ՔՈՎԻԴ-19․ հետպատվաստումային ալերգիկ ռեակցիաներ
Ինչ անել, եթե ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելուց հետո ունեք ծանր ալերգիկ ռեակցիա:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Ցանկացած տեսակի պատվաստանյութի նկատմամբ ծանր ալերգիկ ռեակցիաները հազվադեպ են, բայց դրանք կարող են առաջանալ: Եթե ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելուց հետո հետո նկատել եք հետպատվաստումային ծանր ալերգիկ ռեակցիա, անհապաղ դիմե՛ք բժշկական օգնության՝ զանգահարելով 1-03։
Ծանր ալերգիկ ռեակցիայի հետևանքով կարող է առաջանալ․
- դժվարացած կամ ծանրացած շնչառություն,
- արյան ճնշման անկում,
- լեզվի կամ կոկորդի այտուցվածություն,
- ընդհանրացված ցան, այդ թվում՝ լորձաթաղանթների վրա։
Եթե նկատվել է ծանր ալերգիկ ռեակցիա ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութից
Ալերգիկ ծանր ռեակցիայի դեպքում հիվանդը պետք է բուժում ստանա էպինեֆրին դեղամիջոցով կամ հիվանդանոցում։ Բժշկական տերմինաբանությամբ ծանր ալերգիկ ռեակցիան կոչվում է անաֆիլաքսիա։ Անաֆիլաքսիա կարող է առաջանալ ցանկացած տեսակի պատվաստումից հետո։ Եթե պատվաստումից հետո առաջանում է անաֆիլաքսիա, բուժաշխատողը կարող է անմիջապես արդյունավետորեն կանխել այն։
Եթե առաջացել է ծանր ալերգիկ ռեակցիա ՔՈՎԻԴ-19-ի դեմ որևէ տեսակի պատվաստանյութով պատվաստվելուց հետո (մՌՆԹ կամ վիրուսային վեկտոր), ապա երկրորդ դեղաչափը նույն տեսակի պատվաստանյութով չպետք է ստանաք։
Եթե դուք ունեցել եք անհապաղ տեսակի ալերգիկ ռեակցիա այլ պատվաստանյութերի կամ ներարկումների նկատմամբ
Անհապաղ տեսակի ալերգիկ ռեակցիան լինում է պատվաստումից հետո 4 ժամվա ընթացքում և կարող է դրսևորվել այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են ցանը, այտուցվածությունը, դժվարացած շնչառությունը։
Եթե դուք անհապաղ տեսակի ալերգիկ ռեակցիա եք ունեցել որևէ այլ պատվաստանյութից կամ ներարկումից, դուք դեռևս կարող եք պատվաստվել ՔՈՎԻԴ-19-ի դեմ: Ձեր բժիշկը կարող է ուղղորդել ձեզ ալերգոլոգի և իմունոլոգի մոտ՝ լրացուցիչ խնամքի կամ խորհրդատվության համար:
Եթե ունեցել եք ոչ ծանր ալերգիկ ռեակցիա ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի նկատմամբ
Եթե դուք ունեցել եք անհապաղ տեսակի ալերգիկ ռեակցիա (այն սկսվում է պատվաստումից հետո 4 ժամվա ընթացքում) ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի նկատմամբ, սակայն բժիշկը այն ծանր չի գնահատել, դուք, հավանաբար, կկարողանաք ստանալ նույն պատվաստանյութի հաջորդ չափաբաժինը՝ որոշակի նախապայմաններով։ Օրինակ, որպես նախազգուշական միջոց, ձեր բժիշկը կարող է առաջարկել ձեզ մնալ բժշկական հաստատությունում անհրաժեշտ 15 րոպեից ավելի: Բժիշկը կարող է նաև ուղղորդել ձեզ ալերգոլոգի և իմունոլոգի մոտ՝ լրացուցիչ խնամքի կամ խորհրդատվության համար, կամ առաջարկել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի հաջորդ չափաբաժինը ստանալ այլ տեսակի պատվաստանյութով:
Եթե ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի ներարկումից հետո թևի վրա ունեցել եք ցան
Եթե ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման տեղում ունեցել եք կարմիր, քոր առաջացնող, այտուցված կամ ցավոտ ցան, պետք է ստանաք պատվաստանյութի հաջորդ չափաբաժինը՝ պահպանելով անհրաժեշտ տևողության ընդմիջումը: Սա վերաբերում է երկրորդ, լրացուցիչ կամ խթանիչ չափաբաժիններին։ Ցանը կարող է առաջանալ պատվաստումից մի քանի օր կամ մեկ շաբաթ անց և երբեմն կարող է բավական տարածվել: Այս ցանը հայտնի է նաև «ՔՈՎԻԴ թև» անվանումով։ Տեղյա՛կ պահեք բժշկին, որ պատվաստումից հետո ունեցել եք ցան կամ «ՔՈՎԻԴ թև»։ Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ հնարավորության դեպքում պատվաստման հաջորդ չափաբաժինը ստանաք մյուս թևից։
Եթե ցանը քոր է առաջացնում, կարելի է հակահիստամինային դեղամիջոց ընդունել։ Եթե ցանը ցավոտ է, կարելի է ընդունել ցավազրկող՝ պարացետամոլ կամ իբուպրոֆեն։
Հիշե՛ք, որ գործում են պաշտպանիչ միջոցառումներ
1. ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվող ցանկացած մարդ պատվաստումից հետո պետք է առնվազն 15 րոպե մնա բժշկական հաստատությունում՝ վերահսկողության համար։ Պացիենտը պետք է մնա վերահսկողության համար 30 րոպե, եթե․
- ցանկացած պատճառով ունեցել է ծանր ալերգիկ ռեակցիա՝ անաֆիլաքսիա։
- որևէ այլ պատվաստանյութից կամ ներարկումից ունեցել է ցանկացած տեսակի անհապաղ ռեակցիա (պատվաստումից հետո 4 ժամվա ընթացքում)։
- ունեցել եք ծանր ալերգիկ ռեակցիա ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի որևէ տեսակի նկատմամբ (օրինակ՝ մՌՆԹ պատվաստանյութի նկատմամբ) և հաջորդ չափաբաժինը ստանում եք այլ տեսակի պատվաստանյութով (օրինակ՝ վիրուսային վեկտոր)։ Այս պատվաստումը պետք է իրականացվի միայն բժշկական հաստատությունում։
- ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի որևէ տեսակի նախորդ չափաբաժնի նկատմամբ ունեցել եք անհապաղ տեսակի ալերգիկ ռեակցիա (պատվաստումից հետո 4 ժամվա ընթացքում), որը ծանր չի գնահատվել։ Այս պատվաստումը պետք է իրականացվի միայն բժշկական հաստատությունում։
2. ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումն իրականացնող ցանկացած հաստատություն պետք է ունենա համապատասխան անձնակազմ, դեղորայք և սարքավորումներ, ինչպիսիք են՝ էպինեֆրին, հակահիստամինային դեղամիջոցներ, արյան ճնշման սարքավորում, օքսիոմետր՝ սրտի զարկերը հաշվելու համար։
3. Եթե ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելուց հետո դիտվել է ծանր ալերգիկ ռեակցիա, պատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում ձեզ կարող են համապատասխան արագ բժշկական օգնություն ցուցաբերել։ Այդ պարագայում հարկավոր է մնալ բժշկական հաստատությունում առնվազն մի քանի ժամ՝ վերահսկողության համար։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: