Քովիդ-19. հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության առանձնահատկությունները

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը պարզաբանում է, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ համավարակի ժամանակ հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցումը կազմակերպելու համար:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյան։
UNICEF Armenia/2020/Bulghadaryan
14 Սեպտեմբեր 2020

Համավարակի առաջին իսկ օրերից, երբ կրթական համակարգն անցավ հեռավար ուսուցման, ակնհայտ դարձավ, որ կա երեխաների մի մեծ խումբ, որի համար հեռավար եղանակով կրթություն կազմակերպելը շատ ավելի դժվար է լինելու։ Առաջին հերթին դրանք այն երեխաներն էին, որոնք չունեին համապատասխան թվային սարքեր: Խոցելի համարվող այս խմբում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, բազմազավակ ընտանիքների երեխաները, որոնք, օրինակ՝ ունեն մեկ սարք, բայց նրանցից մի քանիսը կարող են միաժամանակ դաս ունենալ: Իհարկե, մեծ խումբ են կազմում նաև կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխաները, այդ թվում՝  հաշմանդամություն ունեցող երեխաները։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության ծրագրի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշում է, որ հեռավար ուսուցման գործընթացում երեխաների տարբեր կարիքներին համապատասխան աջակցող տեխնոլոգիաներ / սարքավորումներ (assistive technologies) են պետք՝ ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու համար։ «Օրինակ՝ լսողության խնդիր ունեցող երեխաների համար պետք է անպայման ապահովել ժեստերի լեզվով թարգմանությունը, տեսողության խնդիրներ ունեցող երեխաների դեպքում, երբ ուսուցիչն օգտագործում է տեսասահիկներ կամ տեսանյութեր, առաջարկվում է որոշակի տեխնոլոգիաների կիրառում, որոնք թույլ են տալիս ավելի մեծացնել նյութի ընկալունակությունը: Աուտիզմ ունեցող երեխաների դեպքում նույնպես անհրաժեշտ է որոշակի տեխնոլոգիաների կիրառում: Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում, մենք աջակցող տեխնոլոգիաների ուղղությամբ արված բավականաչափ աշխատանք չունենք և դրան պետք է ուշադրություն դարձնեն համապատասխան կառույցները, որպեսզի կարողանանք ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների լիարժեք մասնակցությունը դասապրոցեսին»։ Ի լրումն, քանի որ ՀՀ-ում որոշում է կայացվել, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար կրթությունը պետք է շարունակվի հեռավար ձևաչափով, ապա թվային սարքեր և ինտերնետային կապ տրամադրելու ուղղությամբ ևս գործ ունենք անելու, որպեսզի յուրաքանչյուր երեխա դուրս չմնա կրթական գործընթացից:

Նոր պայմաններում ու նոր կանոններով դասապրոցեսի վերսկսման ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու համար մասնագետը կարևորում է սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը և՛ երեխաներին, և՛ ծնողներին, և՛ ուսուցիչներին:

«Այստեղ կա վտանգ, որ կարող է թիրախավորվել անգամ ուսուցիչը՝ դիմակի կրելու տեսանկյունից, ինչ տիպի դիմակ է կրում: Նույնիսկ կարող է սոցիալական անհավասարությունը ի հայտ գալ, որևէ երեխա կարող է թիրախավորվել, բուլինգի ենթարկվել»։ Նման դեպքերը բացառելու համար կրթության մասնագետը կարևոր է համարում ինչպես հոգեբանական առավելագույն աջակցությունը, այնպես էլ՝ ընտանիք-դպրոց առողջ համագործակցությունը:

Ալվարդ Պողոսյան նշում է, որ բուլինգի երևույթը միայն համավարակի պայմաններին չէ բնորոշ և, վերջին տարիներին այս երևույթին բազմիցս ենք ականատես եղել:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս խնդիրը նույնպես պահում է իր թիրախում և փորձում է տարբեր ծրագրերի միջոցով լուծումներ առաջարկել ՀՀ կառավարությանը, ծնողներին ու երեխաներին, թե ինչպես կարելի է այն կանխել և երեխաների զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծել։ Սա միայն Հայաստանի խնդիր չէ, սա խնդիր է ամբողջ աշխարհում։ Կարևոր է, որ մենք կարողանանք կանխարգելել այն»։ Այս թեմայով վերջին խորհուրդները զետեղել ենք հետևյալ հոդվածում, որոնք անշուշտ պետք կգան և՛ աշակերտներին, և՛ ծնողներին:

Քանի որ սոցիալական կարգավիճակի պատճառով երեխաների կրթությունը հնարավոր է տուժի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետը մեծապես կարևորում է առողջապահական, սոցիալական, կրթական հաստատությունների սերտ համագործակցությունը: Ըստ նրա, հաճախ, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաները, ռիսկային խմբի ընտանիքներում են և կարիք ունեն լրացուցիչ աջակցության՝ ֆինանսական, սանիտարահիգիենիկ պարագաների տեսքով և այլն։ Այս ամիս, ՅՈՒՆԻՍԵՖ-ը միացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ նպաստառու հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին տրամադրելու միանվագ դրամական օգնություն: Այս և նման տիպի աջակցութան փաթեթների հետ կապված հարցերի համար, խորհուրդ ենք տալիս զանգահարել նախարարություն 114 կամ 011300114 համարներով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա ոչ միայն ներառվի հանրակրթության համակարգում, այլև ստանա որակյալ կրթություն, և մենք շարունակելու ենք մեր աջակցությունն այս ուղղությամբ: Մարտից ի վեր, ՅՈՒՆԻՍԵՖ-ը 200 պլանշետ է տրամադրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը թվային սարքեր չունեցող աշակերտների համար:

E-School հարթակի հետ համագործակցությամբ վերապատրաստել ենք մոտ 3000 ուսուցիչների՝ զարգացնելով նրանց թվային ձիրքերը, ինչպես նաև պատրաստել ենք 350 տեսադասեր http://e-school.am/ հարթակում: Ավելին՝ 150 տեսադասեր ստեղծվել են սուրդո-թարգմանությամբ: