6 մոտեցում, որ գործատուները կարող են ընդունել` աջակցելու կորոնավիրուսի ժամանակ աշխատող ծնողներին

Այսօր աշխարհում բոլոր երեխաները իրենց ծնողների, իսկ բոլոր ծնողները՝ իրենց գործատուների աջակցության կարիքն ունեն։

ՅՈՒՆԻՍԵՖ
Հայրիկը բազմոցին նստած խաղում է երեխայի հետ նրա խաղալիք համակարգչով։
UNICEF Armenia/2016/Pirozzi
30 Մարտ 2020

Կորոնավիրուսի բռնկման հետևանքներն արդեն տեսանելի են։ Շատ երեխաներ այժմ ստիպված են հաղթահարել կրթության ընդհատման, ընտանիքի անդամի հիվանդության և ընտանիքի եկամուտի կորուստով պայմանավորված խնդիրները։ Սրանք ազդում են աղքատության մեջ ապրող բոլոր ընտանիքների՝ թե՛ տղաների, թե՛ աղջիկների վրա։

Աշխատող ծնողներին ժամանակ և աջակցություն է պետք, որպեսզի նրանք կարողանան խնամել իրենց երեխաներին։ Այնպիսի ընտանիքահեն քաղաքականությունները, ինչպիսիք են վճարովի արձակուրդը, աշխատանքի ճկուն օրակարգը, երեխայի որակյալ և մատչելի խնամքը, կօգնեն ոչ միայն ծնողներին ու երեխաներին, այլև նպաստավոր են հենց ընկերության շարունակականության համար։

Ստորև ձեզ ենք ներկայացնում վեց մոտեցում, որոնց միջոցով գործատուները կարող են աջակցել ծնողներին հոգ տանել իրենց, իրենց երեխաների և ընտանիքների մասին։

 

1. Գնահատե՛ք աշխատավայրում գործող քաղաքականության արդյունավետությունը աշխատող ծնողների տեսանկյունից։

Սկսե՛ք վերլուծել այն բոլոր հրատապ խնդիրները, որոնք ծառացած են աշխատող ծնողների առջև։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել խոցելի խմբերի վրա, օրինակ՝ ժամանակավոր կամ ոչ ֆորմալ աշխատողների, միգրանտների, հղի կամ փոքր երեխա ունեցող աշխատակիցների, հաշմանդամություն ունեցող աշխատակիցների և բոլոր նրանց վրա, ովքեր, օրինակ, վճարովի արձակուրդ չունեն։

 

2. Աշխատելու ճկուն ժամեր սահմանե՛ք։

Ճկուն ժամերը ազատություն են սահմանում ծնողների համար՝ նրանց հնարավորություն տալով աշխատանքային պարտականությունները իրականացնել իրենց հարմար ժամերին և վայրում։ Քանի որ աշխատող ծնողների կարիքները իսկապես կարող են շատ տարբեր ու բազմազան լինել, աշխատելու ճկուն կարգավորումները իսկապես ծնողներին կօգնեն հոգ տանել իրենց երեխաների և ընտանիքների մասին, որը կնվազեցնի նրանց ավելորդ լարվածությունն ու արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Կարող եք հեռավար աշխատանք սահմանել, խտացնել աշխատանքային շաբաթը կամ երկարաժամկետ արձակուրդի հնարավորություն տալ, որպեսզի աշխատակիցները կարողանան խնամել իրենց բարեկամներին և տարեց կամ հաշմանդամություն ունեցող մտերիմներին։

 

3. Փորձե՛ք աջակցել ծնողերին երեխաներին անվտանգ, որակյալ և մատչելի խնամքով ապահովելու հարցում։

Քանի որ դպրոցները և մանկապարտեզները շատ վայրերում փակվել են, բազմաթիվ աշխատող ծնողներ երեխաներին խնամելու սահմանափակ աջակցություն ունեն կամ ընդհանրապես չունեն։ Ոմանք նույնիսկ գուցե ստիպված լինեն իրենց փոքր երեխաներին ինչ-որ ժամանակ միայնակ թողնել՝ առանց վերահսկողության, ինչը անվտանգ չէ։ Գործատուները կարող են աջակցել ծնողներին այս հարցում տարբեր ձևերով՝ տրամադրելով երեխայի խնամքի այլ տարբերակներ (անվտանգ վայր, որտեղ դեռ շարունակում են խնամքի ծառայություններ մատուցել), սուբսիդիաներ և աշխատանքը կազմակերպելու ճկուն հնարավորություններ։

Այստեղ կարող եք կարդալ, թե ինչպես ծնողները կարող են խոսել իրենց երեխաների հետ, ինչով կարող են զբաղվել տանը միասին և թե ինչպես դեռահասները կարող են հոգալ իրենց հոգեկան առողջության մասին։

 

4. Հետևե՛ք հիգիենայի կանոններին աշխատանքի վայրում և դրանից դուրս։

Իրենց պարտականությունները աշխատավայրում իրականացնող ծնողներին պաշտպանելու համար գործատուները պետք է հիգիենիկ պայմաններ ապահովեն՝ մաքրելով և ախտահանելով աշխատավայրը, ձեռքերը օճառով և հոսող ջրով լվանալու հարմարություններ ստեղծելով կամ սպիրտային նյութեր տրամադրելով այն վայրերի համար, որտեղ այդ հնարավորությունները բացակայում են։ Գործատուները կարող են նաև պաշտպանել իրենց աշխատակիցներին, այդ թվում նաև նրանց, ովքեր տնից են աշխատում, վարակի կանխարգելման և հաղթահարելու վերաբերյալ վստահելի տեղեկատվություն ուղարկելով, օրինակ թե ինչպես կարելի է պատշտպանվել վարակից և ինչպես պետք է ճիշտ լվանալ ձեռքերը։

5. Աշխատակիցներին տեղեկացրե՛ք, թե ինչպես և երբ պետք է դիմել բժշկի:

Գործատուները կարող են աշխատակիցներին ուղղորդել դեպի բուժհաստատություններ, երբ նրանք վարակի նշաններ ունենան։ Կարելի է նրանց տեղեկացնել գործող հիվանդանոցների մասին և տրամադրել շուրջօրյա գործող հեռախոսահամարները, ինչպես նաև առողջապահության նախարարության (8003) և արտակարգ իրավիճակների նախարարության (911) թեժ գծերի հեռախոսահամարները։ Ի դեպ, կարող եք նաև աշխատակիցներին տեղեկացնել տրանսպորտային միջոցներից անվտանգ օգտվելու կանոնների մասին։

 

6. Նվազեցնել աշխատակիցների կամ նրանց ընտանիքի անդամների կորոնավիրուսի վարակի բուժման ծախսերը:

Վարակի բռնկմամբ պայմանավորված աշխատակիցների ֆինանսական բեռը թեթևացնելը շատ կարևոր է։ Կարելի է աջակցել՝ վճարովի արձակուրդ և/կամ երեխայի խնամքի նպաստներ տրամադրելով, ինչպես նաև առողջապահական ծախսերը հոգալով։ Հատկապես խոցելի խմբերը, ինչպիսիք են ցածր եկամուտ ունեցող կամ ոչ ֆորմալ գրանցում ունեցող աշխատակիցները, այսպիսի աջակցության կարիքը շատ կունենան։

 

Ընտանիքահեն քաղաքականություն բոլորի համար։

Չափազանց կարևոր է, որ աշխատակիցները տեսնեն, որ ընտանիքահեն աջակցության տարբերակները հասանելի են և գործում են բոլորի համար՝ անկախ աշխատակցի սեռից կամ պաշտոնից։ Երկարաժամկետ առումով սա միմիայն դրական կանդրադառնա նրանց կատարողականի և նվիրվածության վրա:

Կարևոր է նաև այնպիսի ներքին մշակույթ ստեղծել, որ աշխատակիցները հանգիստ կիրառեն այդ քաղաքականությունը՝ առանց խտրականության և վրեժխնդրության ենթարկվելու վախի։ Հատկապես կանանց համար, ովքեր ընտանիքում հիմնական խնամք իրականացնողներն են, պետք է ապահովել, որ նրանք հետագայում չկանգնեն որևէ խնդրի առջև։ Ընդունելով և կիրառելով ընտանիքակենտրոն քաղաքականություններ՝ գործատուները կենտրոնական դեր կստանձնեն իրենց աշխատակիցների և նրանց երեխաների բարեկեցությանը նպաստելու համար։