ՔՈՎԻԴ-19-ի էջը թերթելուց հետո մեր նպատակը պարզապես նախկին կենսակերպին վերադառնալը չպետք է լինի

Մենք պատմական հնարավորություն ունենք ինչպես այս համավարակին վերջ դնելու, այնպես էլ կանխարգելելի հիվանդությունները վերացնելու համար

Քրիստինե Մելքոնյան
Լիանա Հովակիմյան՝ ՅՈՒՆԻՍԵՖի առողջապահության և սնուցման ծրագրերի ղեկավար
UNICEF Armenia/2021/Galstyan
22 Ապրիլ 2021

Արդեն տասնվեց տարի (2005 թ.-ից) աշխարհում յուրաքանյուր ապրիլ ամսվա վերջին շաբաթը նվիրվում է իմունականխարգելմանը: Ի սկզբանե, այս նախաձեռնության նպատակն էր ընդգծել պատվաստանյութերի կարևորությունը հանրային առողջապահության ոլորտում, բարձրացնել պատվաստումների վերաբերյալ մարդկանց իրազեկվածությունը՝ հանրությանը մատչելի եղանակներով ներկայացնելով պատվաստանյութերի ազդեցությունն ու դրանց դերը առողջության պահպանման գործում:

Ապրիլի 24-ին մեկնարկող իմունականխարգելման շաբաթն այս տարի առանձնահատուկ կարևորություն ունի, հաշվի առնելով արդեն մեկ տարուց ավելի աշխարհին պատուհասած համավարակն ու դրա դեմ պայքարի համար աշխարհի գիտնականների տիտանական ջանքերով ստեղծված պատվաստանյութերի շուրջ առկա հակասական վերաբերմունքը:

Քովիդ 19-ը ի ցույց դրեց, թե որքան ծանր կարող է լինել կյանքը վարակիչ հիվանդության քայքայիչ ազդեցության հետևանքով: Դա նաև կարևոր ազդակ էր, հասկանալու, թե ինչ հսկայական ուժով են օժտված պատվաստանյութերը՝ որոշակի խնդիրներից աշխարհը զերծ պահելու գործում:

Այս մասին զրուցել ենք ՅՈՒՆԻՍԵՖի առողջապահության և սնուցման ծրագրերի ղեկավար Լիանա Հովակիմյանի հետ:

6-ամյա աղջիկան բժշկուհին պատվաստում է։
UNICEF Armenia/2021/Margaryan

Լ.Հ. «Ավելի քան վստահ եմ, որ համավարակի ֆոնին, հարյուրհազարավոր մահացած մարդկանց մասին տեղեկությունները լսելիս, մարդիկ, ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, գոնե մի պահ կանգ են առել ու «նկատել», որ աշխարհում կան մեկ տասնյակից ավելի հիվանդություններ, որոնց երբեք չեն առերեսվել, որոնց մասին միայն լսել են կամ կարդացել ու հավանաբար իրենք իրենց հարցրել են՝ ԻՆՉՊԵ՞Ս։ Պատասխանը շատ պարզ է՝ գոյություն ունեն այդ հիվանդությունների դեմ պատվաստանյութեր, որոնք հետևողական և համատարած կիրառելու արդյունքում, մարդիկ պարզապես «մոռացել» են այդ հիվանդությունների մասին։ Նույն կերպ այսօր՝ պատվաստանյութերի առկայությունը հույս է տալիս, որ հնարավոր է վերջ դնել համավարակին և փորձել վերակառուցել մեր կյանքը»:

Պատվաստանյութերն արդի բժշկության ամենամեծ նվաճումներից են: Դրանք գրեթե վերացրել են մարդկությանը պատուհասած այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են Կարմրուկը և Պոլիոմիելիտը՝ ամեն տարի փրկելով միլիոնավոր կյանքեր և պաշտպանելով այն մարդկանց ու երեխաներին, ում պատվաստումն արգելված է այս կամ այն առողջական խնդիրներից ելնելով (օր.՝ քաղցկեղ և այլն):

Մենք, հաճախ անլուրջ ենք վերաբերվում իմունիզացիային, քանի որ բախտ ենք ունեցել ապրել այնպիսի աշխարհում, որտեղ մեր հարազատները չեն տառապել կանխագելելի հիվանդության պատճառով: Մեզ համար պատվաստանյութերն ու պատվաստման արդյունավետությունը սովորական են, սակայն ՔՈՎԻԴ-19-ը ցույց տվեց, որ մեր հսկողության տակ չգտնվող հիվանդությունները կարող են կործանարար լինել մարդկության համար։ Համավարակն անհասանելի դարձրեց սովորական շփումները, բաժանեց մարդկանց, փակվեցին սահմաններ, քաղաքներ ու հաստատություններ։

Եվ այսօր, սիրելի մարդկանց ու բոլորիս համար թանկ բաները դարձյալ մերձեցնելու, իրար կապելու, անարգել շփվելու և ճամփորդելու, մեր բնականոն կյանքին վերադառնալու, թերևս, ամենակարևոր երաշխիքը պատվաստանյութերն են։ Բայց չեն կարող օգնել մեզ, եթե չլինեն անհրաժեշտ ներդրումներ, իրազեկում և վստահություն առաջին հերթին գիտության հանդեպ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որպես աշխարհում պատվաստանյութերի եզակի ամենամեծ գնորդը, կիրառում է իր փորձն ու համագործակցում է արտադրողների ու գործընկերների հետ` ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի դեղաչափերի ձեռքբերման, ինչպես նաև փոխադրումների, նյութատեխնիկական ապահովման, պահեստավորման գործընթացներում: Տարեկան պատվաստանյութերի ավելի քան 2 միլիարդ դեղաչափ է մատակարարվում գրեթե 100 երկրի համար՝  պլանային պատվաստումների և վարակների բռնկմանն արձագանքելու նպատակով: Երկրներն իրենք են որոշում որ պատվաստանյութն ընտրել: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձեռք է բերում և մմատակարարում միայն այն պատվաստանյութերը, որոնք համապատասխանում են ԱՀԿ-ի անվտանգության և արդյունավետության չափանիշներին և գրանցվել են ԱՀԿ-ի ցուցակում։ Դրանք տրամադրվում եմ միայն ընդունող պետությունների հետ համաձայնեցնելուց հետո: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է ՀՀ առողջապահության նախարարությանը` սառցային շղթաների համակարգի կարողությունների արդիականացման և առաջնագծում, առողջապահական ոլորտի աշխատողների՝ COVID-19 պատվաստանյութերի կիրառման վերապատրաստման գործընթացում:

Փոքրիկը ստանում է իր հերթական պատվաստումը։
UNICEF Armenia/2021/Margaryan

ՔՈՎԻԴ-19-ի համավարակային իրավիճակում մենք եղել ենք վարակի դեմ պայքարի առաջնագծերում՝ աջակցելով Հայաստանի Առողջապահության Նախարարությանը՝ բարձրացնել առողջապահական համակարգի կարողությունների մակարդակը: Դոնորների, ՄԶԳ-ի, Ասիական Զարգացման Բանկի, ԵՄ-ի և այլոց աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը առողջապահական հաստատություններին տրամադրել է մի շարք բժշկական սարքավորումներ` ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելման, ախտորոշման և բուժման համար, ինչպես նաև հիգիենայի պարագաներ՝ վարակի կանխարգելման համար: 2020 թ.-ին մենք աջակցել ենք երեխայի խնամքի և սնուցման, տնայցերի և իմունականխարգելման թեմաներով վերապատրաստումների մոդուլների մշակմանը, որոնք նախարարության կողմից հաստատվեցին որպես ազգային չափորոշիչներ: Հետևաբար, մենք վերապատրաստում ենք իրականացրել առողջապահության ոլորտի աշխատողների` մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկաբարձների համար

Մենք պատմական հնարավորություն ունենք ինչպես այս համավարակին վերջ դնելու, այնպես էլ կանխարգելելի հիվանդությունները վերացնելու համար: Սակայն, անհրաժեշտ է համախմբել ջանքերը, որպեսզի յուրաքանչյուր երեխա և համայնք ապահովվի պատվաստանյութերով և առողջապահական ծառայություններով՝ շարունակելով ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ: ՔՈՎԻԴ-19-ի էջը թերթելուց հետո մեր նպատակը պարզապես նախկին կենսակերպին վերադառնալը չպետք է լինի, այլ որ յուրաքանչյուր երեխայի իրապես հասանելի լինի առողջ ապրելու իր իրավունքը: