ՔՈՎԻԴ-19-ի մասին հարցուպատասխան միջին և բարձր դասարանցիների համար․ մաս 1

Պատասխանում ենք կորոնավիրուսի վերաբերյալ տարբեր տարիքի երեխաներին և երիտասարդներին հուզող հարցերին։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Երեք դեռահաս աղջիկներ նստած են Հայաստանի հրապարակում։
UNICEF/ Anush Babajanyan VII
28 Մայիս 2020

Ամբողջ աշխարհում մարդիկ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում իրենց և ընտանիքներին նոր տեսակի կորոնավիրուսից՝ ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանելու, ինչպես նաև՝ վարակի տարածումը կանխարգելելու համար։ Այնուամենայնիվ, համացանցում շատ է իրարամերժ տեղեկատվությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով ԱՀԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ, մշակել է տարբեր տարիքի երեխաներին անհանգստացնող հարցուպատասխանի այս շարքը.

  1. Երեխաները և երիտասարդները կարո՞ղ են արդյոք վարակվել ՔՈՎԻԴ-19-ով:
  2. Երեխաները և երիտասարդները կարո՞ղ են արդյոք ՔՈՎԻԴ-19 փոխանցել այլ անձանց, եթե անգամ նրանց մոտ առկա են թույլ ախտանշաններ կամ այդպիսիք ընդհանրապես չկան:
  3. Քանի որ երեխաների և երիտասարդների շրջանում հիվանդության լուրջ հետևանքներով դեպքերը փոքրաթիվ են, պե՞տք է արդյոք այցելել բուժհաստատություն, եթե ինձ մոտ առկա են հիվանդության ախտանշաններ:
  4. Ի՞նչ պետք է անեմ, երբ ընտանիքիս անդամներից որևէ մեկը լուրջ հիվանդացել է ՔՈՎԻԴ-19-ով:
  5. Ես դեղորայքային բուժում եմ ստանում այլ քրոնիկ առողջական խնդրի կապակցությամբ: Արդյոք պե՞տք է փոխեմ ողջ բուժումս:
  6. Լուրերում համատարած խոսվում է ՔՈՎԻԴ-19-ի մասին, և ինձ համար դժվար է պարզել՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սուտ: Ի՞նչ պետք է անեմ ես:
  7. Ես գիտեմ, որ այս պահին ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու ռիսկ կա, բայց ես ինձ լավ եմ զգում: Կարո՞ղ եմ սպորտով զբաղվել:
  8. Ես ձանձրացել եմ տանը մնալուց: Քանի որ քիչ հավանական է, որ նույնիսկ ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու դեպքում ես լուրջ կհիվանդանամ, ինչո՞ւ է այդքան կարևոր հիվանդության փոխանցումը կանխելու ցուցումներին հետևելը, օրինակ՝ այլ մարդկանցից ֆիզիկական հեռավորություն պահպանելը:
  9. Ընկերներիցս ոմանք չեն հետևում ֆիզիկական հեռավորության պահանջներին: Ի՞նչ պետք է անեմ ես:

 

 

1. Երեխաները և երիտասարդները կարո՞ղ են արդյոք վարակվել ՔՈՎԻԴ-19-ով:

Այո: Տարիքային բոլոր խմբերը կարող են վարակվել ՔՈՎԻԴ-19-ով: Թեև մինչ օրս պարզ չէ, թե ՔՈՎԻԴ-19-ը ինչպես է ազդում մարդկանց վրա։ Այն, կարծես թե, տարեցների (օրինակ՝ 60-նն անց մարդկանց), արդեն իսկ առկա առողջական խնդիրներ, օրինակ՝ արյան բարձր ճնշում, սրտի կամ թոքերի հիվանդություն, քաղցկեղ կամ դիաբետ ունեցող անձանց դեպքում ավելի հաճախ է վերածվում լուրջ հիվանդության: Քանի որ այն նոր վիրուս է, մենք դեռևս պարզում ենք, թե ինչպես է այն ազդում երեխաների և դեռահասների վրա: Մինչ օրս առկա տվյալներից կարելի է հետևություն անել, որ տարբեր տարիքի երեխաների դեպքում ծանր հիվանդության վերածվելը քիչ հավանական է, սակայն ծանր դեպքեր և մահ կարող են տեղի ունենալ այս տարիքային խմբերի ներկայացուցիչների մոտ ևս:

 

2. Երեխաները և երիտասարդները կարո՞ղ են արդյոք ՔՈՎԻԴ-19 փոխանցել այլ անձանց, եթե անգամ նրանց մոտ առկա են թույլ ախտանշաններ կամ այդպիսիք ընդհանրապես չկան:

Այո՛: Բոլոր տարիքային խմբերի վարակված մարդիկ, այդ թվում՝ երեխաները, կարող են վարակը փոխանցել այլ մարդկանց, եթե անգամ իրենց մոտ առկա ախտանշանները թույլ են արտահայտված կամ նրանք իրենց վատ չեն զգում: Վարակը մարդուց մարդուն անցնում է քթից կամ բերանից դուրս եկող կաթիլների միջոցով, որոնք տարածվում են, երբ ՔՈՎԻԴ-19-ով վարակված անձը հազում է, փռշտում կամ խոսում: Այդ կաթիլները կարող են հայտնվել առարկաների և մակերևույթների վրա: Մարդիկ կարող են վարակվել այդ առարկաներին կամ մակերևույթներին դիպչելուց հետո՝ իրենց աչքերին, քթին կամ բերանին դիպչելու դեպքում:

 

3. Քանի որ երեխաների և երիտասարդների շրջանում հիվանդության լուրջ հետևանքներով դեպքերը փոքրաթիվ են, պե՞տք է արդյոք այցելել բուժհաստատություն, եթե ինձ մոտ առկա են հիվանդության ախտանշաններ:

Եթե ձեզ մոտ ախտանշանները շատ չեն, օրինակ՝ թեթևակի հազ կամ ջերմության թեթևակի բարձրացում ունեք, ընդհանուր առմամբ, բժշկական օգնության դիմելու կարիք չկա: Մնացեք տանը, ինքնամեկուսացեք և հետևեք ձեր ախտանշանների զարգացմանը: Հետևե՛ք ինքնամեկուսացման ներպետական ուղեցույցներին: Սակայն եթե ախտանշանները մեկ-երկու օրից ավելի են տևում, զանգահարեք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ստեղծված կորոնավիրուսի հիվանդության վերաբերյալ արագ արձագանքման թեժ գիծ: Թեժ գծի նպատակն է՝ պատասխանել քաղաքացիների զանգերին և ուղղորդել նրանց, թե որ ախտանշանների դեպքում, ում կարող են դիմել։ Թեժ գիծ կարող եք զանգել 010 550601 և 8003 հեռախոսահամարներով:

Այլ մարդկանց հետ շփումներից և բուժհաստատություններ այցելելուց խուսափելը այդ հաստատություններին թույլ կտա առավել արդյունավետ գործել և նպաստել ձեզ և այլ անձանց ՔՈՎԻԴ-19-ից և այլ վարակներից պաշտպանելու գործին:

Դիմեք բուժօգնության, եթե ձեր առողջությունը վատթարանում է, կամ եթե ընտանիքում չկա որևէ մեկը, ով տան պայմաններում հոգ կտանի ձեր մասին:

 

4. Ի՞նչ պետք է անեմ, երբ ընտանիքիս անդամներից որևէ մեկը լուրջ հիվանդացել է ՔՈՎԻԴ-19-ով:

