ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգությունը

Հետպատվաստումային ծանր կողմնակի ազդեցությունները

Մարիամ Ալիխանովա
Կինը ձեռքով ցույց է տալիս V՝ փաստելու որ պատվաստված է ՔՈՎԻԴ-19-ի դեմ:
UNICEF Armenia/2021/Galstyan
17 Մայիս 2022

Կարևոր է իմանալ

  • ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ։
  • Միլիոնավոր մարդիկ աշխարհով մեկ, այդ թվում՝ Հայաստանում, պատվաստվել են ՔՈՎԻԴ-19-ի դեմ և վերահսկվել։
  • Կարևոր է պատվաստվել ՔՈՎԻԴ-19-ի դեմ և ստանալ խթանիչ չափաբաժինը որքան հնարավոր է շուտ՝ հետևելով ՀՀ առողջապահության նախարարության հաստատած ժամանակացույցին։
  • ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման օգուտները գերազանցում են հավանական ռիսկերը։

Միլիոնավոր մարդիկ ապահով պատվաստվել են ՔՈՎԻԴ-19-ի դեմ

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր աշխարհում կատարվել է ավելի քան 11 միլիարդ պատվաստում, այդ թվում՝ ավելի քան 2,1 միլիոն Հայաստանում 2021 թվականի ապրիլի 13-ից։

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ։ Այս պատվաստանյութերը ենթարկվել են հազարավոր կլինիկական փորձարկումների տասնյակ հազարավոր մասնակիցների շրջանում: Պատվաստանյութերը համապատասխանում են ԱՀԿ-ի, ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչության (FDA) և անվտանգության, արդյունավետության ու արտադրման որակի այլ խիստ գիտական չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն ստանալու համար։

ԱՀԿ-ից արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն ստացած ՔՈՎԻԴ-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերը շարունակելու են ենթարկվել անվտանգության ինտենսիվ մշտադիտարկման։ Սա ներառում է ինչպես հաստատված, այնպես էլ անվտանգության մշտադիտարկման նոր համակարգերի օգտագործումը՝ համոզվելու համար, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են:

Առավել հաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունները

Որոշ մարդիկ կողմնակի ազդեցություններ չեն նկատում որևէ տեսակի պատվաստումից հետո։ Մյուսները կարող են նկատել այնպիսի կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են գլխացավը, հոգնածությունը և ցավը ներարկման տեղում։ Այս կողմնակի ազդեցությունները մեղմ են և սովորաբար անցնում են մի քանի օրվա ընթացքում։ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների կողմնակի ազդեցությունների մասին ավելին կարդացե՛ք այստեղ։  

Ծանր կողմնակի ազդեցությունները հազվադեպ են

Շատ հազվադեպ ՔՈՎԻԴ-19-ի դեմ կամ այլ տեսակի պատվաստումից հետո կարող են գրանցվել առողջության լուրջ խնդիրներ։ Պատվաստումից հետո գրանցված առողջության ցանկացած խնդիր դիտարկվում է որպես անբարենպաստ դեպք։ Անբարենպաստ դեպքը կարող է առաջանալ պատվաստման կամ պատահական իրադարձության հետևանքով, որը կապված չէ պատվաստման հետ, օրինակ՝ կողմնակի ջերմությունից, որն առաջացել է պատվաստումից հետո: Բժշկական բոլոր արտադրանքները, այդ թվում՝ առօրյայում օգտագործվող դեղամիջոցները, ինչպիսիք են, օրինակ, պարացետամոլը և իբուպրոֆենը, անցել են անվտանգության ստուգումներ, սակայն կարող են ունենալ անսպասելի կողմնակի ազդեցություններ։ Նույնը վերաբերում է նաև ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերին։

Մինչ այժմ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումից հետո գրանցվել են հետևյալ ծանր կողմնակի ազդեցությունները․

Անաֆիլաքսիա

Անաֆիլաքսիան ծանր ալերգիկ ռեակցիա է, որը կարող է առաջանալ ցանկացած տեսակի պատվաստումից հետո և դրսևորվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են շնչահեղձությունը, դժվարացած շնչառությունը, արյան ցածր ճնշումը, լեզվի կամ բերանի նշանակալի այտուցվածությունը։ Անաֆիլաքսիան ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումից հետո հազվադեպ է գրանցվում։ ԱՄՆ հետազոտությունների համաձայն՝ անաֆիլաքսիա գրանցվել է 1 միլիոն պատվաստումներից 5-ի դեպքում: Հայաստանում անաֆիլաքսիա գրանցվել է մեկ միլիոն պատվաստումից 3․2-ի դեպքում (իրականացվել է 2 183 124 պատվաստում, անաֆիլաքսիա գրանցվել է 7-ի դեպքում)։ Եթե նման բան տեղի է ունենում, բուժաշխատողը կարող է անմիջապես և արդյունավետորեն արձագանքել խնդրին։ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հետևանքով առաջացած ալերգիկ ռեակցիաների մասին ավելին կարող եք կարդալ այստեղ։

Թրոմբոզ

Թրոմբոզը հազվադեպ, բայց ծանր կողմնակի ազդեցություն է, որի հետևանքով առաջանում են արյան մակարդուկներ կամ մակարդման խնդիրներ խոշոր արյունատար անոթներում և թրոմբոցիտների քանակի անկում (արյան բջիջներ, որոնք մասնակցում են արյան մակարդման գործընթացին)։ Թրոմբոզը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումից հետո հազվադեպ է գրանցվում։ ԱՄՆ հետազոտությունների համաձայն՝ թրոմբոզ գրանցվել է 1 միլիոն պատվաստումից 4-ի դեպքում։ Հայաստանում 2 միլիոնից ավելի պատվաստումից թրոմբոզ գրանցվել է միայն 1-ի դեպքում։ Թրոմբոզի մասին համաշխարհային զեկույցները վկայում են թրոմբոզի և ՔՈՎԻԴ-19-ի դեմ որոշ տեսակի պատվաստանյութերի միջև պատճառահետևանքային կապի մասին։   

Այդուհանդերձ, ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով թրոմբոզի առաջացման վտանգն ավելի մեծ է, քան ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումից։

Եթե պատվաստումից հետո 30 օրվա ընթացքում նկատվում է հետևյալ ախտանշաններից որևէ մեկը, անհապաղ դիմե՛ք բժշկի.

  • սաստիկ գլխացավ կամ մշուշոտ տեսողություն,
  • կրծքավանդակի կամ որովայնի ցավ,
  • փսխում,
  • ոտքերի այտուցվածություն կամ մաշկի վրա արտասովոր կապտուկներ,
  • դժվարացած շնչառություն։

Միոկարդիտ և պերիկարդիտ

Միոկարդիտը սրտամկանի բորբոքում է, իսկ պերիկարդիտը սիրտը շրջապատող ֆիբրոզ թաղանթի բորբոքումն է։ Միոկարդիտի և պերիկարդիտի դեպքերի մեծ մասը գրանցվել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ մՌՆԹ պատվաստանյութերով պատվաստվելուց հետո, մասնավորապես դեռահաս տղաների և երիտասարդ տղամարդկանց շրջանում։ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումից հետո գրանցված միոկարդիտ կամ պերիկարդիտ ունեցող հիվանդների մեծ մասը լավ է արձագանքել բուժմանն ու հանգստին և արագ ապաքինվել է։ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումից հետո միոկարդիտը կամ պերիկարդիտը հազվադեպ է լինում։ Հայաստանում պատվաստումից հետո միոկարդիտի կամ պերիկարդիտի դեպք չի գրանցվել։   

ՔՈՎԻԴ-19-ի դեմ մՌՆԹ պատվաստանյութերով պատվաստումից հետո գրանցված միոկարդիտի և պերիկարդիտի դեպքերը նկարագրվում են հետևյալ ախտանշաններով.

  • կրծքավանդակի նոր և շարունակական ցավ,
  • շնչահեղձություն,
  • սրտի արագացած զարկ։

Եթե պատվաստումից մի քանի օր անց նկատեք այս ախտանշաններից որևէ մեկը, անհապաղ դիմե՛ք բժշկի։

Գիյեն-Բարեի համախտանիշ (ԳԲՀ)

Գիյեն-Բարեի համախտանիշը (ԳԲՀ) հազվադեպ հիվանդություն է, որի ժամանակ մարմնի իմունային համակարգն անսպասելիորեն հարձակվում է ողնուղեղից ելնող նյարդերի վրա՝ առաջացնելով մկանային թուլություն և երբեմն կաթված: ԳԲՀ-ն կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, սակայն 50-ից բարձր տարիքի մարդիկ ավելի մեծ վտանգի տակ են։ Հիվանդների մեծ մասը լիարժեք ապաքինվում է։ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումից հետո ԳԲՀ-ն հազվադեպ է լինում։ Հայաստանում պատվաստման հետևանքով ԳԲՀ չի գրանցվել։

Աշխարհում ՔՈՎԻԴ-19-ի դեմ որոշ պատվաստանյութերով պատվաստումից հետո գրանցվել են Գիյեն-Բարեի համախտանիշով հազվագյուտ դեպքեր։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք այդ դեպքերն առնչություն ունեն պատվաստանյութերի հետ։ Գիյեն-Բարեի համախտանիշը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում՝ հենց ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով։  

Եթե պատվաստումից հետո 42 օրվա ընթացքում նկատվի հետևյալ ախտանշաններից որևէ մեկը, անհապաղ դիմե՛ք բժիշկի․

  • թուլություն կամ ծակծկոց,
  • կրկնակի տեսողություն,
  • շնչառության, խոսելու, ծամելու կամ կուլ տալու դժվարություններ,
  • քայլելու դժվարություն,
  • միզապարկի կամ աղիքների աշխատանքի նկատմամբ վերահսկողության կորուստ։

Մահվան դեպքերը հազվադեպ են

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումից հետո մահվան դեպքերը հազվադեպ են։ Պատվաստումից հետո առողջության լուրջ խնդիրները, այդ թվում՝ մահերը, պարտադիր չէ, որ լինեն դրա հետևանքով։ Հայաստանում պատվաստումից հետո արձանագրված մահվան դեպքերը պատճառահետևանքային կապ չեն ունեցել պատվաստման հետ:

Պատվաստման օգուտները գերազանցում են հնարավոր ռիսկերը

Լուրջ կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են առողջության երկարաժամկետ խնդիրներ առաջացնել, չափազանց հազվադեպ են ցանկացած պատվաստումից՝ ներառյալ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումից հետո: Բացի այդ՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման օգուտները գերազանցում են հայտնի և հնարավոր ռիսկերը։

 


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: