ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների մասին ևս 9 տարածված հարց և պատասխան
(հրապարակված Է 2021թ. հուլիսի 7-ին)
Հարցերի պատասխանները կգտնեք՝ սեղմելով աջում տեղադրված սլաքին:
ՀԱՐՑ 1. Ի՞նչ հեռավոր հետևանքներ կարող են լինել COVID-ից։
COVID-ով հիվանդանալուց հետո որոշ մարդկանց մոտ կարող են լինել տարբեր հեռավոր և երկարաժամկետ հետևանքներ՝ կապված տարբեր օրգան-համակարգերի հետ, օրինակ՝ սիրտ, թոքեր, որիկամներ, գլխուղեղ, մաշկ, աչքեր, մարսողական, օրգաններ։ Հաճախ հանդիպող ընդհանուր ախտանիշներից են թուլությունը, մշտական հոգնածությունը, գլխացավը, տենդը, մկանացավը, համի և հոտի կորուստը /լրիվ կամ մասնակի/։
Նյարդաբանական համակարգի կողմից կարող են դիտվել ճանաչողական խանգարումներ, մտածելու և կենտրոնացման դժվարություն, հիշողության վատթարացում կամ կորուստ, անքնություն, հավասրակշռության և խոսքի խանգարում, րբեմն՝ ցնցումներ: Հնարավոր են հոգեբանական և հոգեկան առողջության խնդիրներ, օրինակ՝ տրամադրության փոփոխություն, ընկճախտ /դեպրեսիա/, տագնապ, փսիխոզ և այլն։ COVID-ը կարող է առաջացնել սրտամկանի ախտահարում, երիկամների ախտահարում՝ ընդհուպ մինչև դիալիզի անհրաժեշտություն, շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի ախտահարում, տեսողության և լսողության խանգարումներ և այլն։
ՀԱՐՑ 2. Կարո՞ղ են պատվաստվել իմունային ընկճված համակարգ ունեցող մարդիկ։
Ընկճված իմունային համակարգ ունեցող կամ իմունաճնշիչ դեղորայք ստացող անձինք ունեն են ծանր COVID-ով հիվանդանալու բարձր ռիսկ։ Քանի որ COVID-19 պատվաստանյութերը չեն պարունակում կենդանի հարուցիչ, դրանք կարող են անվտանգ կիրառվել ընկճված իմունային համակարգ ունեցող անձանց շրջանում։
Չնայած ուսումնասիրությունները նման հատուկ խմբերի համար դեռ շարունակվում են, այդուհանդերձ, ըստ իմունաճնշված անձանց պատվաստումների ընդհաուր մոտեցումների COVID-19 ամբողջական պատվաստումը պետք է ավարտվի իմունաճնշիչ դեղորայքի ընդունումից նվազագույնը 2 շաբաթ առաջ։ Հարկավոր է խորհրդակցել բուժող բժշկի հետ պատվաստման նպատակահարմարությունը և ժամանակացույցը որոշելու համար
ՀԱՐՑ 3. Եթե ստանում եմ քիմիաթերապիա, ապա ինչքա՞ն ժամանակ անց կարող եմ պատվաստվել COVID-ի դեմ։
Քիմիաթերապիա ստացող անձինք ունեն են ծանր COVID-ով հիվանդանալու բարձր ռիսկ։ Տարբեր մասնագիտական միջազգային կառույցներ խորհուրդ են տալիս պատվաստման առաջնահերթություն տալ քաղցկեղով՝ ներառյալ ակտիվ բուժման փուլում գտնվող պացիենտներին: Քանի որ COVID-19 պատվաստանյութերը չեն պարունակում կենդանի վիրուս, դուք չեք կարող վարակվել այդ վիրուսով պատվաստման հետևանքով։
Այնուամենայնիվ, կան տարբեր գործոններ, օրինակ՝ տարիք, ախտորոշում, բուժում, որոնցից կախված պատվաստման ցուցոմները և ժամանակացույցը կարող են տարբերվել։ Այդ իսկ պատճառով հարկավոր է խորհրդակցել բուժող բժշկի հետ պատվաստման անհատական մոտեցումները պարզելու և որոշում կայացնելու համար։
ՀԱՐՑ 4. Եթե 1-ին դեղաչափից հետո հիվանդացել եմ COVID-ով, ապա կարիք կա՞ 2-րդ դեղաչափը ստանալու։
Անկախ COVID-ով հիվանդանալու հանգամանքից՝ պետք է ստանալ 2-րդ դեղաչափը։ Դեռևս հայտնի չէ, թե վարակման արդյունքում ձեռք բերված բնական պաշտպանությունը որքան ժամանակ է գործում։ Դուք կարող եք պատվաստվել վերջին անգամ COVID-19 ախտանիշներ ունենալուց 14 օր անց։
ՀԱՐՑ 5. Եթե 2-րդ դեղաչափի ստացման ժամկետն ուշացրել եմ, ապա որքա՞ն ուշ կարող եմ ստանալ այն, որպեսզի արդյունավետությունը պահպանվի։
Պատվաստումների միջև ընկած ժամանակահատվածը կախված է պատվաստանյութի տեսակից։ Յուրաքանչյուր պատվաստանյութի համար սահմանված է որոշակի ժամանակահատված, որ մասին Ձեզ կտեղեկացնեն առաջին դեղաչափն ստանալիս։ Հիմնականում միջպատվաստումային միջակայքը կազմում է 4-12 շաբաթ՝ կախված պատվաստանյոթից։ Այնուամենայնիվ, եթե ուշացրել եք 2-րդ դեղաչափը սահմանված ժամկետից /մի քանի օր կամ նույնիսկ մի քանի շաբաթ/, միևնույնն է, անհրաժեշտ է ստանալ 2-րդ դեղաչափը, և կարիք չկա վերսկսելու պատվաստման ողջ կուրսը։
Պատվաստանյութի առաջին դեղաչափը հանդիսանում է այն առաջնային հակածինը, որը ներկայացվում է իմունային համակարգին, իսկ 2-րդ դեղաչափը խթանում է իմունային համակարգի պատասխանը՝ հակամարմինների և բջջային իմունիտետի միջոցով։ Այդ պատասխանը շատ հզոր է, ունի նաև «հիշողություն», ինչի արդյունքում այդ հարուցչին կրկին հանդիպելիս արագ չեզոքցնում է վիրուսային հակածնին՝ կախելով վիրուսի հետագա զարգացումը։
ՀԱՐՑ 6. Եթե պետք է շտապ մեկնեմ արտերկիր, կարող եմ պատվաստանյութի 2-րդ դեղաչափը սահմանված ժամկետից շուտ ստանալ:
Խորհուրդ է տրվում պատվաստանյութի 2-րդ դեղաչափը ստանալ սահմանված ժամկետում։ Դուք չեք կարող ստանալ երկրորդ դեղաչափը սահմանված նվազագույն ժամկետից շուտ, քանի որ չկան գիտական տվյալներ վաղ կատարված 2-րդ դեղաչափի արդյունավետության վերաբերյալ։
ՀԱՐՑ 7. Եթե պատվաստվել եմ այլ հիվանդության դեմ ( օրինակ՝ գրիպ կամ հեպատիտ Բ), ե՞րբ կարող եմ պատվասվել COVID-ի դեմ։
Ներկայումս չկա հակացուցում՝ COVID-ի և այլ պատվաստանութերի միաժամանակյա կիրառման վերաբերյալ։ Հետևաբար կարող եք ստանալ COVID-ի պատվաստում՝ անկախ այլ պատվաստումների առկայությունից։
ՀԱՐՑ 8. Հետպատվաստումային շրջանում ի՞նչ ախտանշանների դեպքում լինել առավել ուշադիր և հրատապ դիպել բժշկի։
Ինչպես բելեր դեղամիջոցները, պատվաստանյութերը ևս կարող են ունենալ կողմնակի ազդեցություններ, որոնք այս դեպքում կոչվում են հետպատավստումային անբարեհաջող դեպքեր։ Դրանք հիմնականում թեթև են լինում և կարճ են տևում։ Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են ցավը և այտուցը պատվաստման տեղում, տենդը, սարսուռը, գլխացավը, հոդամկանացավը, որոնք հիիմնականում վկայում են իմունային համակարգի աշխատանքի մասին։ Այնուամենայնիվ, չափազանց հազվադեպ կարող են դիտվել նաև լուրջ կողմնակի երևույթներ։
Հարկավոր է դիմել բժշկի, եթե դուք ունեք հետևյալ ախտանիշները՝
- նոր, ուժեղ գլխացավ, որը չի անցնում կամ ուժգնանում է ցավազրկողների ընդունումից,
- տեսողության խանգարում,
- խոսքի խանգարում,
- սրտխառնոց և փսխում,
- նոր առաջացած անհասկանալի արյունազեղում, կապտուկ կամ արյունահոսություն,
- դժվարաշնչություն,
- կրծքավանդակում ցավ,
- ոտքերի այտուց,
- կայուն որովայնացավ։
Բացի վերը թվարկված ախտանիշներից, եթե ունեք Ձեզ անհանգստացնող կամ ժամանակի ընթացքում վատթարացող ախտանիշներ, ապա դիմեք բժշկի։
ՀԱՐՑ 9. Կարելի՞ է իմունային համակարգի հզորությունը գնահատել միայն արյան մեջ առկա հակամարմինների քանակով։
Ներկայումս հասանելի և գրանցված SARS-CoV-2 հակամարմինների որոծման թեստերը չպետք է օգտագործվեն իմունային պաշտպանվածության մակարդակը որոշելու համար, հատկապես՝ պատվաստումից հետո դրա արդյունավետությունը գնահատելու նպատակով։ Դեռևս չկան համապատասխան ուսումնասիրության արդյունքներ պատվաստման արդյունավետության և հակամարմինների դրական/բացասական արդյունքների միջև կապի մասին։ Հակամարմինների դրական թեստը կարող է վկայել COVID-ով նախկինում հիվանդացած լինելու մասին, բայց այն չի կարող հանդիսանալ պատվաստման արդյունավետության ցուցանիշ։
Կարևոր է իմանալ նաև, որ իմունային պաշտպանությունն ապահովում են ոչ միայն հակամարմինները այլ նաև բջջային իմունիտետը։ Այդ իսկ պատճառով միայն հակամարմինների արդյունքը չի կարող հանդիսանալ իմունային համակարգի հզորության և պատվաստման արդյունավետության ցուցիչ։