ՔՈՎԻԴ-19-ի մասին հարցուպատասխան՝ միջին և բարձր դասարանցիների համար․ մաս 2

Մշակել ենք հարցուպատասխանի այս շարքը, որպեսզի օգնենք միջին և բարձր դպրոցական տարիքի երեխաներին ինքնամեկուսացման օրերին։

ՅՈՒՆԻՍԵՖ
Դեռահաս աղջիկը զբոսնում է միայնակ այգում։
UNICEF/Anush Babajanyan VII
03 Հունիս 2020

Անցումային տարիքում լինելն ինքնին հեշտ բան չէ, իսկ կորոնավիրուսային հիվանդությունն ամեն ինչ էլ ավելի է բարդացրել; ԱՀԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցելով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակել է հարցուպատասխանի այս շարքը, որպեսզի օգնի միջին և բարձր դպրոցական տարիքի երեխաներին ինքնամեկուսացման օրերին։

1. Ես իսկապես մտահոգված եմ ՔՈՎԻԴ-19-ի պատճառով: Ի՞նչ անեմ:

Համավարակի պայմաններում մտահոգություն կամ անզորության զգացողություն ունենալը միանգամայն նորմալ է: Ահա մի քանի առաջարկ, որոնք կարող են օգնել՝ կառավարել ձեր տագնապները:

Հասկացեք, թե ինչ եք զգում: Մի՛ անտեսեք ձեր զգացողությունները, հատկապես, եթե լավ չեք զգում: Երբ ձեր կյանքի ընթացքը խաթարված է, ամենատարբեր զգացողություններ ունենալը նորմալ է. անհանգստություն, թևաթափություն, տխրություն, սթրես, զայրույթ, տագնապ. սրանք զգացումներ են, որոնք կարող են առաջանալ յուրաքանչյուրիս մոտ: Շեշտը դրեք այն հմտությունների և մարտավարության վրա, որոնցից օգտվել եք նախկինում և որոնք օգնել են հաղթահարել կյանքի մարտահրավերները։ Մի անտեսեք նաև հույզերը կառավարելու ձեր հմտությունները: Ահա մի քանի օրինակ.

  • օրագիր վարեք,
  • ձեր զգացողություններն արտահայտեք արվեստի միջոցով, օրինակ՝ բանաստեղծություն գրելով, նկարելով, պարելով կամ նվագելով,
  • ձեզ համար վստահելի մեկին պատմեք ձեր զգացողություններն ու մտահոգությունները,
  • փորձեք որոշակի շնչառական վարժություններ անել: Եթե համացանցը հասանելի է, կարող եք գտնել շնչառական վարժությունների մասին ցուցումներ՝ տեսանյութերի ձևով:

Ամեն օր զբաղվեք ինչ-որ ակտիվ բանով: Ցանկացած վարժություն կարող է օգնել, քանի որ դրանք նվազեցնում են մարմնի սթրեսային հորմոնները, ինչն էլ, իր հերթին, կարող է օգնել թուլացնել մարմինն ու միտքը: Վարժությունների շնորհիվ արտադրվում է էնդորֆին կոչվող «երջանկության հորմոն», որը կարող է օգնել՝ բարձրացնել տրամադրությունը: Փորձեք քայլել, վազել կամ մաքուր օդին այլ ֆիզիկական վարժություններ անել՝ պահպանելով հեռավորությունը այլ մարդկանցից: Տնից դուրս գալ չկարողացող մարդիկ կարող են բացել պատուհանը մաքուր օդի համար և տանը որոշ վարժություններ անել՝ ակտիվությունը պահպանելու համար:

Հույզերը կառավարելու համար ծխելը, ուտելը, ալկոհոլը կամ դեղամիջոցներ գործածելը տարբերակներ չեն:

Նման պարագայում հոգեբանական աջակցություն կարող եք ստանալ նաև Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան բաժին՝ 112 թեժ գծի կարճ հեռախոսահամարով։

Պահպանեք կապը ընկերների և ընտանիքի հետ հեռախոսով կամ համացանցի միջոցով, եթե ունեք դրա հնարավորությունը: Եթե նրանց մոտ եք բնակվում և տեղի կանոններով թույլատրված է, զրուցեք առերես՝ պահպանելով հեռավորությունը:

Հնարավորության սահմաններում շարունակեք զբաղվել առօրյա գործերով: Փորձեք պահպանել քնելու և արթնանալու սովորական ժամերը՝ պահպանելով քնի բավականաչափ տևողությունը: Պլանավորեք նախապես և փորձեք հավասարակշռել այնպիսի գործողությունները, ինչպիսիք են՝ տնային աշխատանքը, ֆիզիկական վարժությունները, ընկերների և ընտանիքի հետ շփումը, սիրելի գործերով զբաղվելը, կանոնավոր սնվելը:

Խոսեք ձեր ծնողների և ապա բուժաշխատողի կամ հոգեբանի հետ, եթե դուք կամ ձեզ համար թանկ մեկը.