Դիմեք բուժօգնության, եթե ձեր ընտանիքի անդամները լուրջ հիվանդացել են: Հնարավորության դեպքում դուք կամ որևէ մեծահասակ պետք է զանգահարեք ՔՈՎԻԴ-19-ի տեղական կամ համապետական ճգնաժամային հեռախոսահամարին՝ 8003, պարզելու, թե որտեղ և ինչպես կարող եք խնամք ստանալ: Եթե ձեր ընտանիքի անդամի մոտ հաստատվել է ՔՈՎԻԴ-19 վարակը, դուք պետք է պատրաստ լինեք, որ դուք և ընտանիքի անդամի հետ շփված ձեզ հայտնի այլ անձիք պետք է հետևեն ձեր ախտանշանների զարգացմանը և շարունակեն ինքնամեկուսացումը 14 օր շարունակ, եթե անգամ լավ եք զգում:

 

5. Ես դեղորայքային բուժում եմ ստանում այլ քրոնիկ առողջական խնդրի կապակցությամբ։ Արդյոք պե՞տք է փոխեմ ողջ բուժումս։

Կարևոր է շարունակել ցանկացած դեղորայք, որ գործածում էիք քրոնիկ կամ այլ վիճակների բերումով և շարունակել բուժումը։ Ձեր բժշկից ճշտեք, թե որքանով է նպատակահարմար համավարակի պայմաններում փոխել բուժումը կամ հաճախել հերթական ստուգումների։

 

 

 

6. Լուրերում համատարած խոսվում է ՔՈՎԻԴ-19-ի մասին, և ինձ համար դժվար է պարզել՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սուտ: Ի՞նչ պետք է անեմ ես:

Նորությունների (երբեմն հակասական) անընդմեջ հոսքը ցանկացած մարդու կարող է մոլորեցնել և սթրեսի ենթարկել: Տեղեկատվություն ստանալու կամ քիչ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության արժանահավատությունն ստուգելու համար՝ փորձեք օգտվել այնպիսի հուսալի աղբյուրներից, ինչպիսիք են՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքէջերը: Կարող եք նև օգտվել WhatsApp-ի WHO Health Alert հավելվածից՝ համավարակի մասին անգլերենով ամենաթարմ տեղեկատվությունը ստանալու համար: Սա նոր ծառայություն է, որն անվճար է և նախատեսված է անհապաղ, հավաստի և պաշտոնական տեղեկատվություն տրամադրելու համար։ Այն հասանելի է ողջ աշխարհում՝ օրական 24 ժամ: Սկզբում սեղմեք WHO Health Alert-ը, ապա պարզապես WhatsApp հաղորդագրությամբ ուղարկեք ‘Hi’ բառը, որպեսզի բաժանորդագրվեք: Նկատի ունեցեք, որ ՔՈՎԻԴ-19-ի համավարակի մասին տեղեկատվությամբ ինքներդ ձեզ ծանրաբեռնելը կարող է սթրեսի պատճառ դառնալ: Այդ պատճառով, թարմ տեղեկատվությանը և գործնական ցուցումներին ծանոթացեք օրվա որոշակի ժամերի և խուսափեք բամբասանքներին տրվելուց։

 

7. Ես գիտեմ, որ այս պահին ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու ռիսկ կա, բայց ես ինձ լավ եմ զգում: Կարո՞ղ եմ սպորտով զբաղվել:

Այո՛: Դուք կարող եք զբաղվել այնպիսի մարզաձևերով, որոնց դեպքում հնարավոր է հետևել ֆիզիկական հեռավորություն պահպանելու և տեղաշարժի ազատության վերաբերյալ ձեր երկրում ընդունված սահմանափակումներին: Ֆիզիկական ակտիվությունը առողջարար է ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան առումով: Սովորություն դարձրեք՝ ամեն օր 1 ժամ տևողությամբ զբաղվել այնպիսի վարժություններով կամ մարզաձևերով, որոնց դեպքում այլ մարդկանց հետ սերտ շփում չի ենթադրվում: Կարող եք զբաղվել անհատական մարզաձևերով, ինչպիսիք են՝ վազքը, քայլքը, պարը կամ յոգան: Շատ տարբերակներ կարելի է փորձել: Սովորաբար բակում անցկացվող խաղերով կարող եք զբաղվել տանը, օրինակ՝ ցատկեք պարանով կամ, «կլաս». խաղացեք ձեր եղբայրների ու քույրերի հետ, կատարեք որոշ ուժային վարժություններ՝ օգտագործելով տնային պայմաններում հնարված ծանրություններ, օրինակ՝ ջրով կամ ավազով լի շշեր: Առցանց կարող եք նաև միանալ ֆիթնեսի դասընթացների կամ ընկերների ու դասընկերների հետ հորինեք ձեր սեփական օնլայն ֆիզիկական վարժությունները: Գտե՛ք զվարճալի, երկրում սահմանված սահմանափակումներին չհակասող և ինքնազգացողությունը լավացնող զբաղմունքներ։

 

8. Ես ձանձրացել եմ տանը մնալուց: Քանի որ քիչ հավանական է, որ նույնիսկ ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու դեպքում ես լուրջ կհիվանդանամ, ինչո՞ւ է այդքան կարևոր հիվանդության փոխանցումը կանխելու ցուցումներին հետևելը, օրինակ՝ այլ մարդկանցից ֆիզիկական հեռավորություն պահպանելը:

Տանը մնալը դժվար է և կարող է ձանձրալի լինել, սակայն դա կարող է սիրելի բանով զբաղվելու հնարավորության վերածվել: Սիրելի զբաղմունքը կարող է լինել ընթերցանությունը, խաղեր խաղալը կամ երաժշտություն լսելը: Փորձեք ամենօրյա կապ պահպանել ընկերների և ընտանիքի հետ հեռախոսով կամ համացանցի միջոցով, եթե ունեք դրա հնարավորությունը, իսկ եթե նրանց մոտ եք բնակվում և տեղի կանոններով թույլատրված է, զրուցեք առերես՝ պահպանելով հեռավորությունը: Միևնույն ժամանակ, իսկապես կարևոր է, որ նվազեցնեք վարակվելու կամ ՔՈՎԻԴ-19-ի վիրուս տարածելու հնարավորությունը՝ օճառով և ջրով կամ ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչով հնարավորինս հաճախ լվացվելու միջոցով՝ պահպանելով առնվազն 1 մետր (3 ոտնաչափ) հեռավորություն այլ մարդկանցից և խուսափելով մարդաշատ վայրերից: Չի բացառվում, որ դուք լինեք այն անհաջողակը, որ լրջորեն կհիվանդանա՝ ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու դեպքում, կամ վարակը կտարածի այլ մարդկանց շրջանում՝ դրանով իսկ պատասխանատու լինելով նրանց հիվանդանալու կամ երբեմն նույնիսկ ավելի վատ ելքերի համար։ Դուք ի զորու եք այնպիսի ընտրություն կատարելու, որը կարող է կյանքեր փրկել, իսկ երիտասարդները միահամուռ ուժերով կարող են կարևոր մասնակցություն ունենալ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում:

 

9. Ընկերներիցս ոմանք չեն հետևում ֆիզիկական հեռավորության պահանջներին: Ի՞նչ պետք է անեմ ես:

Ձեր ընկերներին բացատրեք, թե ինչու է կարևոր պաշտպանվելը և այլոց պաշտպանելը՝ ձեռքերը լվանալով, սեփական դեմքին դիպչելուց խուսափելով, հազալիս կամ փռշտալիս քիթն ու բերանը արմունկով, թևքով կամ անձեռոցիկով ծածկելով, ինչպես նաև՝ ֆիզիկական հեռավորություն պահպանելով և սահմանված տեղաշարժի սահմանափակումներին հետևելով: Թերևս կարող եք զվարճալի վիրտուալ զբաղմունքի տարբերակներ առաջարկել ձեր ընկերներին։ Այդպիսով դուք նրանց այլընտրանք կառաջարկեք, այլ ոչ թե պարզապես կհորդորեք մնալ տանը: Սակայն, հիշեք, որ դուք չեք վերահսկում այլ մարդկանց գործողությունները, ուստի պետք չէ վիճել կամ կռվել՝ փորձելով մտափոխել նրանց: