5 հարց՝ 5 երիտասարդի

Երիտասարդները խոսում են 21-րդ դարի հմտությունների և ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով առաջացած սթրեսի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Սերունդ առանց սահմանների մասնակից աղջիկը իրենց ծրագիրը ներկայացնելիս։
UNICEF Armenia
13 Օգոստոս 2020

Այդ ո՞ր հմտությունն է, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ձեռք բերի, որպեսզի հաջողի կյանքում։ Կա՞ արդյոք այդպիսի մի «ունիվերսալ» հմտություն, թե՞ պետք է դիտարկել հմտությունների մի մեծ փունջ։ Ի՞նչ ազդեցություն է թողել համավարակը երիտասարդների և նրանց կրթության վրա։

Ինչպես միշտ երիտասարդներին վերաբերող այս հարցերը որոշեցինք քննարկել հենց երիտասարդների հետ։ Դիմեցինք «Սերունդ առանց սահմանների» մրցույթի մասնակից երիտասարդներին, քանի որ մրցույթը նրանց կրթվելու և նոր հմտություններ զարգացնելու հնարավորություն է տվել։

Առանձնացրեցինք հինգ հարց ու գրի առանք հինգ երիտասարդի պատասխանները։ ԱՅՍՕՐ՝ Երիտասարդության միջազգային օրը և ԱՄԵՆ ՕՐ եկե՛ք լսենք մեր երիտասարդերին։

Իլուստրացիա, որի վրա գրված է, որ համացանցը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր երիտասարդի համար։
UNICEF

1. Ի՞նչ ես կարծում, որոնք են այն հմտությունները, որ երիտասարդները չեն կարողանում զարգացնել կորոնավիրուսի պատճառով

Լուսինե, 18 տարեկան

«Շփումը և թիմային աշխատանքները պակասել են, ինչի հետևանքով հաղորդակցության հմտությունները չեն զարգանում»։

Հասմիկ, 16 տարեկան

«Կարծում եմ՝ հաղորդակցության հմտություններ չեն զարգանում, քանի որ առցանց տարբերակով հաղորդակցությունը չունի միևնույն զգայականությունն ու ազդեցությունը»:

Սաթենիկ, 17 տարեկան

«Միմյանց հետ tête-à-tête շփվելու, հաղորդակցվելու, մտքեր ձևավորելու, դրանք արդյունավետորեն զարգացնելու, կյանքի կոչելու հմտությունները: Որքան էլ օնլայն հարթակները լայն հնարավորություններ ընձեռեն, ոգևորությունը, մոտիվացիան, հետաքրքիր քննարկումները առերես հաղորդակցության դեպքում լրիվ այլ են։ Իսկ ամբողջ օրը համակարգչի առաջ լինելը, կարծում եմ, ստեղծագործ մտքի վրա այդքան էլ դրական ազդեցություն չի թողնում»:

Արամ, 15 տարեկան

«Կարծում եմ, որ տարբեր երիտասարդներ տարբեր խնդիրների են բախվում և տարբեր տեսակի հմտություններ զարգացնելու խնդիր են ունենում, բայց ինձ թվում է, որ երիտասարդների մեծամասնության շրջանում կա մարդկանց հետ ճիշտ և լավ շփվելու հմտության խնդիրը»։

Մարիամ, 22 տարեկան

«Մեր կյանքն առանց այն էլ գնալով ավելի ու ավելի էր կապվում էկրանների հետ, իսկ մարդկային շփումը գնալով ավելի էր պակասում։ Այս ժամանակաշրջանում սա դարձավ համատարած, ինչի հետևանքով շատերիս մոտ չեն զարգանում հենց մարդկային շփման հմտությունները»։

Սերունդ առանց սահմանների մրցույթի հաղթող VR Lab թիմի անդամներն են։
UNICEF Armenia

2. Որքանո՞վ է կորոնավիրուսն ազդել քո կրթության և սովորելու մոտեցման սովորույթի վրա։

Էվելինա, 18 տարեկան

«Համավարակը կրթությունը ինովացիոն տարբերակով իրականացնելու նոր մարտահրավեր էր, որն ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը։ Խոսեմ միայն դրականից․ հեռավարի դեպքում կարողացա խնայել ժամանակս և ուսուցման նոր ուղիներ բացահայտեցի»։

Լուսինե, 18 տարեկան

«Սկզբնական շրջանում առցանց ուսուցմանը հարմարվելը բավականին բարդ էր: Աչքերս ցավում էին, մեջքի ցավեր էլ էի ունենում, բայց օրգանիզմս սովորեց դրան: Ասեմ, որ առցանց ուսուցումը երբեմն առավել արդյունավետ էր ինձ համար, քանի որ կարծես՝ այն ավելի անհատկանացված էր:

Ավելին, եթե սովորական ուսումնառության ժամանակ հիմնականում կենտրոնանում էի մասնագիտական առարկաների վրա, իսկ մյուսներին համեմատաբար ավելի քիչ էի ուշադրություն դարձնում, ապա առցանց ուսուցման ժամանակ չէի կարող այդպես վարվել, քանի որ հստակ ժամկետներ կային, որոնց ընթացքում տնայինները ուղարկել էր պետք։ Այդպիսով սկսեցի ավելի լավ սովորել»։

Սաթենիկ, 17 տարեկան

«Չեմ կարող ասել, թե հեռավար ուսուցումը խիստ բացասական ազդեցություն է թողել իմ կրթության վրա: Երբեմն այն ավելի արդյունավետ էր, հաճախ ավելի կենտրոնացած էի լինում: Բայց տեսողական խնդիրներ ունենալու պատճառով ամբողջ օրը համակարգչի առաջ լինելը ինձ համար շատ հոգնեցուցիչ է։ Ուժեղ գլխացավեր են առաջանում, երբեմն նույնիսկ էկրանին չեմ կարողանում երկար նայել, և փաստորեն, աշխատանքի արդյունավետությունը նվազում է։ Ճիշտ է՝ դպրոց հասնելուն, տուն վերադառնալուն տրամադրած ժամանակն ինձ համար բոնուսային էր։ Բայց որ էդ ժամանակի ընթացքում էլի տանն էիր ու ընտրությունդ էլի մնում էր համակարգիչը, մի քիչ ցավալի փաստ է):

Արամ, 15 տարեկան

«Կորոնավիրուսի ազդեցությունը կրթության վրա մեծ հաշվով բացասական եմ գնահատում, քանի որ ֆիզիկական միջավայրում կրթությունն անփոխարինելի եմ համարում։ Սակայն երբ մեզ ասացին, որ պետք է օնլայն դաս անենք, ես մտավախություն ունեի, որ չեմ կարողանա լիարժեք ընկալել դասերը, քանի որ համակարգչով ինձ համար դժվար է լսել մարդկանց խոսքը։ Ընդամենը մի քանի օնլայն դասերից հետո սկսեցի լիարժեք հասկանալ և ընկալել նաև օնլայն դասերը։ Կարծում եմ՝ ապագայիս համար դա շատ կարևոր հմտություն է։

Մարիամ, 22 տարեկան

«Ես ապագա բժիշկ եմ։ Կարծում եմ՝ ամենաշատը բժիշկ ուսանողներն են տուժել առցանց կրթությունից, քանի որ, եթե այլ մասնագիտությունների դասընթացները կարող էին հնարավորինս փոխարինվել առցանց կրթությամբ, մեր դեպքում դա կարելի է ասել անհնար է։ Այս ժամանակը փորձել եմ օգտագործել առավելագույնս տեսական գիտելիքներս ավելի խորացնելու վրա, որի ժամանակը մինչ այս չունեի։ Բայց միևնույն է՝ գործնական փորձն անփոխարինելի է մեզ համար»։

Սերունդ առանց սահմանների մրցույթի հաղթող Creactive թիմի անդամներն են։
UNICEF Armenia/2020

3․ Ո՞ր հմտություններն առավել անհրաժեշտ կլինեն երիտասարդներին կորոնավիրուսից հետո։ Ընդհանրապես, ո՞րոնք են երիտասարդներին ամենաանհրաժեշտ հմտությունները

Մերի, 19 տարեկան

«Որևէ բան ստեղծելու, ստեղծաԳՈՐԾԵԼՈՒ ցանկությունը, արագությունը, և անհատական մոտեցումը»։

Էվելինա, 18 տարեկան

«Ինտերակտիվ հաղորդակցման, արագ կողմնորոշվելու, խնդիրներին լուծում գտնելու, թիմում աշխատելու և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները»։

Սաթենիկ, 17 տարեկան

«Մտածում եմ՝ կորոնավիրուսի ընթացքում ինտրովերտների մոտ ոչինչ փոխված չի լինի, իսկ, այ, էքստրավերտներն ավելի ինքնամփոփ կդառնան, և առերես շփումը վերականգնելը սկզբում մի քիչ տարօրինակ ու անսովոր կսկսի թվալ։

Այսօր երիտասարդները պետք է լինեն համարձակ ու ինքնավստահ՝ իրենց մտքերն իրագործելու, համառ ու նպատակասլաց՝ անհաջողություններից չհուսահատվելու համար»:

Արամ, 15 տարեկան

«Այսօրվա դրությամբ երիտասարդները ունեն համակարգչից, տեխնոլոգիաներից ճիշտ և արդյունավետ օգտվելու հմտությունների կարիք։ Իսկ կորոնավիրուսից հետո երիտասարդները, ավելի ճիշտ, ամբողջ մարդկությունը, պետք է ունենա մի շատ կարևոր հմտություն՝ հիգիենայի խիստ պահպանում, որպեսզի կարողանանք նվազեցնել այսպիսի նոր համաճարակների հավանականությունը»։

Սիրանուշ, 25 տարեկան

«Նախ՝ կառավարման հմտություններ, արագ կողմնորոշման, սոցիալական պատասխանատվության պահպանման, հաղորդակցվելու, վերլուծական հմտություններ, հետո անձնական որակներ՝ հոգատարություն, բարություն, կամեցողություն»։

Սերունդ առանց սահմանների մրցույթի հաղթող Pottery village -ի մասնակիցներն են։
UNICEF Armenia/2020

4․ Ի՞նչ ես կարծում ինչպես է ազդել կորոնավիրուսը երիտասարդների հոգեբանության վրա։ Ինչպե՞ս ես դու՛ հաղթահարում կորոնավիրուսի պատճառով կամ այլ պատճառով առաջացած սթրեսը, անհանգստությունը, հույզերը։

Սաթենիկ, 17 տարեկան

«Ամբողջ օրը տանը մնալը, ինքդ քեզ հետ, մտքերիդ հետ մենակ լինելը, իրոք, բարդ փորձություն էր ինձ համար: Երբեմն չի ստացվում վանել անհանգստություն պատճառող մտքերն ու հերթով գալիս են սթրեսը, անհանգստությունը, հույզերը:

Խնդիրը հաղթահարում եմ թերևս ամենատարածված մեթոդով՝ գրքերի ու ֆիլմերի միջոցով։ Սիրելի թեմաներով գրքեր կարդալը, հավատացնում եմ, իսկապես օգնում է հանգստանալ։ Ֆիլմեր նայելիս էլ տարվում ես կերպարների խնդիրներով ու միառժամանակ մոռանում ես քո անհանգստությունների մասին: Դե, սա սթրեսից դուրս գալու լավագույն մեթոդը չէ, բայց էլի տարբերակ է։

Գո՛րծ արա – սա երևի կարգախոս եմ դարձրել: Եվ կարևոր չէ՝ պրակտիկա ես անցնում, օնլայն սեմինարի, մրցույթի ես մասնակցում, որոշել ես ֆրանսերեն սովորել, թե՝ 0-ից ծրագրավորում, ուղղակի սկսի՛ր»։

Արամ, 15 տարեկան

«Չեմ կարծում, որ համավարակի պատճառով սթրեսի մեջ եմ ընկել, բայց կարոտը խեղդում է։ Կարոտում եմ դպրոցը, կարոտում եմ ընկերներիս։ Վստահ եմ՝ բոլորս անհամբեր սպասում ենք համավարակի ավարտին»։

Էվելինա, 18 տարեկան

«Համավարակն իմ վրա բացասական ազդեցություն է թողել։ Սակայն երբևէ չեմ փորձել հուսահատվել և անհանգստանալ, փորձել եմ հակահամաճարակային բոլոր կանոները պահպանել՝ ապահովելու թե՛ իմ և թե՛ ինձ շրջապատողների անվտանգությունը։

Մարիամ, 22 տարեկան

«Երևի մինչև վերջ չեմ հաղթահարել դեռ այդ սթրեսը։ Տխրում եմ, որ մեր կյանքի ամենապայծառ, ամենաշատ հնարավորություններով լի տարիներից այսքան ժամանակ ենք կորցնում։ Բաց ենք թողնում պայծառ հիշողություններ ստեղծելու, լավ ժամանակ անցկցնելու մեր հնարավորությունը»։

Լուսինե, 18 տարեկան

«Կորոնավիրուսի հետևանքով շփման պակասը սիրելի մարդկանց հետ, հարազատ միջավայրից կտրուկ կտրվելը մեր՝ երիտասարդների հոգեբանության վրա միանշանակ բացասաբար են ազդել։ Հաճախ նյարդայնանում ես՝ առանց հասկանալու, թե ինչից, հաճախ ոչինչ չես ուզում անել և այսպես շարունակ:

Փորձում եմ զբաղվել սիրելի գործերով (գիրք, դաշնամուր, հեծանիվ), երբեմն դուրս գալ զբոսանքի, ընտանիքի հետ պարբերաբար բնության գրկում ժամանակ անցկացնել, ինչպես նաև՝ ամենամտերիմ մեկ-երկու ընկերների հետ հանդիպել՝ բնականաբար հակահամաճարակային կանոնները պահպանելով»:

Սերունդ առանց սահմանների մրցույթի հաղթող Հանուն փոփոխություններ ծրագրի թիմի ղեկավար Սիրանուշը։
UNICEF Armenia/2020

5. Այդ ո՞ր հմտությունն է, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ձեռք բերի, առանց որի կդժվարանա առաջ գնալ կյանքում

Անի, 24 տարեկան

«Ինքնաճանաչումը, ինքնաբացահայտումը»։

Հասմիկ, 16տարեկան

«Լինել անվախ ու անկաշկանդ: Չվախենալ քայլ անել և չկաշկանդվել չիմացածից»:

Տաթևիկ, 19 տարեկան

«Համառությունը, իհարկե՝ չափի մեջ։ Ինչ որ արդյունքի հասնելու համար պետք է անընդհատ աշխատել և փորձել չընկճվել անհաջող արդյունքներից»։

Արամ, 15 տարեկան

«Սովորելու հմտությունը և ամեն ինչից սովորել կարողանալը»։

Վահագն, 17 տարեկան

«Միջանձնային և հաղորդակցման հմտությունները»։