  • ունի տխրություն, վախեր և անհանգստությունները,
  • զգում է, որ սթրեսը սկսում է դառնալ ձեր առօրյայի մի մասը,
  • ինքներդ ձեզ կամ այլ մարդկանց վնասելու ցանկություն է առաջանում:

Նման դեպքերում ձեզ համար կարող է ավելի հեշտ լինել ոչ թե բուժաշխատողի, այլ հոգեբանի հետ զրուցելը՝ տեղաշարժի սահմանափակումների և ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում բուժհաստատությունների ծանրաբեռնվածության պատճառով:

Արտակարգ ռեժիմով՝ ԱՆ և ԱՍՀ հետ համագործակցությամբ շարունակում են գործել Հայկական Կարմիր խաչի ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները՝ 2-ը Երևանում, մյուս 2-ը՝ Դիլիջանում և Գավառում, որտեղ հոգեբանները սոցիալ-հոգեբանական աջակցություն են տրամադրում անհանգստություններ ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ մեկուսացված անձանց։ Քաղաքացիները, այդ թվում՝ երիտասարդները կարող են զանգահարել՝+374 60 625069 և +374 60 627070 հեռախոսահամարներով։

 

2. Ե՞րբ է այս համավարկը ավարտվելու, որ վերադառնամ դպրոց և հանդիպեմ ընկերներիս:

Չգիտենք, թե համավարակը երբ կավարտվի, բայց գիտենք մի բան, որ դա կախված է վարակի տարածումը դադարեցնելու հարցում յուրաքանչյուրիս ջանքերից: Պաշտպանիչ այդ միջոցառումները օգնել են՝ կասեցնել վիրուսի կարճատև ազդեցության որոշ տեսակներ, և ժամանակ ենք շահել վիրուսի մասին մեր գիտելիքները լուծումների վերածելու և մեր սովորական առօրյային վերադառնալու համար: Կարևոր է, որ դուք շարունակեք կատարել այդ միջոցառումները և հորդորեք ձեր ընկերներին՝ անել նույնը:

Ընկերներին չտեսնելու և դպրոց չգնալու, ինչպես նաև՝ այլ գործերով չզբաղվելու միջոցով զոհաբերությունը ձեր ներդրումն են համավարակի դեմ պայքարում: Այդպիսով մենք նվազեցնում ենք վիրուսի՝ համայնքային մակարդակով տարածումը:

Երիտասարդ աղջիկը զբոսնում է տան մոտակայքում գտնվող այգում արևամուտի ժամանակ։
UNICEF/Anush Babajanyan VII
 
3. Համավարակի պատճառով ես բաց եմ թողնում դասերս: Ի՞նչ պետք է անել:

Ձեր դպրոցը, ամենայն հավանականությամբ, բաց թողածը վերականգնելու կամ քննությունները հետո հանձնելու հնարավորություն կընձեռի: Հետևեք ձեր դպրոցի կողմից սահմանված ընթացակարգերին՝ դպրոցների փակման անմիջական ազդեցությունը նվազեցնելու և կրթությունը շարունակելու համար: Եթե ինտերնետը հասանելի է, կարող եք խորհրդակցել ձեր ուսուցիչների և վստահելի այլ մեծահասակների հետ՝ առցանց ուսուցման առկա հնարավորություններն ու աղբյուրները, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից խորհուրդ տրվող կրթական լուծումները պարզելու համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի կառույց է, որն աջակցում է երկրներին՝ բարելավել իրենց կրթական համակարգերը: Բացի այդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավաքագրում է աշակերտների, ուսուցիչների և ծնողների փորձն այն մասին, թե նրանք ինչպես են հարմարվել և ինչպես են շարունակում սովորել՝ դպրոցների փակ լինելու պայմաններում: Ծանոթացեք մյուսների պատմություններին և փորձին. դրանք կարող են ոգեշնչել ձեզ: Կարող եք նաև կապվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ և պատմել ձեր պատմությունը: Իսկ թե ինչպես՝ իմացեք այստեղ:

Այն տեղերում, ուր ինտերնետին միանալը խնդրահարույց է, շատ կառավարություններ սկսել են դպրոցների չգործելու պայմաններում հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակել կրթական ծրագրեր: Եթե դուք ապրում եք նման վայրում, ձեր տեղական հեռուստատեսային և ռադիո ալիքներով հետևեք այդ կրթական ծրագրերին:

 

4. Մեկուսացման պայմաններում ես չափից շատ ժամանակ եմ ծախսում ինտերնետում՝ օնլայն խաղեր խաղալու, պարզապես շփվելու կամ դասերի համար: Սա մտահոգվելու առի՞թ է արդյոք:

ՔՈՎԻԴ-19-ը բազմաթիվ մարդկանց կյանքը անսպասելիորեն փոխադրել է առցանց տիրույթ, և հնարավոր է, որ այժմ է՛լ ավելի շատ ժամանակ եք անցկացնում օնլայն, քան նախկինում: Թեև օնլայն լուծումները ձեր ուսումը շարունակելու, շփվելու և խաղալու հսկայական հնարավորություններ են ընձեռում, դուք պետք է փորձեք սահմանափակել էկրանի առջև անցկացվող ժամանակը, որը կապ չունի սովորելու կամ ֆիզիկական վարժությունների հետ: Եվ դա այն պատճառով, որ առողջ լինելու և բարձր տրամադրությունն ու դրական տրամադրվածությունը պահպանելու համար ձեզ անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն: Բացի այդ, որոշ մարդիկ զգայուն են թրթռացող լույսի նկատմամբ և էկրանի առջև չափից շատ ժամանակ անցկացնելու պատճառով կարող են գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ ունենալ, երբեմն՝ անգամ ուշագնաց լինել:

Ուստի, կարևոր է էկրանի առջև անցկացվող ժամանակի մի մասը փոխարինել էկրանի առջև նստելու հետ կապ չունեցող գործողություններով, օրինակ՝ երաժշտություն լսելով, գիրք կարդալով, սեղանի խաղերով և ֆիզիկական վարժություններով, ասենք՝ զբոսնելով կամ վազքով:

Խաղերով չափից ավելի զբաղվելը կարող է հանգեցնել «խաղային խանգարման», որն էլ հանգեցնում է կարճատև քնի կամ ցերեկ-գիշեր փոխատեղման, ախորժակի կորստի, ագրեսիայի, գլխացավերի և ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրների: Եթե ձեզ մոտ այս ախտանշաններն առկա են, դիմեք ձեր ծնողների կամ վստահելի այլ մեծահասակի օգնությանը:

 

5. Լսել եմ, որ օնլայն շփումները կարող են վնասել ինձ: Ի՞նչ ռիսկեր կան և ինչպե՞ս կարող եմ պաշտպանվել օնլայն գտնվելիս:

Քանի որ դուք, ամենայն հավանականությամբ, օնլայն ավելի շատ եք գտնվում, քան նախկինում, ճիշտ կլինի տեղյակ լինել որոշ ռիսկերի մասին: Նախ, ուշադիր եղեք, թե առցանց գտնվելիս ինչ նյութեր եք տարածում և ինչպես եք շփվում այլ օգտատերերի հետ: Այդ ամենի արդյունքում կարող եք ենթարկվել շանտաժի, հետապնդման կամ նվաստացման: Երկրորդ, ինտերնետում ավելի շատ գտնվելը կարող է ավելացնել հավանականությունը, որ ձեզ կհանդիպեն առցանց «գիշատիչներ», որոնք փորձում են երիտասարդներին սեռական շահագործման ենթարկել: Վեբ-տեսախցիկների առջև գտնվելիս պատշաճ հագուստ կրեք և վիրտուալ դասարան մի՛ մտեք ննջարանից: Բացի այդ, կարևոր է հիշել, որ որոշ դեռահասներ կարող են կիբերբուլիինգի և խտրականության հավելյալ ռիսկի ենթարկվել: Վ

Վիրավորական, խտրական կամ ոչ պատշաճ օնլայն շփումը երբեք չի կարող «օքեյ» լինել: Եթե ձեր օնլայն որոշ շփումների կապակցությամբ կասկածներ ունեք, այդ մասին անմիջապես հայտնեք ծնողին կամ վստահելի այլ մեծահասակի:

 
6. Քանի որ ծնողներս այլևս աշխատանքի չեն գնում, նրանք ավելի շատ են վիճում միմյանց հետ, և եղել են դեպքեր, երբ տեսել եմ, թե մի ծնողս ինչպես է բանավոր կամ ֆիզիկապես վնասում կամ վիրավորում մյուսին: Տանը ես ինձ ապահով չեմ զգում: Ի՞նչ անեմ:

Սա դժվար ժամանակահատված է: Շատ մարդիկ, այդ թվում, թերևս, նաև քո ծնողները, մտահոգություններ ունեն՝ կապված անվտանգության, առողջության և եկամուտի հետ: Երբ մարդիկ ինքնամեկուսանում են փակ տարածքներում, այդ լարվածությունն ու սթրեսը կարող են ավելի մեծանալ:

Եթե մտահոգված եք այն ամենով, ինչ տեղի է ունենում ձեր տանը, կամ եթե ապահով չեք զգում, զրուցեք վստահելի մեծահասակի հետ ձեզ անհանգստացնող բաների մասին և խորհուրդ հարցրեք նրանից: Վեճի կամ կռվի ժամանակ փորձեք ուշադրություն չգրավել ձեզ վրա, որպեսզի ձեզ վնաս չհասցվի: Հիշի՛ր, որ շտապ օգնության ծառայության համար պետք է զանգահարել 103: Կարող ես նաև դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ զանգահարելով 116 թեժ գծին կամ խորհրդատվություն ստանալու համար նամակ գրելով պաշտպանի գրասենյակին: Ծանոթացի՛ր Մարդու իրավունքների պաշտպանի երեխաների համար նախատեսված կայքին։

Անհամաձայնություններ ունենալը նորմալ է, սակայն եթե դրանք վերածվում են բանավոր և ֆիզիկական բռնության, ապա պետք է ինչ-որ բան ձեռնարկել: