10 մոտեցում, որ պետք է հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց մասին նյութեր պատրաստելիս

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ պատրաստել ենք փոքրիկ ուղեցույց, որը կօգնի մշակելու ավելի ներառական ու մատչելի բովանդակության նյութեր

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Աղջնակը մատիկներով ցույց է տալիս երեք թիվը։
UNICEF Armenia/2021/Avagyan
03 Դեկտեմբեր 2021

Մեր հասարակության բազմազան շերտերը կարող ենք ներկայացնել շնորհիվ մատչելի և ներառական հաղորդակցության։ Դա կարող է նվազեցնել կողմնակալությունը և խտրականությունը՝ խրախուսելով հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ու նրանց լիարժեք մասնակցությունը։

Աշխարհի բնակչության 15%-ը հաշմանդամություն ունի, հաշմանդամություն ունի 10 երեխայից մեկը, յուրաքանչյուր հինգերորդ կին իր կյանքի ընթացքում կարող է հաշմանդամություն ձեռք բերել։ Ուստի առաջին ոսկե կանոնը ներքին և արտաքին հաղորդակցության միջոցով ցանկացած տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների և մեծահասակների ներկայացվածությունն է։

Ցանկացած փաստաթուղթ, հոդված, պատմություն, արշավ, գրառում կամ բովանդակություն մշակելիս խնդրում ենք հաշվի առնել հետևյալ մոտեցումները․

  1. Նախընտրելի է՝ հաշմանդամություն ունեցող անձինք հանդես գան ակտիվ, քան պասիվ դերերում։ Կարևոր է ցույց տալ նրանց կենսափորձի բազմազանությունը՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաների, մեծահասակների, հեղինակավոր անձանց և տարեցների կարծիքները:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնելիս չպետք է նրանց առանձնացնել հանրությունից։ Մի՛ շեշտադրեք տարբերությունները, փոխարենը կենտրոնացե՛ք նմանությունների վրա, և թե ինչպես է ներառականությունը նպաստում, որ բոլորը լիարժեք կյանքով ապրեն։
  3. Շեշտադրե՛ք այն դերակատարումը, որ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք հասարակությունում։ Ինչպես յուրաքանչյուր ոք, նրանք նույնպես տարբեր բնավորություններ և սոցիալական հմտություններ ունեն։ Պետք է ցույց տալ նրանց տարբեր դերերում՝ որպես մասնագետների, ուսանողների կամ այս կամ այն գործով զբաղվողների՝ կյանքի տարբեր փուլերում։
  4. Թույլ տվեք հաշմանդամություն ունեցող անձանց ի ցույց դնել իրենց բոլոր հույզերն ու լինել այնպիսին, ինչպիսին կան։ Կենտրոնացե՛ք անձի, նրա զգացմունքների, հույզերի և պատումի նպատակի վրա։ Մի՛ կենտրոնացեք հաշմանդամության կամ օժանդակ սարքավորման վրա՝ սայլակ, ձեռնափայտ և այլն։
  5. Ներկայացրե՛ք առաջին դեմքով՝ շեշտելով նախ անձը, հետո միայն՝ նրա հաշմանդամությունը։ Չեզոք բառապաշա՛ր օգտագործեք՝ խուսափելով նաև չափազանց դրական կամ կարեկցանք արտահայտող բառերից
  6. «Հաշմանդամություն ունեցող անձ»սա է միակ ճիշտ եզրույթը, և այն չպետք է փոխել։ Խուսափե՛ք «հատուկ կարիքներ» կամ «այլ կարողություններ ունեցող» և նման այլ նկարագրություններից, որոնք փորձում են քողարկել կամ հղկել անձի ինքնությունը.
  • երեխա, որը կույր է, ոչ թե կույր երեխա,
  • անվասայլակով տեղաշարժվող մարդ, ոչ թե անվասայլակին գամված մարդ,
  • մտավոր հաշմանդամություն ունեցող անձ, ոչ թե մտավոր հետամնաց անձ,
  • դաունի սինդրոմ ունեցող երեխա, ոչ թե դաուն երեխա,
  • անձ, որ օգտագործում է այս կամ այն օժանդակ սարքավորումը և այլն։
  1. Խորհրդակցե՛ք հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց ներկայացնող կազմակերպությունների հետ։ Ակտիվորեն ներգրավե՛ք հաշմանդամություն ունեցող երեխաներին, դեռահասներին և երիտասարդներին արշավների ծրագրման և դրանց բովանդակության մշակման փուլերում, որպեսզի նվազեցնեք կարողունակություններին առնչվող կողմնակալությունը և ապահովեք, որ պատմությունն առաջին դեմքով ներկայացվի։
  2.  Մի՛ բացահայտեք անձի հաշմանդամությունը, քանի դեռ նա ինքը չի ներկայացրել այդ տեղեկությունը, և անդրադարձե՛ք նրա հաշմանդամությանը միայն այն դեպքում, եթե դա առնչվում է պատմությանը։
  3. Մի՛ ներկայացրեք հաշմանդամություն ունեցող անձանց որպես խոցելի կամ ուրիշների համար բեռ կամ որպես մարդկանց, որոնք ապրում են պակաս արժեքավոր կամ պակաս որակյալ կյանքով։
  4. Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնելիս խուսափե՛ք հետևյալ կարծրատիպերից՝ « տառապող, խեղճ, անմեղ, խիզախ, հաջողակ, հերոս կամ ոգեշնչող երեխա կամ պատանի»: Խուսափե՛ք նաև բացասական երանգավորմամբ բառերից՝ «զոհեր», «տուժածներ», «տառապյալներ» կամ «վնասվածներ»։

Մինչև տպագիր նյութ կամ տեսանյութ հրապարակելը հաշվի՛ առեք այս ստուգաթերթերը։ Եվ եթե հարցերից որևէ մեկի պատասխանը «Ոչ» է, խնդրում ենք վերընթերցել հոդվածը։

Ստուգաթերթ 1. Լեզու և ոճ

  • Արդյո՞ք նյութը առաջին դեմքից եք ներկայացրել, եթե, իհարկե, հաշմանդամություն ունեցող անձն այլ կերպ չի ցանկացել։
  • Արդյո՞ք այն զերծ է նվաստացուցիչ, բացասական կամ չափազանց դրական բառապաշարից։
  • Արդյո՞ք լեզուն պարզ ու հակիրճ է: Հաջողվե՞լ է խուսափել ժարգոնային և կարծրատիպային արտահայտություններից։
  • Արդյո՞ք օգտագործել եք տարբեր մատչելի ձևաչափեր՝ ժեստերի լեզվի թարգմանություն, բրայլյան տառատեսակ, խոշոր, դյուրընթեռնելի տառատեսակներ և այլն):

Ստուգաթերթ 2. Տեսանելիացում (Վիզուալիզացիա)

  • Արդյո՞ք ներկայացրել եք տարբեր հաշմանդամություններ ունեցող անձանց։
  • Արդյո՞ք կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձն է և ոչ թե օժանդակ սարքավորումը կամ, օրինակ, ժեստերի լեզվի թարգմանիչը։
  • Արդյո՞ք ցույց եք տալիս հաշմանդամություն ունեցող անձին ամենօրյա տարբեր դերերում։
  • Արդյո՞ք վստահ եք, որ լուսանկարելիս բոլոր ներկա անձանց համարնույն մոտեցումն եք կրառել
  • Խուսափե՛ք մութ կամ աղոտ լուսավորությամբ տեսարաններից կամ պատկերներից և հանկարծակի կամ բարձր ձայներից:

Մի քանի պարզ քայլերի միջոցով կարող եք ապահովել, որ կույր կամ թույլ տեսողություն ունեցող անձինք կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես ստանան այն տեղեկությունը, որ մտադիր եք տարածել։

  • Հնարավորության դեպքում օգտագործե՛ք տարբեր ու թիրախային մեդիահարթակներ, որպեսզի կարողանաք հասնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց։
  • Երբեք միայն գույնով մի՛ տարբերակեք տվյալները կամ գործողությունները։
  • Բոլոր նկարների կամ պատկերների համար պատրաստե՛ք և ներառե՛ք նաև նկարագրությունը։ Այսպես կոչված այլընտրանքային տեքստը (alt text) պատմում է, թե ինչ է պատկերված նկարում։ Միայն ամենաանհրաժեշտ նկարագրությունը բավական է։ Այն կարելի է կարդալ էկրանն ընթերցող կամ այլ սարքերի միջոցով։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքնների մասին կոնվենիցան ընդունում է մարդկանց միջև եղած տարբերությունները և ընդգծում մարդկային փորձառությունների բազմազանությունը հաշվի առնելու կարևորությունը: Իսկ հաղորդակցությունը առանցքային դեր է խաղում սոցիալական նորմերը փոխելու և հաշմանդամության բարեգործական կամ բժշկական մոդելից մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցմանն անցնելու գործում, որով պետք է առաջնորդվենք բոլորս: