IntegrA(c)tion. Դարբնիկի աշակերտները՝ հանուն մշակութային բազմազանության

Դարբնիկի աշակերտները ստեղծել են IntegrA(c)tion կրթական խաղը, որը խթանում է մշակութային բազմազանությունն ու հանդուրժողականություն է տարածում:

Լուսինե Ղարիբյան
Դարբնիկ համայնքի աշակերտներն առաջին անգամ խաղում են իրենց ստեղծած IntegrA(c)tion կրթական խաղը:
UNICEF Armenia/2021/Ghazaryan
05 Օգոստոս 2021

Արարատի մարզի Դարբնիկ համայնքում տարբեր տարիներին բնակություն են հաստատել տեղահանված ու վերաբնակեցված հայեր՝ Լեռնային Ղարաբաղից, Բաքվից, Սիրիայից, Իրաքից, Հայաստանի մարզերից։ Մշակութային բազմազանությունը Դարբնիկի հարստությունն է։

Դարբնիկի Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիներն առաջնորդության խմբակի ժամանակ հաճախ են քննարկում՝ ինչ է պետք իրենց համայնքն ավելի միասնական դարձնելու, խաղաղ համակեցություն ապահովելու համար։ Ծրագրեր են մշակում, բայց՝ առանց դասընկերների, որովհետև Դարբնիկում չգրված օրենք է՝ խմբակները, խաղերը, միջոցառումները «աղջկական» զբաղմունք են։

Դարբնիկ համայնքի աշակերտներն առաջին անգամ խաղում են իրենց ստեղծած IntegrA(c)tion կրթական խաղը:
UNICEF Armenia/2021/Ghazaryan

«Քննարկումների ժամանակ աղջիկները նշեցին, որ տղաները միջոցառումներին շատ պասիվ են լինում, ընդգրկված չեն՝ ելնելով ինչ-որ կարծրատիպերից։ Երբ հավասարության կամ մասնագիտական կողմնորոշման մասին էինք խոսում, մեկ այլ խնդիր էլ բարձրաձայնեցին. եթե իրենցից մեկը, օրինակ, ուզենա բռնցքամարտիկ դառնալ, ծնողները թույլ չեն տա, որովհետև դա աղջկա գործ չէ։ Քանի որ թեման նուրբ է, ու մեր գյուղական համայնքներում շատ դժվար է խոսել այդ մասին, որոշեցինք ստեղծել կրթական խաղ, որը կծանոթացնի համայնքի մշակութային բազմազանությանը, գենդերային կարծրատիպերին և դրանց բացասական հետևանքներին, ինչպես նաև՝ կբարձրացնի հանդուրժողականության մակարդակը, կնպաստի կրթական միջավայրի բարելավմանը և հիմք կդառնա միասնական համայնքի ստեղծմանը»,-

ասում է դպրոցի հատուկ մանկավարժ Արմինե Խուդոյանը։
Դարբնիկի Ժորա Եսայանի անվան դպրոցի հատուկ մանկավարժ Արմինե Խուդոյանը ներկայացնում է իրենց ստեղծած IntegrA(c)tion կրթական խաղը:
UNICEF Armenia/2021/Ghazaryan

Նա «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդ է։ Ծրագրի առաքելությանը համաձայն՝ փորձում է նպաստել կրթական հավասար պայմաններ ու նպաստավոր միջավայր ապահովելուն։ Այդ պատճառով, երբ խաղի գաղափարը հասունացավ, որոշեց անպայման իրագործել։ Դիմեցին ՅՈւՆԻՍԵՖ-ի ու «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրին և աջակցություն ստացան:

Ստեղծագործական խմբի անդամները երկօրյա թեմատիկ դասընթացների մասնակցեցին՝ հասկանալու համար՝ ինչ է մշակութային բազմազանությունն ու երեխայի իրավունքները։ Սեմինարի ընթացքում էլ դուրս բերեցին այն հարցերն ու խնդիրները, որոնց շուրջ պետք է կազմվեր խաղի հարցաշարը: Հետո այցելեցին կրթական խաղերի ստեղծման մեծ փորձ ունեցող «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, դիզայների հետ որոշեցին ձևը, լոգոն, ու ծնվեց IntegrA(c)tion-ը:

Դարբնիկ համայնքի աշակերտներն առաջին անգամ խաղում են իրենց ստեղծած IntegrA(c)tion կրթական խաղը:
UNICEF Armenia/2021/Ghazaryan

«Կարծրատիպերը մարդիկ են ստեղծում և մարդիկ էլ կոտրում են։ Մեզ մոտ, օրինակ, այդքան էլ ընդունված չէ, որ աղջիկներն ու տղաները համագործակցեն։ Բայց ես հասկացա, որ դա այդքան էլ էական չէ։ Եվ եթե տղաների մասնակցությամբ կարող ենք մի բան իրականացնել, ապա ես դա կնախաձեռնեմ»,-

ասում է աշակերտներից մեկը՝ Ռոզան։

13-ամյա Հայկը Իրաքից է։ Դեռ դպրոց չէր գնում, երբ ընտանիքը տեղափոխվեց Դարբնիկ։ Ասում է՝ թեև իր նկատմամբ խտրական վերաբերմունք երբեք չի զգացել, բայց միշտ կարևորել է հավասարությունը։ Հայկը տղաներից միակն է, որ աղջիկների հետ մասնակցել է առաջնորդության խմբակին ու խաղի ստեղծմանը նախորդող դասընթացներին։

Հայկը (աջից) և ընկերները փորձում են պատասխանել հարցերին:
UNICEF Armenia/2021/Ghazaryan

«Ես շատ ուզում էի, որ տղաները հավաքվեին, գային խմբակին, բայց իրենք ընկճվում էին, որ բոլորն աղջիկ են: Ինձ թվում է, որ մյուս անգամ կմասնակցեն: Խաղը կօգնի նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին, կկարողանան բացվել, բոլորի հետ շփվել»,-ասում է Հայկը։

Թեև դասերն ավարտվել են, բայց 6-9-րդ դասարանի աշակերտները հավաքվել են դպրոցի այգում՝ փորձարկելու նոր խաղը։

Դարբնիկ համայնքի աշակերտներն առաջին անգամ խաղում են իրենց ստեղծած IntegrA(c)tion կրթական խաղը:
UNICEF Armenia/2021/Ghazaryan
Դարբնիկ համայնքի աշակերտներն առաջին անգամ խաղում են իրենց ստեղծած IntegrA(c)tion կրթական խաղը:
UNICEF Armenia/2021/Ghazaryan

«Արդյո՞ք կարծրատիպ է, որ տղաները ունեն բնատուր մաթեմատիկական ունակություններ»:

««Հայերը հյուրասեր են»՝ մշակույթով պայմանավորված կարծրատի՞պ է, թե ոչ»:

«Ի՞նչ է խտրականությունը»։

 

Հնչում են հարցերն ու սեղանների շուրջ սկսվում են ակտիվ քննարկումները. ոմանք գիտեն հարցերի պատասխանը, մյուսները փորձում են տրամաբանելով պատասխանել։ Խաղի ավարտին նաև բարձրաձայն քննարկում են խաղում ներառված թեմաները, բարձրաձայնվող հարցերը, կարծրատիպերը ու դրանց ազդեցությունը։

«Թիմային մեծ աշխատանք ենք կատարել։ Դասամիջոցներին զբաղված էինք տղաներին համոզելով, որ եկե՛ք, ընդգրկվե՛ք խմբակներում, շատ լավ է անցնում։ Հայկը միացավ, աշխատեցինք, ու հիմա, երբ մյուսները տեսան արդյունքը, ասում են՝ հաջորդ անգամ մենք էլ կգանք։ Խաղին էլ չէին ուզում մասնակցել, բայց ներկայացրեցինք, հավանեցին ու որոշեցին գալ»,- պատմում է Ռաիսան՝ խմբի ամենաակտիվ աղջիկներից մեկը։

Դարբնիկ համայնքի աշակերտներն առաջին անգամ խաղում են իրենց ստեղծած IntegrA(c)tion կրթական խաղը:
UNICEF Armenia/2021/Ghazaryan
Դարբնիկ համայնքի աշակերտներն առաջին անգամ խաղում են իրենց ստեղծած IntegrA(c)tion կրթական խաղը:
UNICEF Armenia/2021/Ghazaryan

«Էսպիսի խաղերի չեմ մասնակցում, սա առաջինն էր։ Ուղղակի մեր դասարանի աղջիկներն էին աշխատել, եկանք, որ իրենց չնեղացնենք: Թեմաները ծանոթ չէին, բայց մտածելակերպս զարգացած է, կարողացա հաղթել։ Նաև թիմային աշխատանք սովորեցինք»,- ասում է 15-ամյա Միքայելը։

Այս պահին խաղի միայն 4 օրինակ ունեն: Դրանք նվիրելու են դպրոցին, որպեսզի երեխաները խաղան՝ երբ ցանկանան։ Արմինեն ասում է, որ աշակերտների առաջարկներն ու դիտողությունները լսելուց հետո անպայման կկատարելագործեն IntegrA(c)tion-ը։

«Մենք փորձում ենք բացահայտել վնասակար գենդերային նորմերի և անհավասարության հիմնական պատճառը՝ անդրադառնալով կարծրատիպերին և դրանք ամրապնդող ինստիտուտներին։ Անհավասարության նվազեցումը ազատ գործելու հնարավորություն է տալիս թե՛ աղջիկներին և թե՛ տղաներին: Իսկ այն ուժեղ տնտեսության և դիմակայուն հասարակության հիմնական երաշխիքն է»,-

հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետ Նվարդ Մանասյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԿԳՄՍ-ի հետ համատեղ աշխատում է կրթության ոլորտի քաղաքականության բարեփոխման ուղղությամբ, այդ թվում՝ ուսումնական պլաններում և մանկավարժության մեջ ներառականության միջոցով կարծրատիպային մոտեցումների նվազեցման, հավասարության խթանման և ոչ ֆորմալ ուսուցմամբ երեխաներին աջակցելու ուղղությամբ: Այսպիսով փորձ է արվում խթանել երկխոսությունը անհավասար նորմերի վերաբերյալ, ու թե՛ աղջիկներին և թե՛ տղաներին փոխանցել ծրագրերի մշակման և թիմային աշխատանքի շնորհիվ դրանք կյանքի կոչելու հմտություններ՝ միաժամանակ ներգրավելով նրանց համայնքի զարգացման գործընթացում։