3. Պետք է այնպես անել, որ հոգեկան առողջության մասին խոսելը նորմալ լինի

Բաց նամակ աշխարհի երեխաներին` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն տիկին Հենրիետա Ֆորից կամ «Ութ պատճառ, թե ինչու»

ՅՈՒՆԻՍԵՖ
Վառ նարնջագույն բլուզով տղան ուրախ ժպտում է:
UNICEF Armenia/2018/Osipova

23 Սեպտեմբեր 2019

Ինչու՞ եմ անհանգստանում.

Եթե մենք հավատայինք այն ամենին, ինչ կարդում ենք և տեսնում հեռուստատեսությամբ ու կինոնկարներում այսօրվա դեռահասների մասին, մեզ կարելի էր ներել այն կարծիքը, որ նրանք վայրենի, հակահասարակական խումբ են: Մինչդեռ, սա ամենևին չի համապատասխանում ճշմարտությանը: Տվյալները փաստում են, որ դեռահասներն այսօր ավելի քիչ են ծխում, ավելի քիչ են խմում, ավելի քիչ են խնդիրներ ունենում և, ընդհանուր առմամբ, ավելի քիչ են ռիսկի դիմում, քան նախորդ սերունդները: Նրանց կարելի է նույնիսկ կոչել «խելամիտ սերունդ»:

Սակայն, դեռահասների համար կա ռիսկի մի ոլորտ, որը ցույց է տալիս սխալ ուղղությամբ ծայրաստիճան անհանգստացնող միտում. այն հիշեցնում է մեզ անտեսանելի խոցելիության մասին, որը երիտասարդները դեռ կրում են իրենց ներսում: Անցած 30 տարիների ընթացքում մինչև 18 տարեկանների շրջանում հոգեկան առողջության խանգարումները կայուն աճում են, իսկ դեպրեսիան այժմ երիտասարդության մեջ հաշմանդամության առաջատար պատճառներից մեկն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականով՝ 2016-ին 62,000 դեռահաս մահացել է ինքնավնասման պատճառով, ինչն այսօր մահվան երրորդ առաջատար պատճառն է 15-19 տարեկան դեռահասների շրջանում:

Սա միայն հարուստ երկրների խնդիրը չէ. ԱՀԿ-ի կողմից 2016 թվականին գնահատված դեռահասների ինքնասպանությունների ավելի քան 90 տոկոսը տեղի են ունեցել ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում: Եվ, թեև ցածր եկամուտ ունեցող երկրներում ծանր հոգեկան խանգարումներ ունեցող երիտասարդները հաճախ բուժում ու աջակցություն չեն ստանում, աշխարհում չկա մի երկիր, որը կարող է պնդել, որ հաղթահարել է այս մարտահրավերը:

Ինչպես ասել է ԱՀԿ հոգեկան առողջության փորձագետ Շեխար Սաքսենան. «Երբ խոսքը վերաբերում է հոգեկան առողջությանը, բոլոր երկրները զարգացող երկրներ են»: Հաշվի առնելով, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների մեծամասնությունը իրենց ընդհանուր առողջապահության բյուջեի 1 տոկոսից պակասն է ծախսում հոգեկան առողջության խնդիրների բուժման վրա, իսկ բարձր եկամուտ ունեցող երկրները՝ ընդամենը 4-5 տոկոսը. պարզ է, որ այս խնդրին պետք է ավելի մեծ առաջնահերթություն տրվի ամբողջ աշխարհում:

 

Ինչու՞ կա հույս.

Հաշվի առնելով, որ անբուժելի հոգեկան հիվանդությունների կեսը սկսվում է մինչև 14 տարեկանը, տարիքին համապատասխան հոգեկան առողջության խթանումը, կանխարգելումը և թերապևտիկ բուժումն ու վերականգնումը պետք է առաջնահերթ դառնան: Վաղ հայտնաբերումը և բուժումը կարևոր նշանակություն ունեն՝ թույլ չտալու հոգեկան խանգարումների թվաքանակի աճը մինչև ճգնաժամային կետին հասնելը, որոնց հետևանքով ունենում ենք թանկարժեք երիտասարդ կյանքերի վնասում ու կորուստ: Բայց շատ հաճախ վաղ փուլում օգնություն խնդրող երիտասարդների առջև կանգնած են շարունակական բացասական վերաբերմունքն ու տաբուները, որոնք թույլ չեն տալիս մարդկանց բաց խոսել հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին: Բարեբախտաբար, այս տաբուները սկսում են քայքայվել, իսկ երիտասարդները, ևս մեկ անգամ, հարթում են ճանապարհը` հիմնելով հասարակական կազմակերպություններ, մշակելով ծրագրեր, բարձրացնելով իրազեկվածությունն ու բարձրաձայնելով հոգեկան հիվանդության հետ իրենց սեփական պայքարի, ինչպես նաև՝ վիճակը լուծելու ջանքերի մասին՝ հուսալով, որ մյուսներն իրենց մեջ ուժ կգտնեն նույն կերպ վարվելու համար: