղ շատ են տաղանդավոր մարդիկ: Մեր հաղորդաշարում կընդգրկենք հատկապես նրանց, ովքեր բավականաչափ ճանաչում չունեն, մինչդեռ նրանց մասին պատմել է պետք: Մեր հաղորդումը կլինի տարբերվող մի քանի պատճառով, նախ մենք մեր հյուրերի համար ունենալու ենք պրովոկացիոն, անսպասելի հարցեր, ստեղծելու ենք նրանց համար անսպասելի իրավիճակներ, ինչպես նաև յուրաքանչյուր մասնակից հաջորդ հաղորդման հյուրին նետելու է մարտահրավեր, որոնք պարտադիր ունենալու են բարեգործական, մարդասիրական բաղադրիչ:
Հետագայում նաև կստեղծենք կայք, որտեղ մեր մասին տեղեկատվություն կդնենք, մեր հաղորդումների տեսանյութերը կլինեն, նաև կունենանք հանգանակության բաժին, որտեղ կհավաքվեն միջոցներ մարդասիրական ակցիաների համար»:
6․ Ծո լոգո, Էդուարդ Վարդանյան,17 տարեկան
«Ինչո՞ւ Ծո լոգո, քանի որ Գյումրվա թիմ ենք, գյումրեցիներ ենք, իսկ մեզ հատուկ է ծո-ով դիմելաձևը, իսկ ինչո՞ւ լոգո, քանի որ մեր կայքը իր շահառուներին ներկայացնելու է լոգոներ: Կլինեն անվճար և վճարովի տարբերակներ: Մենք մեր նախագծով կաջակցենք բոլոր նոր ստարտափերին՝ տրամադրելով logo-ների և icon-ների առաջարկներ, իսկ հետագայում՝ նաև կայքեր: Մեր կայքից կարող են օգտվել բոլորը, այն կլինի մատչելի, հասանելի բոլորին, էդ թվում նաև հաշմանդամություն ունեցող շահառուների համար: Մեր խմբին կմիանան նաև անիմատորներ, դիզայներներ, և այն բոլոր բացերը, որոնք հիմա ունենք, կլրացնեն հենց իրենք: Այսպիսով, հուսով ենք աջակցել նոր ստեղծվող բիզնեսներին՝ ունենալ լոգո՝ առանց մի դրամ դրա վրա ծախսելու»:
7․ Spirit of Gyumri, Արա Մանուկյան, 16 տարեկան
«Մեր նախագծի նպատակն է պատմել Գյումրիի մասին, մեր կարգախոսն է՝ Shine up Gyumri, մեր լոգոն Գյումրվա դուռն է: Մեր քաղաքի այցելուներից շատերը չգիտեն, թե տարիներ առաջ, թեկուզ, մինչև երկրաշարժը, Գյումրին ինչ տեսք է ունեցել, կամ նախկինում ներկա շենքերը ինչ ֆունկցիա են ունեցել:
Մենք մեր կայքում կհավաքենք տարբեր հին շինությունների և հին փողոցների 3D անիմացոն տարբերակները: Ի դեպ, կայքի հասանելիությունն ապահովելու համար նաև կներառենք աուդիո պատումներ: Ստեղծելու ենք QR կոդեր և ամրացնենք դրանք համապատասխան շենքերի վրա: Առաջիկայում նախատեսում ենք նաև QR կոդերի հետաքրքիր ցուցահանդես կազմակերպել, ինչն էլ կլինի մեր նախագծի գովազդը»:
8․ Արվեստոտ, Լիլիանա Գրիգորյան, 16 տարեկան
«Մենք ներկայացնելու ենք Գյումրու արվեստը և արվեստագետներին թվային հարթակում: Հայտնի և անհայտ արվեստագետների, նրանց ստեղծած արվեստը, աշխատանքները օգտատերերը կգտնեն մեր կայքում տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ անիմացիոն տարբերակով՝ դարձնելով այն ավելի ճանաչելի ու յուրօրինակ: Նաև ներառելու ենք Գյումրու թանգարանները, պատկերասրահները և սպասվող ցուցահանդես-վաճառքները: Արդեն պայմանավորվածություն ունենք Ասլամազյան քույրերի թանգարանի հետ»:
9․ ONSL, Վլադիմիր Մկրտչյան 13 տարեկան
«Ներկայացնում ենք օնլայն կրթության ոլորտը, նպատակն է ստեղծել կայք, որը կնպաստի ու կօգնի ինքնակրթվելուն: Մեր կարգախոսն է․ «Ռեսուրսները մեզնից, սովորելը ձեզնից»: Մեր թիրախային խումբը դպրոցականներն են, ցանկանում ենք QR կոդեր թողնել դասագրքերի մեջ , որի միջոցով կմտնեն մեր կայք, որտեղ կգտնեն հղումներ համապատասխան գլխագրերով: Նախատեսում ենք կայքում հավաքել համապատասխան անվճար ուսումնական ռեսուրսները, այդ թվում ՝ օտարալեզու լավ ռեսուրսները»:
10․ Կամավորներն ամենուր․ Ստյոպա Հովհաննիսյան, 15 տարեկան
«Մեր նախագիծը մարդկանց օգնելու համար է: Այն մարդիկ, ովքեր ստեղծում են որևէ բան, և կարիք ունեն մասնագետների աջակցության, փաստի առաջ են կանգնում, քանի որ նրանք կամ քիչ են կամ թանկ են: Մենք մեր կայքում կհավաքագրենք բազմամասնագիտական կամավորների բազա: Այդպիսով, ստարտափի հեղինակը կկարողանա համագործակցել կայքում գրանցված մասնագետների հետ և ստանալով համապատասխան մասնագիտական աջակցությունը, կկարողանա իր նախագիծն ավարտին հասցնել»:
Հետևեք մեր սոցիալական մեդիայի էջերին և կայքին, քանի որ մենք շարունակելու ենք պատմել այս լուսավոր երիտասարդների և նրանց զարգացման ճանապարհի մասին: Կհանդիպենք․․․
Հոդվածը ստեղծվել է ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատու է «Ապագան այսօր» ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԵՄ-ի տեսակետները։